Իսրայելը սպառնում է ոչ միայն «Հըզբոլլահ» խմբավորմանը, այլև հենց Լիբանանին. պատերազմի ընդլայնման սպառնալիքը մեծանում է. սիրիահայ լրագրող

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի հրամանատարությունն անհանգստություն է հայտնել հակամարտող կողմերի փոխադարձ հարվածների հետևանքով իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու և խաղաղ բնակչության շրջանում զրանցված զոհերի թվի աճի վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 5-ին, խաղաղ բնակչության ուղղությամբ իսրայելական հրետակոծության հետևանքով երթևեկության ժամանակ զոհվել են լիբանանյան 4 հոգանոց ընտանիքի անդամները: Ավելի վաղ, լիբանանյան Կարմիր խաչի ընկերության տվյալներով՝ նոյեմբերի 2-ին երկրի հարավում զոհվել էր ևս 5 խաղաղ բնակիչ, 3-ը՝ վիրավորվել էին։

Իսկ Իսրայելի և Պաղեստինի միջև շարունակվող պատերազմի հետևանքով հարվածի հիմնական թիրախ, քաղաքացիական բնակչությամբ խիտ բնակեցված Գազայում զոհերի թիվը հասել է 10.022-ի, նրանցից 4104-ը երեխաներ են, Պաղեստինի կողմը պատանդ է պահում մոտ 240 իսրայելցու: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, թե որևէ զինադադարի մասին չի կարող խոսք գնալ, քանի դեռ Պաղեստինը չի վերադարձրել պատանդներին:

Պատերազմն այժմ էլ ընթանում է աննախադեպ ինտենսիվությամբ: Կիրառվում են հրթիռային համակարգեր: Որոշ տեղեկություններով՝ պատերազմի մեկնարկից մինչև այժմ Իսրայելն ավելի քան 35 հազար տոննա պայթուցիկ է նետել Գազայի ուղղությամբ:

Կարդացեք նաև

Հակամարտության մեջ ներառված տարածքներն ու ուժերը վերջին շրջանում արդեն իսկ սկսել են ընդլայնվել: Վերջերս իսրայելական կողմը հայտարարեց Լիբանանի սահմանային գոտում տեղակայված գրոհայինների բջիջների ու «Հըզբոլլահ»-ի տեղակայման վայրի ոչնչացման մասին:

Իսկ պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ նոյեմբերի 2-ին հայտարարությամբ հանդես եկավ նաև իրանական հովանավորությունը վայելող «Հըզբոլլահ» զինված խմբավորման ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ Իսրայելի ու Լիբանանի սահմանին ռազմական գործողություններն առկա մասշտաբներով չեն սահմանափակվի:

Լիբանանի սահմանային հատվածում, հակամարտության թեժացմամբ պայմանավորված, երեկ Մեծ Բրիտանիան հայտարարեց բրիտանական դեսպանատան աշխատակիցներին երկրից ժամանակավոր դուրս բերելու մասին:

Տեղեկացնենք նաև, որ օրերս հակամարտության գոտի էր մեկնել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նա հանդիպում էր ունեցել Իսրայելի ու Լիբանանի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Բլինքենը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունը Իսրայելին: Հայտարարել է, որ Իսրայելը ինքնապաշտպանվելու իրավունք ու պարտավորություն ունի։

Սիրիայի հայազգի բնակիչ, լրագրող Հովիկ Շեհիրյանը 168.am-ին հայտնեց, որ առկա իրավիճակի շարունակության դեպքում ռազմական գործողությունները կարող են ընդլայնել սահմանները և ուղղակիորեն մարտեր բռնկվել իսրայելական ու լիբանանյան զորքերի միջև:

««Հըզբոլլահ»-ն այս իրավիճակում չի կարող ձեռնպահ մնալ: Գիտենք, որ Իսրայելը թիրախավորել է Գազայի բնակելի թաղամասերը: Իսկ Գազայի դիմադրողական ուժերն ու այդ խմբավորումը մեկ հարթության մեջ են հանդես գալիս: Այս դեպքում մենք արձանագրում ենք, որ Իսրայելի հետ հակամարտությունը դիտարկվում է միայն ռազմական ճանապարհով ու այլ տարբերակով լուծվելու հնարավորություն չի նշմարվում: Հետևաբար, միայն Գազայի կողմից հարվածները բավարար չեն, որպեսզի Իսրայելի վրա հնարավոր լինի ճնշում բանեցնել»,- ասաց Սիրիայում գտնվող հայազգի լրագրողը:

Նրա խոսքով՝ լիբանանյան քաղաքական ուժերն այս ամբողջ ընթացքում փորձել են հնարավորինս հավասարակշռված մոտեցում ցուցաբերել տեղի ունեցող իրադարձություններին: Սակայն որքան էլ Լիբանանում դեմ են հնարավոր պատերազմին, մեր զրուցակցի խոսքով, դրա բռնկման դեպքում թիկունք կկանգնեն «Հըզբոլլահ»-ին ու լիբանանյան բանակին:

Հայազգի լրագրողը ցավով արձանագրում է, որ այդ պարագայում պարզապես անհնար կլինի խուսափել լայնածավալ պատերազմից:

«Չմոռանանք, որ Հըզբոլլահ»-ի տեղակայման տարածքում առկա են նաև քաղաքացիական բնակավայրեր, որոնք չեն կարող զերծ մնալ իսրայելական թիրախավորումից: Անշուշտ, միայն խմբավորման ուղղությամբ չէ, որ Իսրայելը կրակ է բացում: Որպես Միջին Արևելյան երկրներ, այնտեղ բազմաթիվ ազգերի կենտրոնացում կա: Հետևաբար, Իսրայելը կրակում է նաև նրանց ուղղությամբ: Այսօր արդեն նահատակներ ունենք՝ ինչպես քրիստոնյաների, այնպես էլ՝ մահմեդականների շրջանում»,- ասաց Հովիկ Շեհիրյանը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում Իսրայելի կողմից սպառնալիքներ են հնչում՝ ուղղված ոչ միայն «Հըզբոլլահ» խմբավորմանը, այլև հենց Լիբանանին:

«Սիրիան էլ այս պարագայում չի կարող ձեռնպահ մնալ: Իսրայելը, որպես պատրվակ ընդունելով փաստը, որ «Հըզբոլլահն» ու Իրանը ներկայություն ունեն նաև այստեղ, անցած տարիներին ևս հարվածներ է հասցրել Սիրիայի ուղղությամբ: Այս անգամ, սակայն, իրավիճակը շատ ավելի լուրջ է, քանի որ դեմ առ դեմ մարտեր են ընթանում»,- ասաց սիրիացի լրագրողը:

Անդրադառնալով Լիբանանում գտնվող մեր հայկական համայնքին սպառնացող հնարավոր վտանգի վերաբերյալ հարցին՝ Հովիկ Շեհիրյանն ասաց, որ հայերը ռազմական գործողությունների հատվածից համեմատաբար հեռու են գտնվում, ու այս պահին նրանց նկատմամբ ուղիղ սպառնալիք չկա:

«Սակայն հայկական համայնքի իշխանությունները միշտ փորձում են բարդությունների դեպքում լուծումներ գտնել՝ իրադարձություններին օպերատիվ արձագանքելու համար: Սիրիայում ևս մեր հայկական համայնքն այս պահին համեմատաբար անվտանգ կարգավիճակում է, քանի որ այս պահին ծավալվող գործողություններից բավականին հեռու ենք գտնվում: Բայց պարզ բան է, որ Իսրայելի գործողությունները բավականին բարդացնում են տեղի բոլոր, նաև հայ բնակիչների կյանքը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղարի ու Իսրայելի իշխանությունների հայտարարություններին, թե «Իսրայելը պետք է ինքնապաշտպանվի», հայազգի լրագրողը հստակ սահմանում տվեց՝ «բռնակալը չի կարող զբաղվել ինքնապաշտպանությամբ»:

Որպես հավելում՝ Շեհիրյանը հիշեցրեց, որ այդ երկիրն այս ընթացքում ևս շարունակում է Գազայի խաղաղ բնակչության դեմ կիրառել միջազգային հարթակներում արգելված քիմիական զենքերը:

«Պատերազմի առաջին օրերից էլ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, թե «մենք Գազայում ոչ թե մարդ ենք սպանում, այլ անասուններ»: Բացի դրանից, տեղյակ եք, որ այդ երկիրը ֆոսֆոր գազով լցված ռումբեր է ուղղում Գազայի ուղղությամբ: Բացի այդ, Իսրայելի զինվորների ընտանիքները կոչ են անում, որպեսզի Գազայում ցեղասպանություն տեղի ունենա, որպեսզի կարողանան ազատվել այնտեղի մարդկանցից: Անշուշտ, համաշխարհային հարթակներից պատճառաբանություն կա, թե իրենք չկարողացան չեզոք ուժ մտցնել Գազա՝ զոհվածների հաշվարկ իրականացնելու համար, սակայն Իսրայելի կողմից մի քանի հիվանդանոցների թիրախավորումն արդեն իսկ պատերազմական հանցագործությունների մեծ փաստեր են»,- ասաց լրագրողը՝ հավելելով, որ Իսրայելի այդ գործողությունները չէին կարող անարձագանք մնալ միջազգային հանրության կողմից, և դատապարտվեցին:

Իսկ Լիբանանում գտնվող միջազգային դիվանագիտական կառույցների աշխատակիցներին ժամանակավորապես երկրի տարածքից հեռացնելու գործողությունները, ըստ սիրիահայ լրագրողի, դեռևս նախազգուշական քայլ են:

«Լիբանանը բավականին փոքր երկիր է, հետևաբար, այդ գործողությունների հետևանքները կարող են հասնել նաև Բեյրութ կամ ազդել դեսպանատների գործունեության վրա: Բացի այդ, այստեղ ժողովուրդը դեմ է մի շարք երկրների վարած քաղաքականությանը: Նրանք վախ ունեն, որ հնարավոր ցույցերի դեպքում կարող են վնասներ կրել: Որոշ դեսպանատներ հաղորդագրություններ տարածեցին, որ երկրից հեռանալ ցանկացող իրենց քաղաքացիները գնան ու կապվեն Դամասկոսում տեղակայված դեսպանությունների ներկայացուցիչների հետ»,- ասաց Հովիկ Շեհիրյանը:

Իսրայելը վերջերս կրակ էր բացել նաև Լիբանանի սահմանային բնակավայրերից մեկի դպրոցի ուղղությամբ, ինչը մեծ սարսափ էր առաջացրել տեղի բնակիչների մոտ: Այս պարագայում սիրիացի մեր հայրենակիցը չբացառեց առաջիկայում հակամարտության հետևանքով տուժող համայնքներում հնարավոր տարհանման տարբերակը: Այս պահին, սակայն, նրա խոսքով, դա համակարգված տարբերակով դեռևս չի իրականացվում:

«Պատժամիջոցների պատճառով Սիրիայում թռիչքները սահմանափակ են: Մի շարք ուղղություններ այս պահին չեն գործում: Սակայն ցանկության դեպքում քաղաքացիները կարող են գնալ, օրինակ, Սաուդիան Արաբիա, Բահրեյն, Կատար ու էլի որոշ ուղղություններով: Քանի որ Լիբանանն ու Սիրիան միմյանց շատ մոտ են՝ մարդիկ գերադասում են գալ ու հենց Սիրիայից մեկնել: Մանավանդ, որ Լիբանանը հիմա, Սիրիայից բացի, այլ սահման չունի»,- ասաց Հովիկ Շեհիրյանը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական մի քանի օբյեկտների ու օդանավակայանի ուղղությամբ:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս