Ուղեղային մորմոք, լեզվի հիվանդություն․․․

Հայկական ծագում ունեցող ու երեք հազար տարի հայկական մնացած Արցախը ճզմվեց երեք տարում, հայաթափվեց երեք օրում, իսկ ևս երեք շաբաթվա ընթացքում Հայաստանում կյանքը վերադարձավ բնականոն հուն ու շարունակվում է այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել։

Կենացների մակարդակում միքանիհազարամյա ծագմամբ հպարտացող հայ հասարակությունն ընդամենը երեք շաբաթում մոռացավ երեքհազարամյա հայկականության ոչնչացման ողբերգությունը։

Մոռացավ՝ ուրանալո՞վ, թե՞ ուրացավ՝ մոռանալով, կպարզեն ապագայի հետազոտողները, ոչ միայն պատմագիրներն ու հասարակագետները, այլ, որ ավելի կարևոր է՝ գենետիկայի մասնագետներն ու հոգեբանները։ Հատկապես վերջինները կարող են փորձել գիտականորեն բացատրել համազգային ողբերգությունից հրճվանքի հասնող համազգային ղալմաղալի դրդապատճառները։

Անդառնալի կորուստներից հետո առողջ մարդկանց համարժեք վարքագիծն առնվազն լռությունն է։ Հարազատի թաղումից հետո գյալաջի անելը ոչ միայն մարդավարի չէ, այլև մատնում է հարազատից ազատված զգալու բերկրանքը։ Այդպիսի բերկրանքով էր համազգային աղետների առնվազն համահեղինակն անհաշվելի ժամեր նախօրեին խոսում ամեն ինչի մասին՝ հաջողացնելով չարտահայտել որևէ իմաստ։

Կարդացեք նաև

Այդ անիմաստ մենախոսության միակ իմաստն ու խորհուրդն այն էր, որ նրա ղեկավարած պետությունը, ինչպես և իր մոնոլոգը, միաժամանակ ամեն ինչի մասին է՝ իրականում ոչնչի։

Իսկ ուղերձն այն էր, որ Արցախի հարցն այլևս լուծված համարելով՝ կարելի է մտածել այլ՝ կենցաղային, սոցիալական ու մնացած բոլոր բնույթների խնդիրների մասին։
Արցախում ու Արցախի հետ տեղի ունեցած ողբերգության խորությունն ամբողջապես գիտակցելու համար անհրաժեշտ է նախ՝ լռություն, խորը, երկարատև լռություն՝ ինչպես անհատական, այնպես էլ՝ հավաքական, համահանրային մակարդակում։ Կա գոնե տեսական հնարավորություն, որ այդ լռությունն ու դրա միջոցով գիտակցելիքը հասարակությանը սթափվելու ու գալիք աղետները կանխելու շանս կտա։

Բայց այդ անգամ տեսական շանսը, որը կարող է նույնական դառնալ հայկական պետականության փրկության շանսի հետ, սարսափեցնում են գերագույն գլխավոր շաղակրատին, դրա համար էլ նա հանրային ունկն ու միտքը զբաղեցնում է ղալմաղալով, դատարկաբանությամբ, որովհետև լռության մեջ հանրությունը՝ սարսափելով սեփական չգիտակցված ողբերգության խորությունից, կարող է փնտրել ու գտնել մեղավորին ու գտնելով՝ մտածել պատժելու մասին, ու մտածելով՝ պատիժն ի կատար ածել։

Դրանից փրկվելու համար ահա ստորագույն գլխավորն աղմկում է այնքան ու այնպես, որ հանկարծ մարդիկ լռության մեջ չսգան ցավը ու սգալուց հետո չփորձեն հետևություններ անել ու հետևություններ անելով՝ չփորձեն մտածել պետությունը փրկելու մասին։

Պետության ու սեփական անձի փրկության փոխբացառելի երկընտրանքում նա ընտրել է վերջինը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս