
Արցախի էջը հնարավոր չէ փակել. իսկ գուցե Թուրքիան չի՞ ցանկանում առճակատվել Ռուսաստանի հետ Հարավային Կովկասի համար. Բենիամին Պողոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Արցախի էջը փակելն անհատական ընտրություն է։ 110 տարի է անցել Ցեղասպանության մեկնարկից, բայց շատ-շատերի համար այդ էջը փակված չէ, և ընդամենը 2 օր հետո կտեսնենք՝ Երևանում ու աշխարհի տարբեր կետերում ինչպես են ոգեկոչում անմեղ զոհերին։ Այնպես որ, Արցախի էջը փակված չէ, այն հնարավոր չէ փակել։
- Մինսկի խումբը չի կարող լուծարվել միայն Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումների հիման վրա։ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ընդամենը դիմել ԵԱՀԿ, իսկ այնտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և յուրաքանչյուր պետություն կարող է վետո դնել այդ որոշման վրա։
- Իհարկե, ՀՀ կառավարությունը կարող է մշակել Սահմանադրության տեքստ, որում չի լինի հղում Անկախության հռչակագրին, սակայն կառավարությունը չի կարող նման որոշում ընդունել։ Պետք է սահմանադրական հանրաքվե լինի, և առնվազն 650 000 մարդ պետք է դրան կողմ քվեարկի, որ այն համարվի ընդունված։ Եվ որքան էլ Ադրբեջանի կառավարությունը շատ հայտարարի, որ դա իրենց պահանջն է, այնքան քիչ մարդ Հայաստանում կողմ կքվեարկի Սահմանադրության նոր տեքստին։
- Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ իր իսկ նախապայմանները չբավարարվեն, որովհետև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի տեսնում՝ ինչ օգուտ կարող է ստանալ խաղաղության պայմանագրի ստորագրումից։ Հետևաբար՝ Հայաստանի վրա անընդհատ Դամոկլյան սրի պես կախված կլինի նոր հարձակման վտանգը, որովհետև առանց փաստաթղթի ստորագրման՝ այդ հնարավորությունն Ադրբեջանի համար միշտ բաց է։ Իսկ սա նշանակում է Հայաստանի թուլացում, արտաքին ներդրումների բացակայություն, որովհետև արդյո՞ք խոշոր ներդրողները գումար կներդնեն մի երկրում, որն անընդհատ ռազմական հարձակման սպառնալիքի ներքո է։
- Ես չէի համաձայնի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը դեր չի խաղում պատերազմի վերսկսման հարցում, բայց նաև չէի պնդի, որ այն կչեղարկի պատերազմը։ Մի բան է՝ հարձակվել հիմա, մեկ այլ բան՝ պայմանագրի ստորագրումից մի երկու տարի հետո։
- Շատ փորձագետներ, այդ թվում՝ երկրից դուրս, համոզված են, որ անհնար է Հարավային Կովկասում կատարել թիվ մեկ դերակատարի փոփոխություն՝ առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման։ Իսկ հայ-թուրքական սահմանի բացումն այդ կարգավորման մի մաս է։
- Էրդողան-Ալիև անձնական և բիզնես շահեր… Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է։ Ադրբեջանի տնտեսական ու ֆինանսական ներգրավվածությունը Թուրքիայում անհամեմատ շատ է, քան արևմտյան կորպորացիաները։ Հետևաբար՝ իր որոշումները կայացնելիս Էրդողանը չի կարող հաշվի չառնել Ադրբեջանի շահերը, չի կարող լինել հայ-թուրքական կարգավորում, մինչև ինքն Ալիևից կանաչ լույս չստանա, մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիրը։
- Իսկ գուցե Թուրքիան չի՞ ցանկանում, որ ինքը դառնա Հարավային Կովկասում թիվ մեկ խաղացող, որ չդառնա Ռուսաստան-Թուրքիա բախման կետ Հարավային Կովկասում։ Գուցե Թուրքիան չի՞ ցանկանում առճակատվել Ռուսաստանի հետ ու ցանկանում է Հարավային Կովկասը կառավարել Ռուսաստանի հետ միասին։ Ըստ էության, սա փակ բաժնետիրական ընկերության պես մի բան է, ինչի մասին է նաև 3+3, փաստացի՝ 3+2 ձևաչափը։
- Ադրբեջանի փարձագիտական շրջանակներն այն խոսույթն են առաջ տանում, որ Ադրբեջանի համար կա 2 կենսական սպառնալիք՝ Ռուսաստան և Իրան։ Հետևաբար՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ Ադրբեջանը Թուրքիային թույլ չի տալիս, որ կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները ու դառնա թիվ մեկ խաղացողը տարածաշրջանում։ Կա երկու բացատրություն՝ կա՛մ դա կեղծ նարատիվ է, որն արվում է միան Արևմուտքի ականջների համար, կա՛մ ճիշտ նարատիվ է, և Ռուսաստանն ազդեցության լծակներ է գործադրում Ադրբեջանի վրա, որ վերջինս թույլ չտա Թուրքիային Հարավային Կովկասում դառնալ թիվ մեկ դերակատար։
- Էրդողանի և Ալիևի միջև 100%-անոց վստահություն չկա, որովհետև Ալիևն ու նրա ընտանիքը բազմաթիվ նուրբ թելերով են կապված Ռուսաստանի հետ։ Հետևաբար՝ Ադրբեջանը միգուցե այնքան էլ չի պնդում թուրքական ֆորմատով Զանգեզուրի միջանցքի բացման հարցում, և նա հայտարարել է, որ իր համար կարևոր է Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի կատարումը։ Բացի դրանից, եթե լինի արտատարածքային միջանցք, դա բերելու է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճին, ինչը չի մտնում Ռուսաստանի պլանների մեջ։
- Եվրոպացիների համար թիվ մեկ խնդիրը հետևյալն է՝ լինի Կենտրոնական Եվրոպան Թուրքիայի հետ կապող ճանապարհ՝ Ադրբեջանով ու Հայաստանով անցնող, ու այդ ճանապարհի վրա չլինեն ռուսներ։ Ռուսների համար սկզբունքը հետևյալն է՝ կա՛մ Զանգեզուրի միջանցքով կլինի ճանապարհ իր ներկայությամբ կամ փաստացի հսկողությամբ, կա՛մ ճանապարհ չի լինի։
- Երբ ադրբեջանցի փորձագետներին հարցնում են՝ ինչո՞ւ պետք է ադրբեջանցիներն արտոնյալ պայմաններով ու անժամկետ Հայաստանով կարողանան երթևեկել, իսկ Հայաստանի քաղաքացիները՝ Ադրբեջանում՝ ոչ, մեզ ասում են՝ որովհետև դուք եք պարտվել, իսկ հաղթողների ու պարտվողների համար նույն պայմանները չեն կարող լինել։ Ադրբեջանը փորձում է չկրկնել մեր սխալները, երբ մենք պատերազմում հաղթեցինք, բայց դա ոչ մի տեղ չֆիքսվեց։ Ադրբեջանը մտածում է, որ միակ երաշխիքը, որ Հայաստանը չի կարող հետ բերել իր կորցրածը, ասենք, մինչև 2050թ․Հայաստանին մշտապես թույլ վիճակում պահելն է, որովհետև ժամանակակից աշխարհում ոչ մի թուղթ երաշխիք չէ, ուզում ես՝ թղթի վրա երդվիր, որ մոռանում ես Արցախի մասին, միևնույն է, դա որևէ երաշխիք չէ։
- Եթե Ադրբեջանը շահագրգիռ է, որ Հայաստանում իշխանություն չփոխվի, Ադրբեջանը պետք է մինչև 2026թ․ ընտրություններ ինչ-որ բան ստորագրի։ Մյուս կողմից տեսնում ենք, որ դեռևս որևէ թուղթ ստորագրելու մտադրություն Ադրբեջանը չունի։ Այդ համաձայնեցված պայմանագիրը, որի տեքստը մենք չենք տեսնում, ինքնին շրջանակաձև է, որովհետև մի շարք կարևորագույն հարցերի չի անդրադառնում։ Հետևաբար՝ ես չեմ պատկերացնում, որ նոր փաստաթուղթ ստորագրեն։ Իմ գնահատմամբ՝ եթե Հայաստանը չափից դուրս թույլ է, Ադրբեջանի համար էական չէ՝ ով է Հայաստանի ղեկավարը։
- Եվրոպացի դիտորդներն այստեղ են, որ շաբաթը մեկ փակ զեկույց ուղարկեն Բրյուսել, որտեղից դրանք ուղարկվում են 27 պետությունների։ Եվրամիության առաքելությունը, իհարկե, կարող է ավելի ակտիվ հայտարարել, որ Ադրբեջանի հայտարարությունները՝ հայկական կողմի կրակոցների մասին, իրականությանը չեն համապատասխանում։
- ԵՄ անդամակցության մեկնարկը և Եվրաքվեի օրենքն իրար հետ զրո առնչություն ունեն։ Ռուսները մտավախություն ունեն, որ թեպետ հիմա նման գործընթաց չկա, ապա այն կարող է հետագայում սկսվել։ Օրենքի ընդունման նպատակն այն է, որ 2026թ․ իշխող կուսակցությունը քարոզչական նպատակներով կարողանա ասել՝ սկսել ենք ԵՄ անդամակցության գործընթաց, ու կապ չունի, որ դա իրականության հետ կապ չունի։
- Եվրոպացիներն էլ չեն հասկանում ԵՄ անդամակցության մասին ՀՀ կառավարության կողմից ստորագրված և ԱԺ-ում քվեարկությամբ անցկացված այդ օրենքից, ընդհանրապես չեն հասկանում՝ դա ինչի մասին է: Եվրոպայից որևէ մեկը չի ասել, որ պատրաստ են մեզ ընդունել ԵՄ:
- Իշխանությունների կողմից ներկայացվող նոր փաստաթուղթը՝ «Նոր գործընկերության օրակարգը», ոչ միայն չի կարող փոխարինել CEPA-ին, այլև Եվրամիության կողմից նման պահանջ դրված չէ։
- Չի կարելի թույլ տալ, որ Մինսկի խումբը փակվի, որովհետև այդ ֆորմատն Արցախի մասին է։ Հիմա և առաջիկա 50 տարում հայության մեծ մասի համար Արցախի հարցը փակված չէ ու փակված չի լինելու, և էթնիկ զտումը չի կարող համարվել Արցախյան հարցի լուծում։ Հարցը փակված չէ, իսկ եթե հարցը փակված չէ, ուրեմն ինչո՞ւ է պետք փակել Մինսկի խումբը։
- Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին Փաշինյանի մասնակցությունն Արևմուտքում զայրույթ չի առաջացնի, ինչպես նաև ոչինչ չի փոխի հայ-ռուսական հարաբերություններում։
Մանրամասները՝ տեսանյութում։