Նիկոլական իշխանությունը կործանում է պետությունը

Հայաստանի անվտանգային ահագնացող խնդիրների այսօրվա վիճակը գնահատելու համար նախ անհրաժեշտ է որոշել թե որ ժամանակահատվածի անվտանգային խնդիրների հետ դրանք պետք է համեմատել: Այս առումով ամենատրամաբանականն, իհարկե, 2018թ. իշխանափոխությանը նախորդող ժամանակահատվածի հետ համեմատություններն են, քանի որ բազմաթիվ են փաստերն այն մասին, որ հենց 2018թ. իշխանափոխությունն, ինչպես շատ այլ բնագավառների, այնպես էլ անվտանգության ոլորտում իրականացվող քաղաքականության համար դարձավ կործանարար ընթացքի սկիզբ:

Սակայն 2018թ-ի հետ համեմատությունների վերաբերյալ այսօրվա իշխանություններն առաջ են քաշում կեղծ փաստարկ այն մասին, որ 2021թ. ընտրությունների ժամանակ 2018թ-ից իշխող ՔՊ կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների մեծամասնությունը, հետևաբար իշխանության տերը՝ ժողովուրդը գոհ է եղել մինչ այդ իրենց վարած քաղաքականությունից: Այս փաստարկը կեղծ է առնվազն երկու պատճառով, նախ 2021թ-ի ընտրությունների ժամանակ ժողովրդի մեծամասնությունը դեռ գտնվում էր գունավոր հեղափոխություններին բնորոշ պատրանքների ու 44-օրյա պատերազմին հաջորդած խորը դեպրեսիայի ազդեցության տակ, և երկրորդը՝ այդ ընտրություններին իշխող ՔՊ կուսակցությունն ամեմալկտի ձևով խաբել է ընտրողներին առնվազն Արցախի ու արցախահայության անվտանգության վերաբերյալ կարևորագույն հարցերում:

Հոդվածում կդիտարկվեն ՔՊ 2021թ. նախընտրական ծրագրում ու 2021-2026թթ. կառավարության ծրագրում Հայաստանի Հանրապետության ու Արցախի անվտանգային հարցերին վերաբերող ձևակերպումների իրականացումը: Նախ մեջբերենք ՔՊ նախընտրական ծրագրից Արցախի ու արցախահայության վերաբերյալ երեք կարևորագույն դրույթ.

  • Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:
  • Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները:                                           
  • Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։

2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին այս կարևորագույն դրույթների ներառումը ՔՊ նախընտրական ծրագրում ու դրանց չընդգրկումը ՔՊ բացարձակ մեծամասնությամբ ձևավորված խորհրդարանի կողմից հաստատված 2021-2026թթ կառավարության ծրագրում անառարկելիորեն վկայում է, որ նիկոլփաշինյանական ՔՊ-ն 2021թ ընտրություններում առավել ձայներ ստանալու նպատակով կանխամտածված ձևով ստորաբար մոլորեցրել է ընտրողներին ու խաբեությամբ գողացել ընդիմության հասանելիք ձայները: Ազնիվ պայքարի պարագայում այդ ձայները կգնային ընդիմադիր քաղաքական ուժերին, որոնց համար Արցախի կարգավիճակի, անվտանգության ու արցախահայության խմդիրներն եղել են ոչ միայն նախընտրական ծրագրերերի այլև խորհրդարանական գործունեության հիմնական հարցերը:

Ուշագրավ է նաև 2021թ. ընտրություններից հետո անցած շուրջ երկուսուկես տարիների ընթացքում իշխանությունների կողմից 2021-2026թթ. կառավարության ծրագրում ներառված ՀՀ ու Արցախի անվտանգությանը վերաբերող դրույթներ իրականացումը: Քանի որ հոդվածի սահմանները թույլ չեն տալիս ավելի մեծ ժամանակահատվածի անդրադառնալուն, կսահմանափակվենք ընդամենը վերջին ամիսներին իշխանությունների կողմից այդ ոլորտներում իրականացված մի քանի քայլերին ու առկա իրողությանը և պարզ կդառնա թե ինչպիսի հակասության մեջ են դրանք գտնվում կառավարության ծրագրի սկզբունքների հետ:

Դիտարկենք այդ դրույթներից երեքը.

  • ՀայաստանՌուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտները, Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայռուսական քաղաքական երկխոսությունն է՛լ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու հանգամանքը ևս կարևորություն է հաղորդում ՀայաստանՌուսաստան հարաբերություններին:

Հայաստանը 2023թ. սեպտեմբերին վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, իր վրա վերցնելով ՀՀ տարածքում այդ դատարանի որոշումների կատարման պարտականությունը: Մինչ այդ, 2023թ. մարտին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր էր տվել՝ պատերազմի գոտուց անվտանգ տարածքներ տեղափոխված երեխաներին «արտաքսելու» համար։ Արևմտյան մայրաքաղաքաներում բնականաբար շատ բարձր գնահատեցին Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացունը: Իրեն երկար սպասեցնել չտևեց նաև Ռուսաստանի արձագանքը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանեց է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։

Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություների համար կանխատեսելի էին Հռոմի ստատուտի վավերացման արդյունքում արևմուտքից ու Ռոսաստանից ստացվելիք արձագանքները: Ռազմավարական դաշնակցի ու նրա նախագահի նկատմամբ այդպիսի թշնամական քայլով Հայաստանի իշխանությունները հերթական անգամ վատացրեցին առանց այդ էլ լարված հայ-ռուսական հարաբերությունները, ինչն իր առարկայական հետևանքները չունենալ չի կարող, դրա դիմաց արևմուտքից ընդամենը լսելով քաջալերանքի խոսքեր: Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացումը ոչ միայն ակնհայտորեն հակասում էր կառավարության ծրագրի վերը նշված դրույթին այլև վկայում էր պետության անվտանգային վեկտորի փոփոխման միտումների մասին:

Հարկ է նաև նշել, որ քաջատեղյակ լինելով Միջազգային քրեական դատարանի որոշումների նկատմամբ Ադրբեջանի անթաքույց արհամարական վերաբերմունքից, ՀՀ իշխանությունները Հռոմի ստստուտի վավերացումը փորձում են բացատրել Ադրբեջանին այդ դատարանի որոշումներով պատասխանատվության ենթարկելու մտադրությամբ:

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունում հաջորդ խնդիրը ծագեց մեկ ամիս անց: ՀՀ վարչապետը հոկտեմբերին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր. «Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել իր դաշնակցային պարտավորությունները, հատկապես Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատման ժամանակ:

Այս իրադարձությունները մեզ հանգեցրին որոշման, որ կարիք ունենք դիվերսիֆիկացնել մեր հարաբերություններն անվտանգության ոլորտում, և հիմա փորձում ենք դա անել, հավելելով, թե նույն այդ պատճառով ինքը Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարունակվող ներկայության մեջ որևէ առավելություն չի տեսնում»։

Այս տեղեկատվության հրապարակումից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը ասել էր, որ Կրեմլը ակնկալում է Երևանի հետ անմիջական շփումներում ամբողջական տեղեկատվություն ստանալ Հայաստանի վարչապետի հայտարարությունների վերաբերյալ, մասնավորապես, թե նա ինչ նկատի ուներ՝ խոսելով անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին:

Ուկրաինական դեպքերը ակնհայտորեն ցույց են տալիս, որ կրեմլը չափազանց խանդով է վերաբերվում այլ ուժային կենտրոնների ազդեցության ոլորտները դեպի Ռուսաստանի սահմանները ընդարձակելու փորձերին: Այս առումով պատահական չէր, որ Պեսկովը անդրադառնալով նշված հարցազրույցին շեշտադրել էր հենց անվտանգության դիվերսիֆիկացիայի մասին վարչապետի խոսքերը:

Պեսկովի խոսքերում ակնհայտ ակնարկ կար այն մասին, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի կողմից իր անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի փորձերը՝ Հայաստանում այլ ուժային կառույցների ներթափանցումը, ծայրահեղ թշնամական կգնահատվի Ռուսաստանի կողմից ու կարող է Հայաստանը վերածել արևմուտք-Ռուսաստան ռազմական հակամարտության հերթական թատերաբեմի: Միաժամանակ անհրաժեշտ է շեշտել, որ Իրանը ևս չափազանց բացասական վերաբերմունք ունի հարավային կովկաս ու մանավանդ Հայաստան այլ, հատկապես արևմտյան ուժային կառույցների ներգրավման վերաբերյալ:

Այսինքն Հայաստանի անվտանգային ոլորտի դիվերսիֆիկացիայի փորձերը ոչ միայն լրջագույն խնդիրներ կարող են առաջացնել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, այլև մեզ ակնհայտորեն կթշնամեցնեն մեր բարեկամ Իրանի հետ: Եթե ասվածին ավելացնենք, որ Հայաստանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր մշտական և լիազոր ներկայացուցչին ու այդ պաշտոնում նոր նշանակում չի արել, տևական ժամանակ է չի մասնակցում ՀԱՊԿ-ի զորավարժություններին, ՀԱՊԿ-ի վեհաժողովներին չի մասնակցում կամ մասնակցում է մյուս մասնակիցներից կարգավիճակով ցածր պաշտոնատար անձով պատկերը կամբողջանա: Ակնհայտ է, որ Հայաստանի այսպիսի պահվածքը ևս հակասում է կառավարության ծրագրի վերը նշված դրույթին:

  • Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք: Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին: 

Նիկոլական իշխանությունների կողմից հետևականորեն իրականացված քաղաքականության արդյունքում կառավարության ծրագրի այս դրույթն Արցախի մասով արդեն կորցրել է իր իմաստը, քանի որ Արցախի անվտանգային և կենսական շահեր պահպանման պարագայում տարածաշրջանում թշնամության հաղթահարմում ու ապաշրջափակում արտահայտությունը Արցախի հայաթափումից հետո դարձլ է անհասկանալի:

Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգային ու կենսական շահերի պահպանման պարագայում տարածաշրջանում թշնամանքի հաղթահարմանն ու ապաշրջափակմանը, ապա պետք է արձանագրել որ Թուրքիան ու Ադրբեջանը դա պատկերացնում են միայն Հայաստանի կողմից իր վրա վերցրած պարտավորությունների կատարման պարագայում: Դրանց շարքում նրանք առնվազն տեսնում են 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարության 9-րդ կետից բխող, իրենց տերմիններով Մեղրիի միջանցքի բացումն ու Հայաստանում գտնվող ութ գյուղերի վերադարձը Ադրբեջանին:

Միաժամանակ ավելի որոշակի են դարձել Արցախյան շարժման սկզբում Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ավելի քան 100.000 անձանց Հայաստան վերադառնալու պահանջները: Այս շարքից յուրաքանչյուրի հարցում Հայաստանի զիջումը առաջացնելու է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից նոր պահանջների առաջադրում, իսկ մերժումը՝ պատերազմի իրական սպառնալիք, ինչը գործընկերների հետ հետևականորեն փչացրած հարաբերությունների պարագայում Հայաստանի համար հղի է կործանարար հետևանքներով: 

  • Արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով: 

Ցավոք նիկոլական ազգակործան պատուհասների իշխանության հետևականորեն իրականացրած գործունեության արդյունքում կառավարության ծրագրի այս կետը ևս կորցրել է իր իմաստը: Արցախին բերած ողբերգությունից հետո միայն զայրույթ կարղ է առաջացնել հետևյալ նախադասությունը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը հասնելու համար Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:

Ես առիթ ունեցել եմ ասելու, որ 2018-ին նիկոլականներին իշխանության են բերել երկու խնդիր լուծելու համար՝ Արցախի ադրբեջանականացում ու Հայաստանի էրմանիստացում: Առաջին խնդիրը այս ազգակործան պատուհասներն արդեն լուծել են ու հիմա անբողջ թափով ձեռնամուխ են եղել երկրորդի լուծմանը:

Տեսանյութեր

Լրահոս