Ինչո՞ւ է ԱՄՆ կառավարությունն այդքան ուշադիր Իսրայելի նկատմամբ, բայց ոչ Հայաստանի
Այս օրերին հայության շրջանակում ամենատարածված հարցն է, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգների կառավարությունն այդքան վճռականորեն և արագորեն աջակցեց Իսրայելին, բայց ոչ Հայաստանին և Արցախին:
Հարցն ավելի արդիական դարձավ, երբ անցած շաբաթ Politico-ն հայտնեց, որ պետքարտուղար էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է՝ «Ադրբեջանն առաջիկա շաբաթներին կարող է ներխուժել Հայաստան»:
Հոկտեմբերի 3-ին կոնգրեսականներ Նենսի Փելոսիի, Աննա Էշուի, Ֆրենկ Փալոնի և այլոց հետ հեռախոսազրույցի ժամանակ Բլինքենը, ըստ հաղորդագրության, ասել է նրանց. «Պետդեպարտամենտը փնտրում էր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղիներ և չի ծրագրում երկարաձգել վաղեմի պայմանագիրը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Բաքվին»: Բլինքենը հավելել է. «Պետդեպարտամենտը հավանականություն է տեսնում, որ Ադրբեջանը կներխուժի հարավային Հայաստան առաջիկա շաբաթների ընթացքում»: Politico-ն գրել է, որ երկու այլ անհայտ աղբյուրներ հաստատել են հեռախոսազրույցը։ Կոնգ. Փալոնը հոկտեմբերի 11-ին թվիթերում գրել էր, որ «Ալիևն առաջ է շարժվում իր նպատակին հասնելու համար՝ գրավելու Հայաստանի հարավը»: Հոկտեմբերի 15-ին «Արմենպրես»-ին տված գրավոր հաղորդագրության մեջ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ «Politico»-ի հոդվածը «սխալ է և ոչ մի կերպ չի արտացոլում այն, ինչ քարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»: Այնուամենայնիվ, Politico-ն հայտարարել է, որ հաստատակամ է իր զեկույցի վերաբերյալ։
Զարմանալիորեն, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին ասաց, որ «ռիսկը չափազանց ցածր է եղել», և որ սահմանի երկու կողմերում ռազմական կուտակումներ չեն եղել։ Այսպիսով, վարչապետը հակասել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին, որը հոկտեմբերի 6-ին ասել էր՝ Ադրբեջանը ակտիվորեն նախապատրաստվում է առաջիկա շաբաթների ընթացքում ներխուժել Հայաստան։
Եվ ամենակարևորը, Բլինքենը և ԱՄՆ այլ պաշտոնյաներ բազմիցս ասել են, որ իրենք հավատարիմ են «Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Նրանք հայտարարել են, որ «խորապես մտահոգված են Ադրբեջանի ռազմական գործողություններով՝ հայտարարելով, որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է»։ Այնուամենայնիվ, ԱՄՆ կառավարությունը ոչ միայն անտեսեց Ադրբեջանին ուղղված սեփական նախազգուշացումները, այլև Արցախի, ինչպես նաև Հայաստանի որոշ հատվածների բռնագրավումը։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, ըստ երևույթին, որոշել են, որ Թուրքիան և Ադրբեջանը շատ ավելի կարևոր են իրենց համար, քան Հայաստանը՝ անտեսելով Հայաստանի հետ Ռուսաստանի կնքած պայմանագրերը և հայերի հանդեպ արևմտյան երկրների ունեցած համակրանքը։ Նրանք հայերին ուղղակի կարեկցական խոսքեր են ասել՝ զրո գործողությամբ։ Նման խայտառակ պահվածքը քաջալերել է Բաքվի բռնակալին անպատիժ կերպով առաջ գնալ իր զավթողական ծրագրերով։ Այս խոշոր տերությունները նույնիսկ համարձակություն չունեցան ընդունելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որը կդատապարտեր Ադրբեջանին կամ պատժամիջոցներ կսահմաներ։
Հասկանալի է, որ հայերի մեծ մասը զայրացած է Իսրայելի կառավարության վրա, որ թույլ է տվել իր զենք արտադրողներին տրամադրել ադրբեջանական արդիական սպառազինությունների 60 տոկոսը, որով սպանել և վիրավորել են հազարավոր հայ զինվորների 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո:
Ամենակարևոր խնդիրն այն է, թե ինչու է ԱՄՆ-ն այդքան պաշտպանում Իսրայելին, բայց ոչ Հայաստանին: Կարճ պատասխանն է՝ հիմնականում Ամերիկայի հրեական համայնքի ակտիվության շնորհիվ: Կար ժամանակ, երբ հրեա ամերիկացիները ենթարկվում էին խտրականության բազմաթիվ առումներով: 1920-ականներից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան համալսարանները սահմանափակել էին ընդունվող հրեա ուսանողների թիվը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Նահանգները նույնիսկ հրաժարվել էր ընդունել Հոլոքոստից փրկված հազարավոր հրեաների:
Այնուամենայնիվ, հրեա ամերիկացիները հաղթահարեցին բազմաթիվ խոչընդոտներ՝ նշանակալից դեր խաղալով ամերիկյան կյանքի բոլոր ոլորտներում, ինչպիսիք են բիզնեսը, գիտությունը, արվեստը, գրականությունը, երաժշտությունը, կինոն, թատրոնը, կատակերգությունը, լրատվամիջոցները, քաղաքացիական իրավունքները և քաղաքականությունը: 2023 թվականի հունվարի դրությամբ Կոնգրեսում կային 37 հրեա ամերիկացիներ՝ 10 սենատոր և Ներկայացուցիչների պալատի 27 անդամ։ Սենատոր Չակ Շումերը Սենատի մեծամասնության առաջնորդն է:
ԱՄՆ կառավարությունը 53.6 միլիոն դոլար է հատկացրել Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարան կառուցելու համար՝ նվիրաբերված դաշնային հողի վրա: Տարիների ընթացքում տասնյակ ամերիկացի հրեաներ ծառայել են ԱՄՆ Գերագույն դատարանում: Շելլի Գրինսպենը հրեաների հետ կապերի Սպիտակ տան ներկայացուցիչն էր: Պետքարտուղարությունում Էլեն Ժերմենը Հոլոքոստի հարցերով հատուկ բանագնացն է, իսկ դեսպան Դեբորա Լիփշտադը՝ հակասեմականության վերահսկման և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը:
Փոխնախագահ Կամալա Հարիսի ամուսին Դուգլաս Էմհոֆը ծագումով հրեա ամերիկացի է: Կան մի քանի հրեաներ կառավարական բարձր պաշտոններում, ինչպիսիք են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, ֆինանսների նախարար Ջանեթ Յելինը, գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը, ներքին անվտանգության քարտուղար Ալեխանդրո Մայորկասը, Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը, ԿՀՎ (CIA) փոխտնօրեն Դեյվիդ Քոհենը, Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի նախագահ Գարի Գենսլերը, Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության տնօրեն Էրիկ Լանդերը, Առողջապահության փոխնախարար Ռեյչել Լևինը և Ազգային անվտանգության գործակալության կիբերանվտանգության տնօրեն Անն Նոյբերգերը:
80 տարի առաջ, երբ 400 ռաբբիներ խնդրել էին հանդիպել նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հետ, նրանց մերժել էին: Սակայն անցյալ շաբաթ մի խումբ հրեա ամերիկացիներ հանդիպեցին նախագահ Ջո Բայդենին Սպիտակ տանը, որը լուսավորված էր Իսրայելի դրոշի գույներով։ Նրանք երկար ճանապարհ են անցել։
Վիքիպեդիան, «Միացյալ Նահանգներում իսրայելական լոբբի» կատեգորիայում, նշում է «Հանուն Իսրայելի միավորված քրիստոնյաներ»-ը՝ ավելի քան յոթ միլիոն անդամով, Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեն (AIPAC), որն ունի երեք միլիոն անդամ և 100 միլիոն դոլար տարեկան բյուջե, և «J Street»-ը՝ տարեկան 2 մլն դոլար բյուջեով։ Մյուս կողմից, ամերիկահայերն ունեն երկու նեցուկ կանգնող խումբ՝ Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ սահմանափակ բյուջեներով: Հայերը պետք է վարձեն ամերիկյան հզոր լոբբիստական ընկերություններ՝ հակազդելու Ադրբեջանի և Թուրքիայի լոբբիստական ընկերություններին:
Հայերը պետք է բազմապատկեն իրենց ներգրավվածությունը քաղաքական քարոզարշավներում և առաջադրվեն որպես թեկնածու ընտրովի պաշտոններում: Ուսումնական հաստատությունների ուսանողները պետք է մասնագիտանան քաղաքագիտության կամ միջազգային հարաբերությունների մեջ: Հայերը պետք է ավելացնեն իրենց շփումները Միացյալ Նահանգների լրատվամիջոցների հետ, գրեն նամակներ խմբագրերին և մեկնաբանություններ՝ տեղական ու պետական թերթերում: Համայնքը պետք է ֆինանսապես աջակցի հայկական լոբբիստական խմբերին և նպաստի քաղաքական թեկնածուների դրամահավաքի քարոզարշավներին: Ամերիկայի կյանքում կարևոր դերակատարում ունենալով` հայերը կկարողանան ազդել Միացյալ Նահանգների ներքին և արտաքին քաղաքականության վրա և աջակցել Հայաստանին ու Հայ դատին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի