Ալիևը թողնում է արևմտյան և մոսկովյան հարթակը և Թուրքիայի հետ տեղափոխվում «3+3» հարթակ. Ուժեղ միջնորդի անհրաժեշտություն կա. քաղաքագետ
Հոկտեմբերի 23-ին, երկար դադարից հետո առաջին անգամ, «3+3» ձևաչափի շրջանակներում Թեհրանում հանդիպեցին Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարները։ Հանդիպման արդյունքում մասնակից 5 երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել։
9 կետից բաղկացած համատեղ հայտարարության առաջին կետում մասնավորապես նշված է՝ «հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիական հարևանության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կարևորությունը` ընդգծել են այդ առումով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա»:
Հայտարարության հեղինակները կարևորել են նաև տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխադարձ վստահության ամրապնդման, ազգերի բարեկեցության և տարածաշրջանի կայունության վրա։ Ընդգծել են մշակութային համագործակցության, մարդկանց միջև շփումների, կրթական, գիտական, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերի կարևորությունը: Տևական խաղաղության և տնտեսական զարգացման խթանման համար պետք է ամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը:
Ողջունել են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված գործընթացները:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունովն անդրադարձավ ոչ միայն «3+3» ձևաչափում խնդիրների լուծման հնարավորություններին և ընդունված համատեղ հայտարարությանը, այլև հարցին, թե ինչ է տալու Հայաստանին այս քննարկումը, մասնավորապես նշելով, որ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի հետ պետք է ակտիվ բանակցել, հարևան երկրների հետ առանց միջնորդների խոսել և այլն։
«Սակայն կոնկրետ այս հնգակողմ հանդիպումն ունեցել է որոշակի կոնտեքստ. Ադրբեջանը շատ հստակ ցույց էր տալիս, որ հիասթափված է արևմտյան հարթակներից, իսկ Մոսկովյան հարթակը տապալում էր Երևանը։ Ուստի այդ հանգամանքներում առաջ եկավ այս հարթակը, որը հնարավոր խողովակ կարող էր լինել կողմերի բանակցությունների համար։ Ադրբեջանի համար սա նրանով է դրական, որ այդ ձևաչափում կա Թուրքիան և չկա, օրինակ, Ֆրանսիան կամ Եվրամիությունը, որոնք վերջին շրջանում հակված են աջակցելու հայկական կողմին, ամեն դեպքում բաց հարթակներում այդպես են ներկայանում»,- նշեց քաղաքագետը։
Այս համատեքստում նա հավելեց, որ «3+3» հարթակը հետաքրքիր է նաև Ռուսաստանին, քանի որ, երբ չի կարողանում մոսկովյան հարթակն ակտիվացնել կամ առնվազն այդ իմաստով դժվարություններ ունի, ապա այս հարթակը հնարավորություններ է տալիս բանակցելու և որոշակի հարցեր քննարկելու համար։ Սա նաև ինչ-որ առումով պատասխան է Արևմուտքին։ ՌԴ-ի ընկալումն այն է, որ Արևմուտքն ակտիվորեն ներթափանցում է Հարավային Կովկաս, ու այստեղ իր պատասխանն է նրան, այսինքն՝ գերտերություններն առանց Արևմուտքի փորձում են բանակցել։
«Այս հանդիպումը, բացի Ադրբեջանի մոտեցումներից, որ ձգտում էր թողնել եվրոպական հարթակները ու բանակցություններում ներգրավել Թուրքիային, կա նաև Ռուսաստանի փորձը՝ և՛ ինչ-որ առումով մտնել բանակցությունների մեջ, և՛ պատասխանել Արևմուտքին։ Այդ ձևաչափով շահագրգռված է նաև Իրանը, քանի որ նա փաստացի բոլոր ֆորմատներում դուրս է ակտիվ գործընթացներից, բայց այստեղ մասնակցում է։ Սա բոլոր առումներով Հայաստանի համար դրական է, քանի որ Իրանի դիրքորոշումները մոտ են ՀՀ-ի դիրքորոշումներին»,- հավելեց Դավիթ Հարությունովը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ բոլոր երկրների վերը նշված մոտեցումների արդյունքում հնարավոր եղավ կյանքի կոչել «3+3» ձևաչափով հանդիպումը, որը բավականին երկար ժամանակ չէր անցկացվում։
Հիշեցնենք, սակայն, որ 3+3 ձևաչափով հարթակն առայժմ գործում է առանց Վրաստանի, հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի Արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որ չի մասնակցելու այդ ձևաչափով հանդիպմանը: Ի դեպ, 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում հրավիրված նույն ֆորմատով հանդիպմանը ևս Վրաստանը հրաժարվել էր մասնակցել:
Իսկ ինչ վերաբերում է այս ձևաչափում Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, ապա, քաղաքագետի մեկնաբանությամբ՝ այդ ֆորմատն ի սկզբանե նախատեսված չէր դրա համար, այն ստեղծվել էր զուտ որպես աջակցող գործոն։ Ինչպես երևում է նաև պաշտոնական հաղորդագրություններից, ապա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ հարցերը քննարկվել են զուտ հանդիպման շրջանակներում: Ի դեպ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առանձին հանդիպում էլ տեղի չի ունեցել: Հրապարակված հայտարարության տեքստից կարելի է եզրակացնել, որ ավելի շատ կենտրոնացել են կոմունիկացիաների բացման ու փոփոխման հարցերի վրա։ Եվ քաղաքագետի կարծիքով՝ միայն այս առումով Հայաստանը կարող է հարթակն օգտագործել։
Հարցին՝ այս համատեքստում հնարավո՞ր է՝ Ադրբեջանը կոմունիկացիաների քողի ներքո ստիպի ՀՀ իշխանություններին բացել իրենց համար այդքան ցանկալի «միջանցքը», քաղաքագետը պատասխանեց, որ այդ պահին, առնվազն, նման բան չի երևում։
«Սակայն կա հետևյալ խնդիրը՝ լուրջ արդյունքներ արձանագրելու համար անհրաժեշտ է ուժեղ միջնորդ, որը կկարողանա և՛ պարտադրել, և՛ որոշակի բաներ երաշխավորել։ Ասել, որ վաղն այս հարթակում ինչ-որ հարցի լուծում կլինի՝ ժամանակավրեպ է»,- եզրափակեց Դավիթ Հարությունովը։