Պայքար նախկինների դեմ․ ինչու են մեղադրանքներ առաջադրվել Հայաստանի երկու նախկին նախագահներին

Հայաստանում գործող իշխանությունը խախտեց տարիներ շարունակ պահպանվող լուռ տաբուն՝ չհետապնդել նախկին ղեկավարներին։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ այսպես կոչված, «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչները, մարմնավորում են գաղափարախոսություն, որից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վճռականորեն հրաժարվել է. կարծում է Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Международная аналитика» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։

2026 թվականի օգոստոսի սկզբին իր աշխատանքները սկսեց Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը։ Ընտրվել են նրա ղեկավար մարմինները, հաստատվել է կառավարության 2026-2031 թվականների նոր ծրագիրը։

Թվում էր, թե հանրապետությունում քաղաքական պայքարի սրությունը պետք է աստիճանաբար վերանար։ Իշխող կուսակցությունը հաղթանակ տարավ՝ ձևավորելով միակուսակցական, այլ ոչ թե կոալիցիոն կառավարություն։ Բայց այսօրվա Հայաստանը կարծես թե փոքր-ինչ փոփոխված տեսքով կրկնում է խորհրդային առաջնորդի այն բանաձևը, թե դեպի սոցիալիզմ առաջընթացին զուգընթաց՝ դասակարգային պայքարն ուժեղանում է։ Միայն սոցիալիզմի փոխարեն Հայաստանի այսօրվա իշխող վերնախավի համար ուղենիշ է եվրոպական ինտեգրացիան:

Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդարանի պատգամավորների առջև կառավարության ծրագրի ներկայացման իր ելույթում նույնիսկ հստակ նպատակ է նշել՝ մինչև 2029 թվականն առանց վիզայի ռեժիմ Շենգենյան համաձայնագրի երկրների հետ։

Զուգահեռաբար, կառավարության կուրսի հակառակորդները քրեական հետապնդման են ենթարկվում։ Նրանց դեմ շատ գործեր հարուցվել կամ թարմացվել են անմիջապես ընտրարշավի ավարտից հետո։ Ընտրություններից արդեն երկու օր անց մեղադրանք առաջադրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանին, նրան, որը չհաղթահարեց ընտրական շեմը․ նրա կուսակցությանը չբավականացրեց ձայների ընդամենը 0,02 տոկոսը խորհրդարան մտնելու համար: Հունիսին քրեական գործ հարուցվեց նաև «Հայաքվե»/«Հայ Ձայն» ընդդիմադիր հարթակի համակարգող Ավետիք Չալաբյանի դեմ: Ու թեև օգոստոսի 21-ին նա ազատ է արձակվել կալանքից, սակայն նրա նկատմամբ վարույթը չի կարճվել։

Հարվածի տակ են հայտնվել նաև «Դաշնակցություն» կուսակցության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը և «Ուժեղ Հայաստան» ամենամեծ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը: Պատգամավորի հորեղբայրը՝ իշխանամետ «Քաղաքացիական պայմանագրի» գլխավոր ընդդիմախոս Սամվել Կարապետյանը, շարունակում է  մնալ տնային կալանքի տակ, որտեղ էլ նա անցկացրեց ողջ ընտրարշավը։ 2026 թվականի հուլիսին դատարանը երկարաձգեց նրա նկատմամբ խափանման միջոցը։

Սակայն այս համապատկերին երկու նախկին նախագահների՝ 1998-2008 թվականներին այդ պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի և 20082018 թվականներին պետությունը ղեկավարած Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթներ սկսելու մասին լուրերն առանձնահատուկ հնչեղություն ստացան։ Փաստորեն, հայ իրավապահների համար համաժամանակյա  թիրախ դարձան երկու պետական գործիչներ, որոնք ընդհանուր առմամբ երկու տասնամյակ ղեկավարել են Հայաստանը։ Ինչո՞վ են բացատրվում այդ «զտումները»՝ այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը հաղթեց ընտրություններում և առնվազն 5 տարով փակեց երկրում քաղաքական առաջնորդության հարցը։

Լեգիտիմացման գործիք

Ակնհայտ քաղաքական հնչեղություն ունեցող քրեական գործերի շարքի մասին խոսելիս՝ պետք է նկատի ունենալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական բնույթի մի քանի հանգամանքներ: 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո Քոչարյանի դեմ արդեն լուրջ մեղադրանքներ էին առաջադրվել։ Մեծ հաշվով, նախկին նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն կապված էր նրա դեմ հարուցված քրեական գործի հետ։ Սակայն մեղադրանքի իրավական կառուցվածքը խնդրահարույց էր։

2020 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) խորհրդատվական եզրակացության մեջ ընդգծել է nullum crimen sine lege սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը՝ չի կարելի հետադարձ ուժով կիրառել ավելի խիստ քրեական օրենք։ Բայց Փաշինյանի թիմն առաջնորդվում էր ոչ միայն իրավական փաստարկներով։ Դրա լեգիտիմությունն առավելապես կառուցվել է «հեղափոխական» տրամաբանության և «նախկինների» դեմ պայքարի վրա։

Ութ տարի առաջ Փաշինյանը քաղաքական ժառանգություն ստացավ անվերահսկելի խորհրդարանի տեսքով, որտեղ գերիշխում էին նրա ընդդիմախոսները Հանրապետական կուսակցությունից, անհավատարիմ Երևանի քաղաքապետարան (Երևանում կենտրոնացած է երկրի բոլոր ընտրողների ավելի քան մեկ երրորդը), տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք պահպանել էին ինքնավարության զգալի աստիճան, դատական համակարգ՝ նոր կառավարության վերահսկողությունից դուրս, ինչպես նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, որոնք չընդունեցին «թավշյա հեղափոխությունը»։

2018-2022 թվականների ընթացքում դժգոհության այս բոլոր աղբյուրները վերացվեցին։ Այսօր կառավարությունը փորձում է իր վերահսկողության տակ առնել Հայ Առաքելական եկեղեցին. լայնածավալ արշավ է ծավալվել նրա առաջնորդ Գարեգին Բ-ի դեմ: Եվ կառավարության նոր ծրագրում, որը հաստատվել է խորհրդարանական մեծամասնության կողմից, խնդիրներից մեկը «եկեղեցական բարեփոխումն» է։

Այս համատեքստում իշխանությունները ձգտում են պահպանել իրենց լեգիտիմությունը՝ որպես «հեղափոխական ուժ», թեև ընտրությունների ընթացքում երկգույն պատկերը զգալի վերանայման է ենթարկվել, առաջին հերթին՝ հայ ընտրողի կողմից: Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» երկրորդ տեղը դրա վկայությունն է։

Բայց կոշտ երկբևեռ հակադրությունն իշխանություններին ավելի ծանոթ է։ Ուստի և վարչապետի, և նրա թիմակիցների հռետորաբանության մեջ հետևողականորեն փորձեր են արվում ներկայացնել այնպիսի տարբեր քաղաքական գործիչների, ինչպիսիք են Կարապետյանը, Քոչարյանը, Սարգսյանը և Ծառուկյանը, որպես «հակահեղափոխական» և «ռևանշիստական» ուժերի մի միասնական ճամբար։

Ընդ որում՝ նկատենք։ Հայաստանում գործող իշխանությունը խախտել է տարիներ ի վեր պահպանվող տաբուն։ Մինչև «թավշյա հեղափոխությունը» Հանրապետությունում նախկին ղեկավարներին չէին հետապնդում։ Այսուհետ նրանց դեմ պայքարը վերածվել է ոչ միայն քաղաքական ամրապնդման, այլև գործող կառավարության լեգիտիմացման գործիքի, որը մտահոգված է իր պաշտոնավարման երկարաձգմամբ։

Փակել ղարաբաղյան թեման

Սակայն, ներքաղաքական հիմնավորումներից բացի, իշխանություններն այլ նկատառումներ էլ ունեն։ Այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին, Հանրապետությունում ծավալվեց հզոր արշավ՝ առաջ մղելու «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, այսինքն՝ մի երկիր, որը համընկնում է նախկին Հայկական ԽՍՀ սահմանների հետ։

«Միացումի», այսինքն՝ Հայաստանի Հանրապետության և արցախահայության միասնության քաղաքականությունը ներկայիս իշխանությունների կողմից բնորոշվել է՝ որպես ազգային շահերին խորթ։ Կառավարության նոր ծրագրում խոսքը Ղարաբաղյան շարժման ավարտի մասին է։ Նախագծում չկան ոչ «Արցախ», ոչ «ինքնորոշում», ոչ «ԵԱՀԿ Մինսկի խումբ» բառերը։ Իշխանություններն ամեն կերպ փորձում են փակել ղարաբաղյան գեշտալտը։

Այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ներկայանում են՝ որպես ղարաբաղյան գործի երկու կենդանի խորհրդանիշ։ Քոչարյանը չճանաչված ԼՂՀ առաջին նախագահն էր 1994 թվականի դեկտեմբերից մինչև 1997 թվականի մարտ, իսկ մինչ այդ ղեկավարել է տեղական ինքնակառավարման մարմինը։ Նա Ադրբեջանի հետ ամբողջ առաջին հակամարտությունն անցկացրեց Ղարաբաղի հողում: Հայկական մեծ քաղաքականություն նա մուտք է գործել Ստեփանակերտից։ Իսկ Սերժ Սարգսյանը 1992-1993 թվականներին եղել է ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար։

Հայկական հրապարակախոսության մեջ երկար տարիներ շրջանառվում էր «ղարաբաղյան կլանի» կերպարը։ Մանրամասն չենք վերլուծի այս մեդիա գործիքի թերությունները: Արձանագրենք միայն, որ «նախկիններն» այսօրվա հայաստանյան իշխանության համար «միացում» գաղափարախոսության մարմնավորումն են, որը Երևանում փաստացի օրենքից դուրս է հայտարարված։

Նախկինում բազմիցս գրել ենք Հայաստանում ընտրությունների ավարտը չի նշանավորում «պատմության ավարտ», քանի որ շարունակվում է քաղաքական ու գաղափարական տարածության վերակազմավորումը։ Եվ դրա հետ մեկտեղ՝ հասարակության ու քաղաքական էլիտայի բևեռացումը։ «Նախկինների» անձեռնմխելիության տաբուի խախտումը երկսայրի զենք է, որն ապագայում վտանգ է ներկայացնում նաև այսօրվա իշխանությունների համար։

ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ

forbes.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31