
«Հիմա ճանապարհը կառուցում եք Ադրբեջանին հանձնելո՞ւ, թե՞ քաղաքացուն ծառայելու համար». Էդգար Ղազարյան
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր ԱԺ-ում ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանից հետաքրքրվեց՝ տեղյակ չե՞ն, որ ձմռանը հնարավոր է՝ ձյուն գա։ Մանրամասնելով՝ Էդգար Ղազարյանն ասաց, որ նախորդ տարի Կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ պարտադիր պայման է, որ ձմռանը պետք է վարորդները երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
«Դուք ի՞նչ ձևով եք ապահովել այդ որոշման իրականացումը, հատկապես հանրային սուբյեկտների կողմից, մասնավորապես Երևանի տրանսպորտի կողմից։ Փետրվարին Երևանում ընդամենը մեկ օր ձյուն եկավ և երթևեկությունը պարալիզացվեց, ավտոբուսները կանգնեցին, որովհետև Երևանի քաղաքապետարանը չէր փոխել անվադողերը։ Օրինակ, որոշումներ կայացնելիս նախնական քննարկո՞ւմ եք, թե՞ տեղյակ չեք, որ ձմռանը հնարավոր է՝ ձյուն գա»,- նշեց Էդգար Ղազարյանը։
Նրա երկրորդ հարցը ՏԿԵ փոխնախարարին՝ վերաբերում էր ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին։
«Դուք ներկայացնում եք մի Կառավարություն, որի գործողությունների հետևանքով թշնամուն են հանձնվել կիլոմետրերով ճանապարհներ։ Կարո՞ղ եք ներկայացնել վիճակագրություն, թե ձեր կառավարման շրջանում՝ 2020 թվականից հետո, քանի՞ կիլոմետր ու ի՞նչ նշանակության ճանապարհներ են հանձնվել թշնամուն։
Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի օգոստոսից պարբերաբար հայտարարում է, որ համաձայն Ադրբեջանի գործող սահմանադրության՝ Հայաստանի ներկա տարածքի «60-70 տոկոսն ունի ադրբեջանական պատկանելություն», հիմա դուք ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս դա հաշվի առնո՞ւմ եք, այսինքն՝ դուք ճանապարհներ կառուցում եք Ադրբեջանին հանձնելո՞ւ, թե՞ մեր քաղաքացիներին ծառայություն մատուցելու համար»,- հարցրեց Է. Ղազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում