44-օրյայի ժամանակ Ջրականի զորամասի «չեզոքացված» հրամանատարի «գաղտնազերծումներն» ու Փաշինյանի պատասխանելիք հարցը՝ ինչո՞ւ չկանգնեցվեց 9-րդ ՊՇ-ի ճեղքումը
Ավելի քան 2 տարի առաջ 168.am-ը գրել էր, որ պատերազմի օրերին չեզոքացվել է Արցախի ՊԲ 9-րդ պաշտպանական շրջանի հրամանատարը՝ Արտյոմ Պողոսյանը (Ջրական): Ընդ որում, մեր տեղեկություններով, նա այդ պաշտոնին նշանակվել էր իշխանափոխությունից հետո՝ փոխարինելով հրամանատար Մարտին Ջհանգիրյանին, ով իրեն լավ էր դրսևորել 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին և պարգևատրվել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Իսկ գնդապետ Արտյոմ Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում պատմել է, թե 44-օրյա պատերազմի առաջին օրերին ինչ է եղել Ջրականում:
«Առաջին օրը 10-ից ավել մարտական դիրք կորցրել եմ, 10 զրահատեխնիկայով կարողացան վերցնել, հաջորդ օրը հետ ենք վերցրել էդ մարտական դիրքերը։ Դիրք կա, որ մի քանի անգամ տվել, հետ ենք վերցրել, օրինակ՝ 300-րդ դիրքը, 3-րդ գումարտակը հետ էր վերցրել՝ առանց մեկ վիրավորի։
Չի եղել մարտակարգի մի էլեմենտ, որ իր մարտական խնդիրը չկատարի։ Ես ծնող ունեմ, որ երկու էրեխուն կորցրել ա էդ օրերին իմ մոտ, հարցնում են, ասում են՝ հրամանատար խի՞ ռացիան չվերցրիր, ասեիր՝ դուրս եկեք էդ դիրքերից, ասում եմ՝ ես նահանջ հրաման չեմ տվել երբևիցե։ Հոկտեմբերի 2-ին Նյուզգարի (տեղամաս Ջրականում,- խմբ․) մոտի դիրքերից կամավորականներ են իջնում, իմ դիրքով պետք է անցնեն, հարցնում եմ՝ էս ո՞ւր եք գնում, ասում են՝ հրաման են տվել։ Ասում եմ՝ տղա՛, ես եմ հրամանատարը, ես ձեզ էդպիսի հրաման չեմ տվել, հետ եմ ուղարկում նորից իրենց տեղը»,- պատմել է Ջրականի զորամասի հրամանատարը:
Պողոսյանի խոսքով, «հակառակորդն ընդհանրապես իր մոտ պիտի լրիվ ուրիշ կողմով խփեր, բայց բոլորովին այլ տեղով հարձակվեց», ինչը ենթադրում է նոր որոշումների կայացում:
«160 սպայից 50 սպա, ենթասպա, պայմանագրային զոհվել է՝ մինչև պատերազմի ավարտը կամ պատերազմի ընթացքում: Սա հսկայական թիվ է: Սա կարող էր չլինել, եթե չգային, եթե տանկերի դեմը չկանգնեինք, մի ժամ հետո թուրքը Ջաբրայիլ կմտներ: Բայց թուրքը չի կարողանում մտնել, 8 օր կոտորվում է»,- շարունակել է գնդապետը:
Պատասխանելով պաշտպանական գծի ճեղքման մասին հարցին, գնդապետը նախ «ճեղքում» բառն անընդունելի է համարել, հետո շարունակել է.
«Հոկտեմբերի 3-ին ինձ խնդիր են դրել, որ անձնակազմը դուրս գա էդտեղից, հոկտեմբերի 3-ին, 2-րդ և 3-րդ գումարտակները քանի որ պատերազմի 7 օրվա ընթացքում շատ կորուստներ ունեցան, մեծ դժվարությամբ դուրս են եկել։ Ով պիտի էնտեղ կանգներ՝ ես տեղյակ չեմ․․․ Հիմա հարց՝ իմ զորքը կանգնած է, թշնամին 7 օրվա մեջ ընդամենը 1,5 կմ է առաջ գալիս՝ կորցնելով 64 տանկ, հետևից գալիս է լրացուցիչ 40 տանկ, հիմա որևէ մեկը կարա՞ ասի՝ իմ զորքը ճեղքվել է»:
Անդրադառնալով իր ազատմանը, Ջրականի հրամանատար եղած Պողոսյանը պատմել է.
«Հոկտեմբերի 5-ի լուսաբացին կանչում են ինձ հրամանատարական կետ և ասում են՝ դու պաշտոնից ազատված ես, հանձնի զորամասդ, ղեկավարման բոլոր միջոցներդ, ազատ ես: Ես ամեն մետրի համար կռվել եմ և ղեկավարել, ամբողջ իրականությունն այստեղ է: Ես նահանջ հրաման երբևիցե չեմ տվել»:
Ըստ տարբեր տեղեկությունների, Փաշինյանի իշխանությանը ոչ մի կերպ չի հաջողվել զինծառայողներից ցուցմունք կորզել նրա դեմ, և Պողոսյանը «մաքուր» է դուրս եկել:
Մեր տեղեկություններով՝ նա այսօր շարունակում է իր ծառայությունը ՀՀ ԶՈՒ-երում:
Ի դեպ, 2022 թվականի հունիսին 24TV-ին տված հարցազրույցում պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել էր Ջրականի ուղղությանը՝ նշելով.
«9-րդ պաշտպանական շրջանը սեպտեմբերի 27-ին ենթարկվել է թշնամու շատ հզոր խմբավորման հարվածի. 20-22.000 զորք հարձակվել է միայն 9-րդ պաշտպանականի վրա, որը մոտավոր ունեցել է 1500 հոգի անձնակազմ: Ընդ որում, թշնամին հարձակվել է ոչ թե ամբողջ 9-րդ պաշտպանականի վրա, այլ աջաթևյան 2 գումարտակների՝ Արաքսի ափից հաշվեք 2 գումարտակ: 2 գումարտակը մոտավորապես անում է 500-700 մարդ: 500 մարդ դիմակայել է մոտ 22.000 մարդու: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը ճակատը չի ճեղքվել: Ճակատում ընդամենը եղել է 1-1.5 կմ նահանջ: Հակառակորդն էս տեղամասում, էս բնագծում մինչև 80 խոցված տանկ է թողել: Դիրքեր ենք ունեցել, որոնք ենթարկվել են հարձակման՝ 20-25 դիրք, ամեն դիրքում եղել է 6-7 զինվոր, իսկ ամեն դիրքի վրա 10 տանկ է եկել: Այսինքն, զինվորի քանակից շատ տանկ է եկել: Բայց երկու անգամ գումարտակի հրամանատարները վիրավորված, տեղային հակագրոհ են արել, ինչ-որ դիրքեր հետ են բերել, բայց չեն կարողացել երկար պահել: Եվ միայն 8-րդ օրն են այս 2 գումարտակները հետ քաշվել, որովհետև չեն համալրվել: Ավելի ճիշտ, կանոնավոր զորք չի եղել, եկել է մոբիլիզացված զորքը, իսկ մոբիլիզացված պահեստազորայիները չեն կռվել զինվորի հետ նույն էֆեկտիվությամբ, ինչ զինվորը: Սկսենք նրանից, որ 9-րդ պաշտպանական շրջանը պահպանությունից պաշտպանության անցած չի եղել սեպտեմբերի 27-ի օրով: Սա մի մեծ հարց է, որը պիտի քննվի, սա առանձին քննարկման հարց է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 9-րդ ՊՇ-ի 300 զոհվածների մեջ 40-ը սպա է: Այսինքն, զոհված զորքի 10 տոկոսից ավելին սպաներ են»:
Այսինքն, իշխանամերձ ռազմական փորձագետը, ըստ էության, հաստատել է Ջրականի «չեզոքացված» հրամանատարի խոսքերը, որ իր հրամանատարության ժամանակ ամեն սանտիմետրի համար կռիվ են տվել ուժերի անհավասարության պայմաններում:
Իսկ 2022-ի մայիսին հանրահավաքներից մեկի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պնդել էր, որ իշխանություններն ուժ չեն կուտակել հարավային հատվածում հակառակորդի մխրճումը, ճեղքվածքը փակելու համար. հրամանատարը, զինվորը մեղավոր չէ:
«Գլխավոր հարվածի ուղղությամբ, հարավային ուղղությամբ՝ Հադրութ, Ջրական, կռվել և զոհվել են: Բայց նրանք մեղավոր չեն, որ այդ ուղղությամբ է հակառակորդը կուտակել իր ամենամեծ ուժերը: Ո՛չ Քարվաճառում, ո՛չ Մարտակերտում, ո՛չ Ակնայում, ոչ էլ Մարտունիում կռվող ոչ մի հրամանատար կամ զինվոր մեղավոր չէ, որ հարավային հատվածում մխրճում է եղել: Բոլորը հերոսաբար կռվել են: Այսինքն, պարզ պետք է ասեմ՝ մոլոդեց այն բոլոր վայրերում, որտեղ հրամանատարն ու զինվորը կռվել են: Բայց ոչ մոլոդեց այս երկրի իշխանություններին, որոնք խորքում կանգնելով՝ չեն տեսել այդ թատերաբեմը, ուժ չեն կուտակել այդ մխրճումը, ճեղքվածքը փակելու համար: Ես ասում եմ՝ հնարավոր էր դա անել: Հնարավոր էր ՀՀ սահմաններն ամրապնդել»,– ասել էր նա՝ հավելելով, որ զինվորականների համար դա մի քանի օրվա գործ էր, բայց նման հրաման չի եղել:
2021 թվականին էլ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդմանը Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ պատերազմից մի քանի օր առաջ հուշել է մարտական գործողությունների ուղղությունները, և, որ այն լինելու է Ջրականի ուղղությունը:
«Ես պատերազմից մի քանի օր առաջ ներկայացրել եմ զեկուցագիր, եղել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ, որ լինելու է Ջաբրայիլի հատվածը և Մատաղիսի հատվածը: Որևիցե անգամ ես Աղդամի ուղղությամբ հարված չեմ սպասել, ոչ էլ կարար լիներ: Անիմաստ է դա: Աշխարհագրական էդ քարտեզին նայելով՝ պետք է առնվազն խելք չունենալ, որ Աղդամի ուղղությամբ խփի: Ջաբրայիլ, Մատաղիսն է եղել, անգամ նկարագրված է եղել, թե հարվածի դեպքում ինչ պիտի արվի, այդտեղ ջրամբարներ կան… Իսկ Հայաստանի և Արցախի ռազմական ղեկավարությունը սպասել են, որ պիտի Աղդամի ուղղությամբ հարված լինի»,- նշել էր Բաբայանը:
Ի դեպ, 2021 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում հայտարարել էր.
«Մեր բանակը, մեր զինված ուժերը հերոսական կռիվ են տվել պատերազմի ընթացքում: 2-րդ բանակային կորպուսից մինչև 9-րդ պաշտպանական շրջան բանակն ամուր պահել է ամբողջ պաշտպանական գիծը: Բայց պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը, որ այնուամենայնիվ, 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը տեղի ունեցավ, ինչը, ցավոք սրտի, հետագայում չհաջողվեց կանգնեցնել»:
Այս հարցին, թերևս, Նիկոլ Փաշինյանը և ԳՇ-ն պետք է պատասխանեն, եթե հաշվի առնեն Քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցուպատասխանից մեկ օր հետո՝ հունիսի 28-ին, Արծրուն Հովհաննիսյանի՝ 24TV-ին տված հարցազրույցը, և Սեյրանի Օհանյանի՝ 168.am-ին տված հարցազրույցը։
Նախ՝ հիշատակված հարցազրույցում Արծրուն Հովհաննիսյանը՝ փորձելով «մաքրել» ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, մասնավորապես, ասել է.
«Իսկ Ջալալ Հարությունյանին թողնված ճակատը, որ թողել էին անձամբ իր կառավարմանը, իր հրամանատարության ներքո, ինչի լիարժեք ՊԲ-ի պաշտպանության ճակա՞տ էր: Եկեք ազնիվ լինենք, ասենք, որ Քարվաճառը հանել էինք իր ենթակայության տակից, ինքը չէր վարում Քարվաճառի ուղղությամբ մարտական գործողությունները, այլ դա պատկանում էր ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսին, ՊԲ 9-րդ ՊՇ-ն (Ջրական-Ջաբրայիլ) էլ լրիվ իր ենթակայությունից հանված էր, լրիվ այլ հրամանատարություն էր ստեղծված և այլ մարդ էր կառավարում: Այսպես ասենք՝ 9-րդ ՊՇ-ն և ՀՀ ԶՈՒ 1-ին կորպուսն իրար հետ միասնական հարավային ուղղություն էինք սարքել, որի հրամանատարը գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն էր: Այսինքն, ակտիվ մարտական գործողությունների ինչքան ճակատ է վարել Ջալալ Հարությունյանը, եթե բոլոր կիլոմետրերը գումարենք, Ջալալ Հարությունյանը՝ որպես ՊԲ հրամանատար, վարում էր մաքսիմում մեկ պաշտպանական շրջանի ճակատի կռիվ: Բոլոր մեղադրանքները պոպուլիստական են և անհիմն»:
Իսկ մեզ հետ զրույցում էլ Սեյրան Օհանյանը նշել էր, որ եթե ՊԲ-ն իր պաշտպանության գոտում որոշում է ընդունում, այդ որոշումը հաստատում է կա՛մ ԳՇ-ն, կա՛մ Արցախի Հանրապետության նախագահը: «Բայց այնտեղ, որտեղ մի քանի զորամիավորումներ են, իսկ զորամիավորումներ են և՛ ՊԲ-ն, և՛ մնացած կորպուսները, այդ մի քանի զորամիավորումների միջև համագործակցությունն ապահովողը, որոշում կայացնողը, պատասխանատուն ԳՇ-ն է, իսկ ԳՇ-ի որոշումը հաստատողը ՀՀ ղեկավարն է՝ Գերագույն հրամանատարը: Իսկ հակառակորդը կարողացել է մխրճվել և առաջ շարժվել այն վայրով, որի ուղղությամբ որոշման հաստատումը ՀՀ ղեկավարի պարտականությունն էր»:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հետ կապված դեռ շատ հարցերի պատասխան պիտի տա, որոնք, ցավոք, նրան չեն տրվում։
Ի դեպ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականի կամ 9-րդ ՊՇ-ի ուղղությունը ևս թիրախավորված է եղել, բայց հայկական կողմին հաջողվել էր պահել այն:
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը 168.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Աշոտ Փաշինյանը ռազմական դրության ժամանակ ձևավորված զորամասի կազմում մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջրականի և Կուբաթլուի ուղղություններում, իսկ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընդգրկված է եղել մարտական հերթապահության Ներքին Խնձորեսկի տարածքում:
Իսկ մեկ այլ հարցմանը, թե, մասնավորապես, երբվանի՞ց կամ ո՞ր օրվանից է Աշոտ Փաշինյանը եղել Ջրականում, որքա՞ն է մնացել այնտեղ և մասնակցել մարտական գործողություններին, ե՞րբ է այնտեղից դուրս եկել, Պաշտպանության նախարարությունն անպատասխան էր թողել: