Բաժիններ՝

Փաշինյանի իշխանությունը ձախողում է նաև ասֆալտապատման աշխատանքները. ՔՊ-ական պատգամավորը փոխանցեց բնակիչների դժգոհությունները

Մինչ Նիկոլ Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչները տաբեր առիթներով հայտարարում են, թե Հայաստանում իրենց իշխանության տարիներին իրականացվել են ճանապարհների աննախադեպ ասֆալտապատման աշխատանքներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանն այսօր ԱԺ-ում բողոքեց, որ արդեն տևական ժամանակ է, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Բաբաջանյան փողոցի բնակիչները բողոքում են, որ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, քանի տարի է, չեն կարողանում ավարտել։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իշխանական պատգամավորը հարց ուղղեց Տարածքային կառավարման փոխնախարար  Քրիստինե Ղալեչյանին, թե Հյուսիս-Հարավի հետ կապված, մասնավորապես, Երևանում աշխատանքների դանդաղեցման առումով կրելո՞ւ են տույժ-տուգանքներ՝ Ասիական բանկի ֆինանսավորման առումով։

«Եթե նման բան կա, խնդրում եմ տեղեկացնեք, թե ինչ չափի տուգանքի մասին է խոսքը։ Այնտեղ հատվածներ կան, հատուցումների անհամաձայնության պատճառով տույժ-տուգանքները, ենթադրում եմ, կարող է ավելի շատ լինել, քան հատուցումը, որ կարող էր լինել, ինչի պատճառով նաև շինարարական աշխատանքներն են դանդաղում։

Նաև խնդրում եմ, եթե տեղեկություններ ունեք, այս պահին պատասխանեք, եթե չէ՝ հետո գրավոր պատասխանեք՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցի շինարարական աշխատանքների հետ կապված՝ ինչը Երևանում մեծ ու լուրջ խնդիր է առաջացնում։ Մի քանի տարի է՝ բնակիչները հարցնում են, թե ինչ եղավ այդ ճանապարհը։ Այնտեղ մինչև ճանապարհաշինարարական աշխատանքներ սկսելը, չեն մտածել, որ լինի այլընտրանքային ճանապարհ, ինչը շատ վատ է՝ իմ գնահատականով։ Սովորաբար պետք է այլընտրանք լինի, հատկապես, որ խոսքը վերաբերում է մեծ ու լայն ճանապարհին։ Այդ ամենը խցանումներ է առաջացնում, ժամկետների հետ կապված, խնդրում եմ, ինձ ներկայացրեք, թե Բաբաջանյան փողոցի այդ հատվածում աշխատանքները երբ կավարտվեն»,- շեշտեց Էդգար Հակոբյանը։

Պատասխանելով, Քրիստինե Ղալեչյանն ասաց, որ վարկային պայմանագրերով տուգանքների վերաբերյալ պայմաններ չկան, այսինքն՝ Հայաստանը տուգանքներ չի վճարում։

Ինչ վերաբերում է Բաբաջանյան փողոցի շինաշխատանքներին, փոխնախարարն ասաց, որ այդ բողոքներից տեղյակ են, հետամուտ կլինեն խնդրի լուծմանը։

Տեսանյութեր

Լրահոս