Բաժիններ՝

Խուլիգանություն՝ Աղավնավանքում

Նոյեմբերի 12-ի երեկոյան ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվեց հաղորդում, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի գինետան մոտ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վեճ ու ծեծկռտուք, նույնիսկ կրակոց է հնչել:

Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 4 հոդվածի հատկանիշներով` ֆիզիկական ներգործություն, գույքը ոչնչացնելը կամ վնասելը, զենքի գործադրմամբ խուլիգանություն և հրազեն ապօրինի կրելը:

Իրականացվեցին անհետաձգելի գործողություններ. դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին երկու պարկուճ, արնանման հետքերով անձեռոցիկ, այլ նմուշներ: Նշանակվեցին փորձաքննություններ, այդ թվում` դատաբժշկական: Դեպքի վայրում եղած վնասված մեքենաները տեղափոխվեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք, հարցաքննվեցին վկաներ, նաև` տուժող ճանաչված երկու անձ՝ երկուսն էլ տեղի բնակիչ: Միաժամանակ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Ի վերջո, սկսեցին ուրվագծվել միջադեպի մանրամասները: Ըստ նախնական տվյալների` հյուրատան մոտ անօդաչու սարք կամ, այլ կերպ ասած` դռոն թռցնելու հարցի շուրջ վիճաբանությունը ծագել էր Աղավնավանքի 24-ամյա բնակչի և գինետան 37-ամյա սեփականատիրոջ միջև: Այնուհետև միջամտել են մի կողմից՝ Աղավնավանքի 51-ամյա մի բնակիչ, մյուս կողմից` հանրապետության տարբեր տարածքների 28-ից 37 տարեկան յոթ բնակիչ: Վանաձորի, Երևանի Ջրվեժ բանավանի, Ձորաղբյուրի և Փարաքարի 7 բնակիչ ձերբակալվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Դիլիջանի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկության համաձայն` հրազենի գործադրմամբ խուլիգանությունը կատարել էր 28-ամյա մի երիտասարդ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Բացահայտումն ամբողջացնելու նպատակով քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս