Գուրգեն Արսենյանը դեմ է, որ ՀՀ–ում դադարեցվի ռուսական որոշ հեռուսաալիքների հեռարձակումը. ՈՒՂԻՂ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը դեմ է, որ Հայաստանում ռուսական որոշ հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցվի։
«Խոսքի ազատությունը դա խոսքի ազատություն է, որովհետև եթերազրկման պրոցեսը կարող է տևել անվերջ… Սա եթերազրկենք, նա եթերազրկեն, հետո ձեզ եթերազրկենք… Հետո՞»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց նա։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում երեկ ռուսական Առաջին ալիքի եթերում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած, մեղմ ասած, վատ գնահատականներին, նա պատասխանեց. «Առանց մի դրամ ծախսելու ևս մեկ անգամ բարձրացավ մեր երկրի ղեկավարի վարկանիշը»։
ՀՀ-ում կարգելափակվե՞ն ռուսական պետական հեռուստաալիքները. նախարարի պատասխանը
Հիշեցնենք` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Նա նաև նշել էր, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն անդրադարձել էր ՔՊ–ական պատգամավորի հայտարարություններին և ասել, որ համոզված է` ՀՀ–ում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։