
Նեթանյահու․ Իսրայելը համագործակցում է Թրամփի վարչակազմի հետ՝ Գազայի վերաբերյալ ամերիկյան ծրագրի շուրջ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը ներկայումս համագործակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ Գազայի պատերազմը դադարեցնելու 21 կետից բաղկացած ամերիկյան ծրագրի իրականացման ուղղությամբ։
«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», – ասել է Նեթանյահուն՝ պատասխանելով ծրագրին վերաբերող հարցին՝ Թրամփի հետ Սպիտակ տանը նախատեսված հանդիպումից մեկ օր առաջ։ «Այն դեռ ավարտված չէ, բայց մենք աշխատում ենք նախագահ Թրամփի թիմի հետ՝ հենց այս պահին, երբ խոսում ենք»։
«Հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի, որովհետև մենք ուզում ենք ազատել մեր պատանդներին, վերջ տալ ՀԱՄԱՍ-ի իշխանությանը, զինաթափել նրանց, ապառազմականացնել Գազան և կառուցել նոր ապագա՝ ինչպես Գազայի բնակիչների, այնպես էլ իսրայելցիների և ողջ տարածաշրջանի համար», ասել է Նեթանյահուն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր Մերձավոր Արևելքում «մեծ ձեռքբերում ունենալու իրական հնարավորության» մասին։