ՊՆ-ն նախնական կո՞ղմ է 15 միլիոն դրամով ծառայությունից ազատվելու նախագծին. Պաշտոնական տնտեսակետ դեռ չկա

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն օրինագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է հնարավորություն տալ 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

Առաջարկվող կետերն են՝

1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,
3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դրամ,
4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դրամ,
5) զինվորական ծառայության փոխարեն՝ վճարել 15 մլն դրամ:

Այսօր ԱԺ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ իշխանական պատգամավորն ասել է, որ գործող կարգավորումներով 27 տարին լրացած քաղաքացիները չեն կարող ծառայել բանակում:

Կարդացեք նաև

«Նրանք ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման՝ մինչև 5 տարի ժամկետով։ Այս նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին տալ հնարավորություն չդատապարտվելու, ծառայելու կամ գումար վճարելու դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից»,- նշել է Հայկ Սարգսյանը։

Դիտարկմանը, թե սա հարուստների համար մշակված նախագիծ է, Հայկ Սարգսյանն արձագանքել է, որ մեր օրենքներով արական սեռի բոլոր քաղաքացիները, եթե օրենքով սահմանված դեպքերով չեն ազատվում ծառայելու պարտավորությունից, պարտավոր են ծառայել բանակում:

«Ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք երկիրը լքել են մանուկ հասակում՝ իրենց ընտանիքների հետ: 27 տարին լրանալուց հետո նրանք հայտնաբերում են, որ գտնվում են հետախուզման մեջ, և որևէ կերպ չեն կարողանում լուծել իրենց հետախուզման մեջ գտնվելու հարցը: Անգամ մեծ ցանկության դեպքում, եթե նրանք ցանկանան ծառայել ու ազատվել քրեական պատասխանատվությունից, չեն կարող: Նախագիծը հնարավորություն է տալիս նրանց ծառայելու: Եթե 27 տարին լրացած չծառայած և հետախուզման մեջ գտնվող անձինք չունեն գումար վճարելու և չծառայելու, նրանք ուղղակի կարող են գալ ծառայել, ինչպես մեր մյուս քաղաքացիները: Այսինքն, նրանց համար վատթարացնող պայման չի առաջարկվում: Նրանց համար լավարկվում են պայմանները, նրանք հնարավորություն են ստանում ծառայելու, ինչն այսօր չունեն»:

Արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է իր դիրքորոշումն այս նախագծի վերաբերյալ, իշխանական պատգամավորը նշել է, որ նախնական քննարկումների արդյունքում Պաշտպանության նախարարությունը կողմ է արտահայտվել նախագծին, «սակայն ՊՆ-ի պաշտոնական կարծիքը և առաջարկները դեռևս չեն ստացվել»:

Հայկ Սարգսյանի պնդմամբ, ժամկետային զինծառայողների թվաքանակը տարեցտարի նվազել է:

«Առնվազն վերջին 15 տարվա ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով զորակոչիկ, ժամկետային զինծառայող, քան նախորդ տարի: 2010 թվականին 44 հազար ժամկետային զինծառայող է եղել ՀՀ-ում, սակայն 9 տարվա ընթացքում մոտ 44 տոկոսով նվազել է այդ թիվը»,- մանրամասնել նա՝ նշելով, որ իր ներկայացրած նախագիծը կնպաստի, որ ավելի քիչ թվով մարդ խուսափի ծառայությունից:

Հայկ Սարգսյանը կարևոր է համարել 1 ամիս ժամկետով զինվորական ծառայության դիմաց 10 մլն դրամ վճարելը, և շարունակում է, ըստ էության, մնալ այն կարծիքին, որ այդքան ժամանակահատվածում հնարավոր է լինելու ծանոթանալ բանակում ծառայելու կանոններին, տիրապետել զենքի կիրառմանը, հետո մասնակցել զորահավաքներին:

Ինչպես նշել է ՔՊ-ական պատգամավորը, այս պահի դրությամբ, 5000-ից ավելի քաղաքացի հետախուզվում է զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր.

«Անիմաստ եմ համարում այս հարցին անդրադառնալը, քանի որ առնվազն ինձ համար այդ բարոյազուրկ օրենսդրական նախաձեռնությունն անընդունելի է: Բարոյազուրկ՝ այն տեսանկյունից, որ նման առաջարկը ներկայացվում է Արցախի և ՀՀ-ի անվտանգության ապահովման համար հազարավոր կորուստներից հետո:

Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից խուսափելը պետական իշխանության կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ են, որոնց համար սահմանված է 2 տարուց սկսած ազատազրկման ձևով պատիժ, իսկ որոշ դեպքերում առավելագույն պատիժը կարող է հասնել մինչև 12 տարի:

Քրեական օրենսգրքով վերոհիշյալ` կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլուխը նախատեսում է մոտ 20 հոդված:

Եթե առաջնորդվում ենք նման տրամաբանությամբ, ապա ինչո՞ւ չի առաջարկվում այդ հոդվածներով բոլոր քրեական գործերը կարճել կամ վարույթները դադարեցնել 15 մլն դրամի դիմաց: Իսկ լավագույն տարբերակը, կարծում եմ, կլիներ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված համընդհանուր համաներման գործիքակազմի կիրառումը»:

Իսկ խորհրդարանական ընդդիմությունն այս պահի դրությամբ ձեռնպահ դիրքորոշում է որդեգրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս