Չարածը նորի տակ են փորձում անցկացնել
Նիկոլ Փաշինյանի ձևավորված, այսպես կոչված՝ նոր կառավարությունը ներկայացրել է իր գործունեության առաջիկա 5 տարիների ծրագիրը։ Ծրագիր, որը շատ բաներով կրկնում է նախորդի չկատարված խոստումները։ Նախկին բազմաթիվ խոստումներ չեն կատարել, փոխարենը դրա համար պատասխան տան, փորձում են նորովի խաբել ժողովրդին՝ երբեմն ավելի համեստ պարտավորություններով ու նոր ժամկետով։
Նախորդ ծրագրով կառավարությունը հայտարարում էր, որ աղքատությունը կրկնակի նվազեցնելու և գործազրկությունը 10 տոկոսից ներքև իջեցնելու համար անհրաժեշտ է ապահովել տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ։ Թվերով 7 տոկոսանոց աճ եղել է, բայց ինչպես աղքատությունը կիսով չափ չի կրճատվել, այնպես էլ գործազրկությունը չի նվազել 10 տոկոսից, չնայած կառավարությունն ամեն տարի տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ստեղծման մասին է խոսում։ Սրա պատճառներից մեկն այն է, որ տնտեսական աճն ինչպես ներառական, այնպես էլ որակական չէ։ Տնտեսական աճի եղած արդյունքներն էլ խիստ անհամաչափ են բաշխվել։
Պարզ օրինակ՝ պաշտոնյաների եկամուտներն այս ընթացքում տասնյակ-միլիոններով են ավելացել, իսկ կենսաթոշակներն ընդամենը մի քանի հազար դրամով են բարձրացել։ Կենսաթոշակների բարձրացումը նույնիսկ ավելի փոքր է եղել, քան գնաճի իրական ազդեցությունը։
Աղքատությունը նախորդ ծրագրով նախատեսել էին կիսով չափ նվազեցնել, այս ծրագրով խոստանում են նվազեցնել 5 տոկոսային կետով։ Ոչ միայն ժամկետն են տեղափոխել, այլև նշաձողն են իջեցրել։ Այս անգամ աղքատության կրճատման գրեթե 3 անգամ ավելի ցածր տեմպ են վերցրել։ Դա էլ, եթե նույնիսկ հաջողեն իրականացնել, աղքատությունն անգամ նախորդ ծրագրով նախատեսված մակարդակին չի հասնելու։
Նոր ծրագրով աղքատությունը նվազեցնելու առավել քան համեստ նպատակ են դրել։ Պարզ է, թե ինչո՞ւ. առաջիկա 5 տարիներին կենսաթոշակների իրական բարձրացում չի լինելու։
«Արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու նպատակով իրականացվելու է կենսաթոշակների ինդեքսավորում»,- սա է կառավարությունը նախատեսել թոշակառուների համար առաջիկա 5 տարիներին։
Ինչքան այժմվա կենսաթոշակն է թոշակառուների համար ապահովում արժանապատիվ կենսապայմաններ, այնքան էլ ինդեքսավորումը կապահովի։
Թոշակառուները, որոնց ընտրությունների նախաշեմին խաբեցին 10 հազար դրամով թոշակները բարձրացնելով, ստիպված կլինեն բավարարվել թոշակների բացառապես ինդեքսավորմամբ։ Այն էլ՝ ոչ հաջորդ տարվանից։ Թոշակների ինդեքսավորում նախատեսում են 2028թ. սկսած, չնայած այս տարի արձանագրվող բարձր գնաճին։ Հաջորդ տարվա գնաճի մասին դեռ չենք խոսում։
Թե մինչ այդ ի՞նչ կմնա թոշակառուի գրպանում 10 հազար դրամով բարձրացված թոշակից, դժվար չէ պատկերացնել։
Թոշակների ինդեքսավորումն էլ անելու են այնպես, որ աղերս չունենան՝ ինչպես պարենային, այնպես էլ՝ սպառողական զամբյուղների իրական արժեքների հետ։
Նպաստառուների դեպքում էլ շարունակելու են իրականացնել «բարեփոխումները»՝ անապահովության գնահատման նոր համակարգի ու չափանիշների հիման վրա։ Այդ չափանիշների ներդրմամբ արդեն տեսնում ենք, թե ինչպես են հազարավոր նպաստառուներ զրկվում նպաստ ստանալուց։
Առաջիկայում զրկվողների քանակը շատ ավելին կլինի։ Նրանից շատերն անկասկած կհայտնվեն աղքատության ավելի խորը փոսում։ Բայց նման դեպքերի համար Նիկոլ Փաշինյանն արդեն պատրաստի բաղադրատոմս ունի, ասում է՝ աղքատ են, իրենց խնդիրն է, ո՞վ է ասել, թե դրա պատասխանատուն կառավարությունն է։
Թոշակների իրական բարձրացումից հրաժարված կառավարությունը թոշակառուներին ու ընդհանրապես մյուս սոցիալական խմբերին առողջության ապահովագրությամբ է փորձում մոլորեցնել։ Ծրագրում ամրագրել են, որ ամբողջ բնակչությունը ներառվելու է ապահովագրության համակարգում։ Բայց մոռանում են, որ այդ խոստումը նախորդ ծրագրով էլ էին տվել ու չեն իրականացրել։ Նախորդ ծրագրով արդեն այս տարի ամբողջ բնակչությունը պիտի ներառված լիներ ապահովագրության համակարգում։ Հիմա խոստանում են անել մինչև 2029թ.։
Ապահովագրության որակից ու ընձեռած հնարավորություններից էլ չենք խոսում։
Նախորդ ծրագրով խոստացած 300 դպրոցի կառուցում-կահավորումը չավարտած, նոր 300 դպրոցից են խոսում։ Այդ դպրոցների մեծ մասն այն նույն դպրոցներն են, որոնք ընդգրկված էին նախորդ ծրագրում, բայց այդպես էլ նախատեսված ժամկետներում չկառուցվեցին։ Ծրագիրը պիտի ավարտվեր մինչև 2026թ., բայց ժամկետի ավարտին պատրաստ էր ընդամենը 122-ը։
Մնացածը ներառել են նոր ծրագրում ու ուզում են համոզել, թե կրկին 300 դպրոց են պարտավորվում կառուցել։
Նույն խորամանկությունն արել են նաև ջրային ենթակառուցվածքների ոլորտում։ Նախորդ ծրագիրը նախատեսում էր 15 ջրամբարի նախագծում ու կառուցման մեկնարկ։ Սակայն ոչ միայն կառուցումը չմեկնարկեցին, այլև մեծ մասը նույնիսկ չնախագծվեց։ Նախորդ 15-ի փոխարեն, այս անգամ 10 ջրամբարի կառուցում են խոստանում սկսել։ Սկսել, բայց ոչ ավարտել։
Այս ծրագրով նվազեցվել է նաև տնտեսական աճի ակնկալիքը. Նախկինում եթե 7, նպաստավոր արտաքին միջավայրի պայմաններում՝ 9 տոկոս էր, իջեցրել են 6-ի, ինչն էլի խնդրահարույց է։ Ու դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն խնդիրները, որոնց առաջ տնտեսությանն ու բիզնեսին կանգնեցրել է կառավարությունը։ Խոսքը նույնիսկ արտահանման խնդիրների մասին չէ։
Կառավարությունն իր ծրագրում ամրագրել է, որ Հայաստանը տարածաշրջանում առավել գրավիչ ներդրումային ուղղություններից մեկը դարձնելու նպատակով ձևավորելու է պաշտպանված, կանխատեսելի, թափանցիկ, կայուն և վստահելի ներդրումային միջավայր։
Պատկերացնո՞ւմ եք, ներդրումների պաշտպանվածության մասին խոսում է մի կառավարություն, որը քաղաքական հաշվեհարդար է իրականացնում ներդրողների նկատմամբ, բացահայտ ու առանց հիմքերի խլում է մարդկանց սեփականությունը, աջ ու ձախ ոտնատակ է տալիս ներդրումների ու սեփականության իրավունքի տարրական նորմերը։
Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի խոշոր ընկերություններից մեկի՝ ՀԷՑ-ի, այն ինչ հիմա կատարվում է Գագիկ Ծառուկյանին պատկանող տասնյակ ընկերությունների հետ, բավարար է պոտենցիալ ներդրողների համար, որպեսզի հասկանան, թե ինչ արժեք ունեն կառավարության նման հայտարարությունները՝ ներդրողների պաշտպանության վերաբերյալ։
Ներդրողներն իրենց որոշումները կայացնում են ոչ թե կառավարության հավաստիացումների ու խոստումների, այլ կոնկերտ գործողությունների հիման վրա։ Տասնյակ ծրագրեր էլ գրեն ու խոսեն ներդրումների պաշտպանության վերաբերյալ, դրանից ներդրողների վստահությունը չի ավելանա, քանի դեռ այսպես են վարվում ներդրողների հետ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

