Եթե Ադրբեջանը փորձի ռազմական գործողություններ անել, դա առաջնային կլինի «անկլավների» ուղղությամբ, դրա համար ՀՀ իշխանությունները տվել են լեգիտիմ հիմք. Արթուր Եղիազարյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Ֆրանսիան այսօր շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»: Մյուս կողմից, ԱՄՆ պաշտոնյաներ են ժամանել Հայաստան: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին, ով վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Ինչ է սա ենթադրում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեպքում: Սրան գումարած՝ Կրեմլից հայտարարում են, որ Ռուսաստանը շարունակելու է երկխոսությունը Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի հետ, և, որ Երևանը մնում է դաշնակից:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանի հետ:
– Մակրոնի հայտարարության հետ կապված՝ նշեմ՝ ցավոք սրտի, վստահություն չի ներշնչում, քանի որ մոտավորապես նման հայտարարություն նա արել էր Արցախի վերաբերյալ դեռ հունիս ամսին, և տեսնում ենք այսօր, թե ինչ է կատարվում Արցախում: Հետևաբար՝ այդ վստահությունը չկա, բացի մի բանից, որ իրենց շահերից ելնելով՝ փորձում են մտնել տարածաշրջան: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա գաղտնիք չի, որ այս տարածաշրջանի, այսպես ասած, տեր ու տիրականը հզոր երկրներից դա Ռուսաստանն է, Իրանը և Թուրքիան: Հիմնականում այս երեք գործոնն է մեր տարածաշրջանում՝ իրենց խորքային համակարգերով: Արևմուտքը փորձում է դառնալ 4-րդ գործոն, բայց բացառապես իրենց շահերի համար, սրանից հայ ժողովուրդը չի շահելու:
Ի դեպ, Արևմուտքի այս փորձերը հաստատ դիմակայության են արժանանալու այդ երեք երկրների կողմից՝ անգամ իրենց դաշնակից Թուրքիայի: Հետևաբար՝ նրանք փորձում են ՀՀ-ում իշխանությունների միջոցով դառնալ գործոն: Մենք այսօր վերածվել ենք հզոր երկրների շահերի բախման կետը՝ պալիգոնը: Երկրորդ՝ մենք կարծես թե չունենք խորքային վերլուծական կենտրոններ՝ հասկանալու ընդհանրապես Ռուսաստանի շահը ՀՀ-ում և այս տարածաշրջանում: Մենք դեռևս առաջնորդվում ենք 2-3 հարյուր տարի գոյություն ունեցող դեպի Պարսից ծոց ռուսական արևելյան քաղաքականությամբ՝ իր ձգտումներով, որով կարևորվում էր այս տարածաշրջանում իր ներկայությունը: Բայց մենք այսօր պիտի հասկանանք՝ արդյո՞ք այսօր նույն Ռուսաստանն է, արդյո՞ք նույն նախապատվություններն ունի, թե՞ ոչ: Մենք գիտենք, որ ռուսներն ամրակայվել են Միջերկրականի ափին, ունեն հենակետ: Եվ միգուցե միայն այդ մեկ կետը նրանք կարող են փոխանակել այս տարածաշրջանի հետ: Վերջիվերջո, դեպի Պարսից ծոց ձգտումը կարող է փոխվել և այլ շահեր լինեն՝ Արևելքից Արևմուտք, Մետաքսի ճանապարհ:
Մենք դեռ առաջնորդվում ենք Հյուսիս-Հարավի նախագծում ռուսների շահագրգռվածությամբ: Ամեն դեպքում, մենք պետք է հասկանանք՝ ինչի են իրենք ձգտում, ոչ մեկը պարտավոր չի մեզ համար ինչ-որ բան անելու, ամեն մեկն իր շահերով է առաջնորդվում: Ըստ այդմ՝ պետք է տեսնել, թե մենք կա՞նք իրենց շահերի շրջանակում, և մեր հարաբերություններն այդ կտրվածքով և մոտեցումով կառուցենք Կրեմլի հետ: Դաշնակից հայտարարելու առնչությամբ նշեմ, որ դարեր առաջ էլ նույն հռոմեական, բյուզանդական կայսրությունները հայտարարում էին, որ բարեկամ և դաշնակից են հայ ժողովրդին, բայց շատ դեպքերում հենց այդ դաշնակիցները, ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում, եթե չասեմ՝ դիտավորյալ, մեզ նեղ վիճակի են հասցրել: Օրինակ, Բյուզանդական կայսրությունը, որը հայոց թագավորներին առաջարկում էր կալվածքներ Անատոլիայի խորքերում, Բյուզանդական կայսրության մեջ, ինչպես 1021 թվականին Սենեքերիմ Արծրունին իր ժողովրդով տեղափոխվեց Սեբաստիա, կամ Գագիկ թագավորին, որ կալանավորեցին, հետո կալվածք տվեցին… Եվ 1045 թվականից՝ Հայոց պետականությունը քանդվելու հետ մեկտեղ, քանդվեց նաև դեպի Բյուզանդիա տանող պատվարը, ինչի արդյունքում թուրք սելջուկները հեշտությամբ ներխուժեցին: Միգուցե նույն սխալներն են ռուսները կրկնում, ինչպես Բյուզանդական կայսրությունը, որով նպաստում են թուրանական գործոնին:
– Հաշվի առնելով Արցախի հետ կատարվածը, մարդկանց բռնի տեղահանումն իրենց հողից, տնից, ռուս խաղաղապահների առաքելությունը կարո՞ղ է մինչև 2025 թվականն ավարտվել, այստեղ աբսուրդային բան կա՝ փաստացի իրենք գտնվում են, այսպես ասած, Ադրբեջանի տարածքում, ինչի մասին որևէ խոսք չկա 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության մեջ:
– Համամիտ եմ հարցադրման հետ, հակասություններ կան, որովհետև այս ամենը չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից: Բայց միգուցե այդ համաձայնագիրը վաղուց գոյություն չունի, երբ ՀՀ իշխանություններն Արցախը հայտարարեցին Ադրբեջանի մաս: Այսինքն, սրանով արդեն կարծես այդ կետերը դուրս են գալիս: Եվ վերադառնալով նախորդ պատասխանիս, պիտի կրկնեմ՝ պետք է հասկանալ, թե որն է ռուսական շահը, ինչ ձգտումներ ունեն այս իշխանությունների հետ համագործակցելով, մենք դա չգիտենք: Դրա համար քաղաքական փոփոխություն է պետք, բանակցողը պետք է փոխվի, որպեսզի կարողանանք հասկանալ սա և գոնե հետագայում ինչ-որ բան փրկելու համար ճիշտ քայլեր իրականացնենք:
– Արցախից հետո թուրք-ադրբեջանական տանդեմն առավելապես կենտրոնանալու է Սյունիքի վրա, չի բացառվում հարձակում դեպի Նախիջևան, իսկ իրադարձություններն արագ են զարգանում: Ի՞նչ սպասել, որքա՞ն ժամանակ ունենք կանխելու վատագույն սցենարները, կամ գոնե դրանք հետաձգելու համար:
– Ադրբեջանի իշխանությունները չեն թաքցնում, որ հավակնություններ ունեն Սյունիքի հանդեպ, և բացահայտ ասում են՝ Արցախից հետո Սյունիքի միջանցքի հարցն են լուծելու: Ընդ որում, նրանք նախ լեգիտիմ հիմքեր են ստեղծում, ապահովում, նոր միայն իրականացնում իրենց բուն գործողությունները և քայլերը: Եվ եթե այդ տրամաբանությամբ նայենք, ապա չեմ կարծում, որ այս պահին ռազմական ճանապարհով կփորձեն ներխուժել Սյունիք: Խոսքն այս պահի մասին է: Բայց այնքան արագ են դեպքերը զարգանում, որ ես չեմ կարող ասել, թե իրականում ինչպես կլինի, սակայն տրամաբանորեն դեռևս զերծ կմնան ռազմական ճանապարհով խնդիր լուծել, միգուցե փորձեն ստորագրություններ կորզելու կամ այլ ճանապարհով դեռ դրան հասնել, չնայած սահմանին կուտակումներ կան, և այդ տագնապալի վիճակն առկա է: Հնարավոր է՝ դա հոգեբանական ճնշման համար է, որ ՀՀ իշխանությունները գնան մեզ համար կործանարար փաստաթղթերի ստորագրմանը: Եթե ադրբեջանցիները փորձեն ռազմական գործողություններ անել, ապա դա առաջնային կլինի «անկլավների» ուղղությամբ: Ինչի՞ համար, որովհետև ՀՀ իշխանությունները դրա համար Ադրբեջանին տվել են լեգիտիմ հիմք: Այսինքն, կասի՝ չեք տալիս, կվերցնեմ ռազմական ճանապարհով, դուք եք, չէ՞, ասել, որ դա մերն է, հիմա ի՞նչն է մեր գործողությունների մեջ սխալ: Փաշինյանի ասածը նրանք դիտում են՝ որպես ՀՀ դիրքորոշում:
– Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկօրյա պաշտոնական այցով սեպտեմբերի 25-ին ժամանել էր Նախիջևան, օրակարգի գլխավոր հարցը «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն է եղել, որը Նախիջևանը պետք է միացնի Ադրբեջանին: Սյունիքի ուղղությամբ հնարավոր ռազմական գործողություններից և դրա հիմքերից խոսեցիք, ի՞նչ սպասել Նախիջևանի ուղղությամբ:
– Այստեղ պետք է կրկնեմ նախորդ ասածս, իրադարձություններն արագ են զարգանում, ամեն ինչ կախված է, թե պահը որքանով հարմար կլինի: Իրենք քայլ առ քայլ են գնում դեպի նպատակ, ինչպես ասեցի՝ ստեղծելով լեգիտիմ հիմք, որոնք, ի դեպ, տալիս են նաև ՀՀ իշխանությունները: Միաժամանակ պետք է նշել, որ մենք այսօր հայտնվել ենք մի վիճակում, որտեղ մեր կարծիքը հաշվի չի առնվում՝ որպես սուբյեկտ, և դրա համար պետք է արագ փոխվի բանակցողը, ռազմական ուժերին տիրապետողը, որպեսզի կարողանանք կազմակերպել մեր բանակը, որ նա պատրաստ լինի դիմակայելու թշնամու գործողություններին, նաև կարողանանք հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք բանակցային գործընթացից: Այսինքն, պետք է այնքան հզորանանք, կայունացնենք երկիրը, որ կարողանանք գալ 3+3 բանաձևին՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա, Իրան, Ռուսաստան: Հիմա ԱՄՆ-ը, Արևմուտքը փորձում են դառնալ 4-րդ գործոնը, ինչպես վերևում ասեցի, բայց այստեղ ՀՀ շահը բացառվում է, մինչև իրականում չվերադառնանք բանակցային սեղանի շուրջ:
Այսինքն, քանի դեռ մեզ խոսք չի հասնում, մենք ոչ թե սեղանի շուրջ նստողներից կամ բանակցողներից մեկն ենք, այլ սեղանին դրված ուտեստ ենք: Եթե այս տրամաբանությամբ ամեն ինչ շարունակվի, ՀՀ-ն լիովին դառնալու է աշխարհաքաղաքական շահերի պալիգոն, որի ժամանակ ոտքի տակ ենք ընկնելու մենք: Եթե Ադրբեջանին հաջողվի «անկլավների» հարցը լուծել ռազմական ճանապարհով, հաջորդը ռազմական առումով կվտանգվի Սյունիքը և Վայոց ձորը: Ելնելով թուրքական սիմվոլիկաներից, իրենք մեր բոլոր տոնական օրերը վերածում են հիշատակի և ողբի օրերի: Այս տրամաբանությամբ իրենք, չի բացառվում՝ օգտագործեն ՀՀ հաջորդ տոնական օրը, պիտի նայենք՝ 1 տարվա կտրվածքով ինչ տոնական օրեր կան՝ բանակի կազմավորման օր, մայիսի 28… Իսկ սա ենթադրում է, որ ունեն ժամանակ ՀՀ իշխանություններից ստորագրություններ կորզելու հօգուտ իրենց: Ժամ առաջ ՀՀ քաղաքական իշխանությունը պիտի փոխվի:
Այո, գուցե սխալ քաղաքականություն կա մեր նկատմամբ, բայց մյուս կողմից՝ ոչ մեկից չպետք է նեղանալ, այլ առաջին հերթին՝ մեզնից, որ չենք կարողանում հարաբերվել գերտերությունների հետ: Մենք փոքր երկիր ենք, և պիտի կարողանանք մեր շահը ձևակերպել տարածաշրջանում ռեալ գործող գերտերությունների շահի մեջ: Եթե դա կարողանանք անել, ապա կկարողանանք քիչ կորուստներով, անգամ՝ շահած դուրս գալ: Ես արդեն ասեցի, որ մեր պատկերացումները հին Ռուսաստանն է, որն արևելյան քաղաքականություն ուներ դեպի Պարսից ծոց, իր համար կարևորվում էր Կովկասն ու Անդրկովկասը, որը 1800-ականների սկզբներին ինքը դարձրեց իր տարածքի մաս, և այսօր էլ դաշնակցային և այլ հարաբերությամբ փորձում է մնալ տարածաշրջանում, նաև իր ռազմական ներկայությամբ: Բայց միգուցե ինչ-որ բան փոխվել է: Մեր ընկալումը սխալ է նաև Եվրոպայի վերաբերյալ, Եվրոպան այլևս քրիստոնեական կենտրոն չէ: Այսինքն, Վատիկան, Հռոմի Պապ փիառի տակ մենք դեռ ամբողջական Եվրոպան ընկալում ենք՝ որպես քրիստոնեական Եվրոպա:
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Եվրոպայում քիչ մարդ է իրեն քրիստոնյա համարում, ցուցանիշը ցածր է: Օրինակ, Շվեդիայում 7 տոկոսն է իրեն համարել քրիստոնյա: Հետևաբար՝ ՌԴ-ում նույնպես կարող են մոտեցումներ փոխված լինել: Կհիշեք, որ որոշ ժամանակ առաջ ՌԴ պաշտոնյաներից մեկն ասել էր, որ Թուրանի կենտրոնն իրենք են, ոչ թե Թուրքիան, չեմ հիշում հիմա անունը: Այսինքն, ռուսն ու ռուսաստանցին տարբեր բաներ են: Եթե նկատել եք, արդեն 2-րդ տասնամյակն է, որ ՌԴ-ում նվազել է «русский» հասկացությունը՝ տեղը զիջելով «россиянин» ասվածին: ՌԴ ժողովրդագրական տվյալները ցույց են տալիս, որ սլավոնական ազգերի թիվը կրճատվում է, փոխարենը՝ ավելանում են թաթարները, ուդմուրտները և այլք: