Օնիկ Գասպարյանի սառը հաշվարկը և նախազգուշացումները՝ ՀՀ քաղաքական ղեկավարությանը

Օրեր առաջ 44-օրյա պատերազմը դադարեցնելու 3-րդ տարին էր՝ կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությամբ, թեպետ այն զուտ զինադադարի համար էր: Դեռևս շարունակում ենք կրել 2020թ. նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարության հետևանքները, Ադրբեջանը շարունակում է Հայաստանին պահանջներ ներկայացնել և մեղադրել տարբեր պայմանավորվածությունների չկատարման համար, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված՝ հղում անելով հենց այս հայտարարությանը:

Ըստ այդմ, հարկ ենք համարում ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի 2020թ. նոյեմբերի 17-ի ուղերձի  հատկապես հետևյալ հատվածի վրա, որում ասվում էր.

«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում»:

Կարդացեք նաև

Այնուհետև գեներալ Օնիկ Գասպարյանն իր ուղերձ-հայտարարության մեջ շարունակել էր.

«Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները`փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ»:

Չնայած պատերազմի առաջին օրն ունեցած մեր մարդկային, ռազմատեխնիկական և տարածքային որոշակի կորուստներին, Օնիկ Գասպարյանի այս առաջարկի հիմքում, ըստ էության, առաջին հերթին հաշվի է առնվել աշխարհաքաղաքական իրավիճակը, մեր նկատմամբ դաշնակիցների և գործընկերների տրամադրվածությունը և մեր դիվանագիտական կարողությունները:

Այսինքն, ԳՇ պետը զգուշացրել է՝ ամեն մեկ օրն աշխատելու է ի վնաս բանակցային գործընթացի: Բանակը 44 օր շարունակ կարողացել է լավ կամ վատ դիմակայել, նույնիսկ, մեր տեղեկություններով, ԳՇ-ն աչքի տակ է ունեցել նաև ևս մի քանի օր պատերազմը ձգվելու հանգամանքը:

Հավելենք, որ 2023թ. օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել էր, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը՝ 2020թ. սեպտեմբերի 30-ին, ԱԽ նիստում առաջարկել է կանգնեցնել պատերազմը։

«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն Անվտանգության խորհրդում եղել է, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- մասնավորապես, ասել էր Տոնոյանը:

Այսինքն, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը համաձայն չի՞ եղել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին:

Սակայն 2021թ. հունվարի 25-ին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում, երբ նրան հարցրել էին՝«Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը նշել է, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ, ինչպիսի՞ն է եղել Ձեր դիրքորոշումը», Դ. Տոնոյանը պատասխանել էր.

«Գլխավոր շտաբի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ իրականում եղել է այս հարցում դիրքորոշումների տարբերություն, սակայն Պաշտպանության նախարարը և ԳՇ պետը փորձել են համաձայնեցված գործել: Իսկ թե սեփական «սառը հաշվարկների» հիման վրա երբ է Դավիթ Տոնոյանն ինքը գտել, որ պետք է կանգնեցնել պատերազմը, պարզ չէ:

Սակայն փաստ է՝ Օնիկ Գասպարյանի առաջարկն իրապես սառը հաշվարկ է եղել՝ բանակցային գործընթացի վրա ազդեցության առումով, և երբ առաջարկված ժամկետում Նիկոլ Փաշինյանի կողմից քայլեր չեն ձեռնարկվել, քանի դեռ Ադրբեջանը, ամեն դեպքում, ռազմական որոշիչ հաջողություններ չէր գրանցել, ավելի ուշ Թուրքիան և Ադրբեջանն արդեն սկսել են պահանջներ ներկայացնել, ինչի մասին խոսում է նաև Օնիկ Գասպարյանն իր 2020թ. նոյեմբերի 17-ի ուղերձում:

Կրկնում ենք՝ 2020թ. սեպտեմբերի 30-ին ԱԽ նիստում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն առաջարկում է՝ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», այլապես այն ինտենսիվությամբ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ վարվել են մարտական գործողությունները, սեղմ ժամկետում մեր ռեսուրսները կսպառվեն և «յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

 Այսինքն, առնվազն մինչև հոկտեմբերի 5-ը պետք է կանգնեցվեին պատերազմական գործողությունները:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում այդ ժամանակահատվածում: Ներկայացնենք մի քանի ուշագրավ փաստ.

 Դրվագ առաջին

Ավելի քան 2 տարի առաջ 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմի օրերին չեզոքացվել է Արցախի ՊԲ 9-րդ պաշտպանական շրջանի հրամանատարը՝ Արտյոմ Պողոսյանը (Ջրական):

Ավելի ուշ գնդապետ Արտյոմ Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում պատմել էր՝ 44-օրյա պատերազմի առաջին օրերին ինչ է եղել Ջրականում:

«Առաջին օրը 10-ից ավել մարտական դիրք կորցրել եմ, 10 զրահատեխնիկայով կարողացան վերցնել, հաջորդ օրը հետ ենք վերցրել էդ մարտական դիրքերը։ Դիրք կա, որ մի քանի անգամ տվել, հետ ենք վերցրել, օրինակ՝ 300-րդ դիրքը, 3-րդ գումարտակը հետ էր վերցրել՝ առանց մեկ վիրավորի։ Չի եղել մարտակարգի մի էլեմենտ, որ իր մարտական խնդիրը չկատարի։ Հոկտեմբերի 2-ին Նյուզգարի (տեղամաս Ջրականում,- խմբ․) մոտի դիրքերից կամավորականներ են իջնում, իմ դիրքով պետք է անցնեն, հարցնում եմ՝ էս ո՞ւր եք գնում, ասում են՝ հրաման են տվել։ Ասում եմ՝ տղա՛, ես եմ հրամանատարը, ես ձեզ էդպիսի հրաման չեմ տվել, հետ եմ ուղարկում նորից իրենց տեղը»,- պատմել էր Ջրականի զորամասի հրամանատարը՝ հավելելով, որ «հակառակորդն ընդհանրապես իր մոտ պիտի լրիվ ուրիշ կողմով խփեր, բայց բոլորովին այլ տեղով հարձակվեց», ինչը ենթադրում է նոր որոշումների կայացում:

Պատասխանելով պաշտպանական գծի ճեղքման մասին հարցին, գնդապետը նախ «ճեղքում» բառն անընդունելի էր համարել, հետո շարունակել էր.

«Հոկտեմբերի 3-ին ինձ խնդիր են դրել, որ անձնակազմը դուրս գա էդտեղից, հոկտեմբերի 3-ին, 2-րդ և 3-րդ գումարտակները քանի որ պատերազմի 7 օրվա ընթացքում շատ կորուստներ ունեցան, մեծ դժվարությամբ դուրս են եկել։ Ով պիտի էնտեղ կանգներ՝ ես տեղյակ չեմ․․․ Հիմա հարց՝ իմ զորքը կանգնած է, թշնամին 7 օրվա մեջ ընդամենը 1,5 կմ է առաջ գալիս՝ կորցնելով 64 տանկ, հետևից գալիս է լրացուցիչ 40 տանկ, հիմա որևէ մեկը կարա՞ ասի՝ իմ զորքը ճեղքվել է»:

Անդրադառնալով իր ազատմանը, Ջրականի հրամանատար եղած Պողոսյանն ասել էր.

«Հոկտեմբերի 5-ի լուսաբացին կանչում են ինձ հրամանատարական կետ և ասում են՝ դու պաշտոնից ազատված ես, հանձնիր զորամասդ, ղեկավարման բոլոր միջոցներդ, ազատ ես: Ես ամեն մետրի համար կռվել եմ և ղեկավարել, ամբողջ իրականությունն այստեղ է: Ես նահանջ հրաման երբևիցե չեմ տվել»:

Ի դեպ, 2022թ. հունիսին 24TV-ին տված հարցազրույցում պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել էր Ջրականի ուղղությանը՝ մասնավորապես, նշելով.

«Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը ճակատը չի ճեղքվել: Ճակատում ընդամենը եղել է 1-1.5 կմ նահանջ»:

Դրվագ երկրորդ

2020-ի հոկտեմբերի 3-ին Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել էր, որ «Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել արգելել ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան` Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների վերսկսման պատճառով»:

168.am-ն այս հարցին մանրամասն անդրադարձել էր:

Մենք նախ հիշեցրել էինք, որ Իլհամ Ալիևն է խնդրել վրացի գործընկերներին՝ փակել օդային և ցամաքային ուղիները՝ արգելելով Հայաստան զենք բերող ռուսական ինքնաթիռների անցումը: Միաժամանակ, մենք նշել էինք, որ չնայած Վրաստանի կառավարության վերևում հիշատակված որոշմանը, հայկական և ոչ հայկական լրատվամիջոցները, փորձագիտական շրջանակները, սակայն, տեղեկություններ էին շրջանառել, որ Վրաստանի տարածքով «քաղաքացիական/հումանիտար բեռների» տեղափոխման անվան տակ Ադրբեջանն իրականացնում էր սպառազինության համալրում մի շարք երկրներից, այդ թվում՝ պատերազմին ուղղակիորեն ներգրավված Թուրքիայից, ինչպես նաև՝ Իսրայելից, Ուկրաինայից։ Այն, ինչին ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չի կարողացել հասնել: Այս մասին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է անգամ հայտարարել:

Մասնավորապես, 2023 թվականի հունիսի 28-ին տարածած իր հայտարարության մեջ գեներալ Գասպարյանը նշել էր.

«Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:

Ավելին, Օնիկ Գասպարյանը նաև հայտնել էր, որ 2020թ. հուլիսի 4-ին ԶՈՒ ԳՇ-ում Փաշինյանին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին առաջարկել է հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնել:

«Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ՝ ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն…»:

Դրվագ երրորդ

2020թ. հոկտեմբերի 5-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախ, որի շրջանակներում քննարկվել և հաստատվել էր հայտնի հակահարվածի օպերացիան: 168.am-ն ավելի վաղ ներկայացրել էր հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ուշագրավ փաստերը, ուստի դրանք բոլորը նորից չենք կրկնի:

Ի դեպ, որոշ զինվորականների և ռազմական փորձագետների դիտարկմամբ՝ 44-օրյա պատերազմի ելքը իրենց պարզ է դարձել հոկտեմբերի 6-ին և 7-ին, երբ արդեն, ըստ Օնիկ Գասպարյանի առաջարկի, պատերազմը պետք է կանգնեցված լիներ:

Դրվագ չորրորդ

168.am-ի հետ զրույցում ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը նշել էր, որ պատերազմը կանգնեցնելու մասին ասվել է ոչ միայն սեպտեմբերի 30-ին, այլ հոկտեմբերի 7-ին էլ. hարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի:

Հավելենք, որ Իլհամ Ալիևը 2021թ. սեպտեմբերին «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում  հայտնել էր, որ պատերազմը սկսելուց ի վեր առաջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ ՌԴ առաջնորդի ծննդյան օրը:

«Բնականաբար, մենք կանոնավոր կապ էինք պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ ռազմական գործողությունների տարբեր փուլերում: Պատերազմի սկսվելուց հետո մեր առաջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը: Ես ավանդաբար շնորհավորում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Եվ սա մեր առաջին հեռախոսային կապն էր այն պահից ի վեր, երբ ռազմական գործողությունների սկսվելուց արդեն անցել էր 10 օր: Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես և ինչ անել պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ ունեցել է առաջարկներ, որոնց մասնակի իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է ՌԴ նախագահը, և, որ այդ առաջարկները պաշտպանել է ռուսական կողմը, սակայն հայկական կողմը մերժել է:

 «Առնվազն երկու անգամ պատերազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորցրել է այդ պատմական հնարավորությունը»,- շեշտել էր Ալիևը՝ նշելով, որ հայկական կողմը հույս է ունեցել, թե արևմտյան «ընկերները» կօգնեն:

Այս համատեքստում շարունակենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովում 2023թ. հունիսին 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պատերազմը դադարեցնելու 5-րդ փորձն էր, և, որ հոկտեմբերի 7-ին, 9-ին, 13-ին և 19-ին հրադադար հաստատելու բանակցություններն արդյունք չեն տվել, քանի որ Ալիևը պարբերաբար նորանոր պահանջներ է ներկայացրել հայկական կողմին:

«Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առիթով շնորհավորելու համար զանգահարել էի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Շնորհավորական խոսակցությունից հետո Ռուսաստանի նախագահը կարևոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է գնալ կոմպրոմիսների, և օգտվելով այս առիթից՝ ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել՝ հնարավորինս արագ կրակի դադարի հասնելու համար: Ասացի, որ համաձայն եմ՝ մինչ այդ հետաքրքրվելով, թե ի՞նչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը:

Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պիտի սկսվեն խորհրդակցություններ, թե որոնք են այն կոմպրոմիսները, որոնց պատրաստ են կողմերը: Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար:

Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ իմ երկրորդ հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և նա ասաց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն՝ համաձայն չէ հրադադար հաստատել: Այսուհանդերձ, Վլադիմիր Պուտինն ասաց, որ պայմանավորվել է հաջորդ օրը նորից խոսել Իլհամ Ալիևի հետ:

Հաջորդ օրը Ռուսաստանի նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի. ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին, և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով: Բացի դա՝ Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է ետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին ու Ասկերովին, հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հաջորդ խոսակցության ժամանակ, որը տեղի ունեցավ կրկին հոկտեմբերի 8-ին, Ռուսաստանի նախագահը հաղորդել է, որ Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի կեսգիշերից հրադադար հաստատել:

«Առաջին անգամ 2020թ. հոկտեմբերի 13-ին էր, որ Ռուսաստանի նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին. ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի: Նույն հարցադրման շուրջ Վլադիմիր Պուտինի հետ ավելի մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին, և Ռուսաստանի նախագահը կարծիք հայտնեց, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի որևէ հստակեցման, այսինքն՝ կարգավիճակի անորոշությամբ: Այդ օրը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ համաձայնվեցինք, որ հանձնարարենք, որ թիմերն աշխատեն այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ:

Հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել՝ հոկտեմբերի լույս 18-ի կեսգիշերից: Ես, բնականաբար, համաձայնվեցի դրան…»,-մանրամասնել էր Փաշինյանը և շարունակել.

«Հոկտեմբերի 19-ի կեսօրին հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ ինքը վերահաստատեց, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը: Իսկ պայմանը հետևյալն է՝ 7 շրջանները վերադարձվում են 5+2 ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապի հարցը, Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, Ղարաբաղի կարգավիճակը մնում է առանց հստակեցման, և հարցը մնում է անորոշ ապագային… Ռուսաստանի նախագահը զանգահարեց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան: Եվ, ըստ էության, փոխանցեց հետևյալը. Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր 7 շրջանները, կամ ավելի ճիշտ՝ մնացյալ 5 շրջանները, քանի որ երկուսը՝ Ֆիզուլին ու Ջեբրայիլը, ինչպես ասացի, արդեն իսկ մեծամասնությամբ գտնվում էր նրանց վերահսկողության ներքո: Բայց սա ամբողջը չէր»,- Քննիչ հանձնաժողովում հայտարարել էր Փաշինյանը:

Ֆիքսենք ամենազավեշտալին. ՀՀ վարչապետի և Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնած անձը պատերազմի թեժ պահին Ռուսաստանի ղեկավարին հարց է տալիս՝ «ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի»:

Ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանի պահանջները գնալով ավելանում են, որովհետև դիվանագիտական, քաղաքական ասպարեզում ոչինչ չի արվում:

Իսկ ըստ Փաշինյանի՝ հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին: Մեջբերում ենք նրա խոսքը.

«1. Բոլոր 7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ: ԼՂԻՄ այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էին:

2. Շուշին, վերը նկարագրված սցենարով, հանձնվում է Ադրբեջանին:

3. Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող»:

Չմոռանանք, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ԱԽ նիստում մեկ անգամ ևս առաջարկվել է կանգնեցնել պատերազմը, ինչը չի արվել:

2021թ. մարտին «Սիվիլնեթի» հետ զրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ հոկտեմբերի 19-ին ամեն գնով պատերազմը դադարեցնելու առաջարկին ԱԽ բոլոր անդամները համաձայնություն են տվել, և դրանից հետո պատերազմը դադարեցնելու 3 փորձ է եղել, որոնք չեն աշխատել:

«Եթե ինչ-որ բանի համաձայնել ենք, հավելյալ պահանջներ են եղել: Այսինքն, ցանկացած բանի համաձայնելու դեպքում Ադրբեջանը միշտ հավելյալ պահանջներ է ներկայացրել»,- ասել էր Գրիգորյանը:

Վերը շարադրված դրվագները և փաստերը կարելի է շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով, որը բավարար է պնդելու, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին պատերազմի 4-րդ օրը՝ 2020թ. սեպտեմբերի 30-ին, զգուշացրել էր Օնիկ Գասպարյանը՝ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», այլապես «յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Այսինքն, աշխատեց Օնիկ Գասպարյանի սառը հաշվարկը:

Երբ բանակին թողնում են միայնակ

Աշխարհում ոչ մի գործող բանակ չի հաղթում և չի պարտվում, հաղթում ու պարտվում են ժողովուրդները և պետությունները, երբ տապալվում է դիվանագիտությունը, ձախողվում է քաղաքականությունը: Հայտնի խոսք է՝ պատերազմն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիվանագիտությունը:

Նշենք, որ 2021թ. ապրիլին armeniasputnik.am-ին Օնիկ Գասպարյանն ասել էր, որ զինվորականությունը բազմաթիվ հարցեր ունի ՀՀ ղեկավարությանը:

«Ես դեռևս նոյեմբերի 17-ի իմ հայտարարության մեջ շեշտել եմ, որ պատասխանատվություն եմ կրում ԶՈՒ-ի հաջողությունների և անհաջողությունների համար: Չկա մեկը, ով կարող է ԶՈՒ ղեկավար կազմին մեղադրել պատասխանատվությունից խուսափելու և մեղքը այլ անձանց վրա բարդելու մեջ: Մենք շահագրգռված ենք բազմակողմանի վերլուծությունների արդյունքում (քննիչ հանձնաժողովներ, քրեական գործեր) օբյեկտիվորեն ի հայտ բերել անհաջողությունների պատճառները և պատասխանատուներին ու նաև պատրաստ ենք պատասխանատվություն կրել մեր գործունեության համար, բայց նաև ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ քաղաքական ղեկավարությանը:

Պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է ներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտներ: Մի մոռացեք, որ պատերազմները վարում են պետությունները, և պատրաստվեք պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար»,- ասել էր գեներալ Գասպարյանը, ով 2021թ. նույն Նիկոլ Փաշինյանին մի առիթով հիշեցրել էր.

«Շատ կուզենայի, որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին՝ նախքան պատերազմը, պատերազմի ժամանակ և հետպատերազմական ժամանակահատվածում, այդ թվում՝ Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը»:

Այստեղ հավելենք, որ 2023թ. օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ իր ռազմադիվանագիտական հմտությունները, գիտելիքները, կապերը բավարար չեն եղել պատերազմը կանխելու և կանգնեցնելու համար:

Այսինքն, ռազմական ղեկավարությունը ստիպված է եղել անել նաև Նիկոլ Փաշինյանի գործը, և կարելի է ենթադրել, որ Դավիթ Տոնոյանն այդ օրը մեսիջ էր ուղարկում՝ պատերազմը կանգնեցնելը ոչ այնքան ռազմական ղեկավարության, որքան դիվանագիտության և երկրի ղեկավարի խնդիրն է:

ՀՀ պաշտպանության նախարարը լավագույն դեպքում կարող է ինչ-ինչ զրույցներ ունենալ օտարերկրյա իր պաշտոնակիցների հետ, հանդիպել օտարերկրյա ռազմական կցորդներին, ինչն արվել է 2016-ին՝ Ապրիլյան պատերազմի օրերին:

Մասնավորապես, 2016-ի ապրիլի 3-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Տոնոյանը հստակ հայտարարել էր. «Հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանության»:

Իսկ այդ ժամանակ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին Ադրբեջանը ՌԴ-ի միջնորդությամբ խնդրում էր կանգնեցնել պատերազմը, ինչին գնաց Հայաստանը, քանի որ այդ ժամանակվա իշխանությունն արկածախնդիր չէր և դարձյալ գիտեր սառը հաշվարկներ անել, ինչն արել էր 2020թ. պատերազմի ժամանակ Օնիկ Գասպարյանը, Ապրիլյան պատերազմից հետո 2016թ. հուլիսին նշանակվել էր ԳՇ պետի տեղակալ, իսկ 2017թ.՝ ԳՇ պետի առաջին տեղակալ, և մասնակցել էր ՀՀ զինված ուժերի զարգացման 7-ամյա ծրագրի մշակման աշխատանքներին:

Ինչ վերաբերում է երկրի ղեկավարությանը, ապա 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն ասել էր.

«Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Իսկ 2021թ. փետրվարին «Արմնյուզին» տված հարցազրույցում ՀՀ 3-րդ նախագահը պարզաբանել էր. 

«Մենք չէինք կարող այլ կերպ գրել, որովհետև դա կենթադրեր մասնակիորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ ճանաչելը նշանակում էր վերջ տալ բանակցային պրոցեսին, իսկ բանակցային պրոցեսը փակուղի մտցնելը, մենք տեսանք, թե ինչի է բերում՝ պատերազմի: Բայց եթե մի քիչ հետ գնանք ու հիշենք Ապրիլյան պատերազմի օրերը, ապա ես այդ ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցի, որ եթե այս պատերազմը երկարաձգվի, ապա ՀՀ-ն ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Փառք Աստծո, պատերազմը կարճ տևեց, պատերազմի արդյունքում ունեցանք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և ես համարեցի, որ դեռևս վաղ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու 44 օրվա ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Այսինքն, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին եղել է դերաբաժանում և ներդաշնակ՝ ռազմական, քաղաքական, դիվանագիտական աշխատանք, ինչը տեղի չի ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ բանակը մնացել էր ՄԻԱՅՆԱԿ: Մինչդեռ, ինչպես նշեցինք, պատերազմը վարում է պետությունը, իսկ բանակը կռվում է:

Տեսանյութեր

Լրահոս