Նախիջևանյան թևում մեր բազմաթիվ դիրքեր ռազմավարական առումով առավելություն ունեն թշնամու դիրքերի նկատմամբ. Փաշինյանն առաջարկում է դո՞ւրս գալ այս կետերից. Շիրազ Խաչատրյան
Պաշտպանության Բանակն ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի տեղաշարժերն ու կենտրոնացումն ապացուցող տեսանյութ էր տարածել: Այսինքն, Ադրբեջանը ռազմական տեխնիկա է կուտակում արցախյան թևում:
Ի՞նչ մասշտաբի գործողություն սպասել Ադրբեջանից այս թևում, նաև՝ հայաստանյան սահմանային հատվածներում:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:
– Ադրբեջանական կողմն արդեն 270 օր պաշարված է պահում Արցախը, և չնայած այն հանգամանքին, որ այդ 9 ամիսների ընթացքում արդեն աղետալի իրողությունների առաջ են կանգնեցրել արցախահայությանը: Բայց այդ ամենով հանդերձ, թշնամին տարածաշրջանային խաղացողներին և Հայաստանին փորձում է նոր իրողությունների առաջ կանգնեցնել, այս անգամ՝ կրկին ուժի ցուցադրման ձևով, փորձելով խոսել ռազմական սպառնալիքի լեզվով։ Սակայն Արցախի, ինչպես նաև Հայաստանի սահմանագծի տարբեր ուղղություններում նկատվող մեծածավալ շարժերը պետք է դիտարկել ոչ միայն ռազմական, այլև քարոզչական, հոգեբանական ներազդման տեսանկյունից։ Այնպես չէ, որ արցախյան թևում ադրբեջանական կողմը 44-օրյա պատերազմից հետո ռազմական էսկալացիաների չի գնացել, մեկ անգամ չէ նաև, որ ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի մի շարք բնակավայրերի վրա ռազմական հարձակումների է դիմել, 2022 թվականի մարտ ամսվա իրադարձությունները դրա վառ վկայությունն են։ Բայց, ըստ իս, փորձ է արվում տեղեկատվական քարոզչական մակարդակում օրակարգի մեջ պահել նոր լարվածության հավանականությունը, իսկ պատեհ պահի՝ դրա իրագործման հնարավորությունը, ինչն էլ իր հերթին՝ կարող է խառնել տարածաշրջանային խաղացողների խաղաքարտերը։
– Անդրադարձաք ՀՀ-ի սահմանագծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կուտակումներին, այո, ըստ բաց աղբյուրների, ռազմական տեխնիկայի և զորքի կուտակումներ են նկատվել նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Նախիջևանի ուղղությամբ: Ավելին, որոշ փորձագետներ հավանական են համարում Նախիջևանի կողմից հարձակումը՝ Երասխից մինչև Սյունիքի հարավային ծայրամաս ընկած հատվածը։ Որքանո՞վ եք հավանական համարում նման սցենարը, և եթե դա հնարավոր է, ապա հաշվի առնելով ռուսական, թուրքական գործոնը, դա ի՞նչ պայմանավորվածությունների արդյունք կարելի է համարել: Ի դեպ, ռազմական կուտակումները և դրանց մասին տեսանյութերի տարածումը նաև հոգեբանական ճնշում գործելու նպատակ ունեն, հատկապես, երբ միայն երեկ է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածել իրենց զինուժի շարժերի և ռազմական տեխնիկայի կուտակումների մասին տեսանյութերի տարածման անթույլատրելիության մասին:
– Ադրբեջանական կողմի էսկալացիայի հավանականություն միշտ էլ կա։ Սակայն զորքերի կուտակումների, զինտեխնիկայի շարժերի առկայությունը դեռևս եզրակացություն չի այն բանի, որ կարող են ռազմական գործողություններ սկսվել։ Եթե տարիներ առաջ հակառակորդի զորքերի շարժերի և դրանից բխող գործողությունների հավանականության դիտարկման համար կար բավականին երկար ժամանակ, ապա ներկա իրավիճակում հակառակորդի կողմից կառուցված կոմունիկացիոն հանգույցների, տարբեր ենթակառուցվածքների առկայությունը նրանց հնարավորություն են տալիս կարճ ժամանակահատվածում համալրել առաջնագիծը և դիմել ռազմական գործողությունների։ Այնպես որ, այս պահին հստակ չի կարելի ասել, թե ադրբեջանական կողմը նման մեծածավալ շարժերով ինչ խնդիր է փորձում լուծել, այստեղ ավելի շատ ռիսկերի գնահատման, հակառակորդի շարժերին ի պատասխան՝ արդյունավետ քայլեր ձեռնարկելու գործողությունները պետք է գտնվեն մեր ուժային կառույցների դիտարկման տիրույթում։ Իսկ հավանական հարձակման ուղղություններ կարելի է դիտարկել բոլոր այն ռազմավարական կարևոր բարձունքները, որտեղ եկել ու նստել են ադրբեջանական զորքերը։
– Թույլատրելի սահմանում կամ ընդհանրական կցանկանայի խոսեինք՝ Նախիջևանի հատվածում ՀՀ-ն ի՞նչ առավելություն ունի Ադրբեջանի համեմատ, և երբ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է զորքի հայելային հետքաշում, ի՞նչ ռիսկեր ենք ունենալու:
– Տեսեք, ի տարբերություն ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանագծի հատվածների, որտեղ ադրբեջանական կողմը 2021 և 2022թթ. էսկալացիաների ընթացքում գրավել և զբաղեցրել է գրեթե բոլոր ռազմավարական կարևոր բարձունքները, նախիջևանյան սահմանային հատվածներում հայկական կողմն ունի բազմաթիվ դիրքեր, որոնք ռազմավարական առումով առավելություն ունեն թշնամու դիրքերի նկատմամբ։ Եվ Փաշինյանի հայելային հետքաշման առաջարկն ինձ համար աբսուրդային է, չեմ պատկերացնում, ոնց են զորքերի հայելային հետքաշում իրականացնելու, օրինակ, հենց Երասխի հատվածում, Սյունիքի բազմաթիվ բնակավայրերի մասին էլ չեմ խոսում։ Այսինքն, զորքերը պետք է հետ քաշեն բոլոր այն ռազմավարական կարևոր կետերից, որտեղ մենք գերակայություն ունենք թշնամու նկատմամբ։ Իմիջիայլոց, շատ հաճախ նախիջևանյան ուղղությունից հնարավոր հարձակման մասին խոսելիս՝ շատերի մտքով միանգամից անցնում է Սադարակ-Երասխ ուղղությունը, բայց նախիջևանյան սահմանահատվածում կան վտանգավոր այլ ուղղություններ, օրինակ, Բարձրունի-Մարտիրոս գյուղի ուղղությունը, Բիչենեք-Շաղատ ուղղությունը, որոնք ամենակարճ ճանապարհներն են Քարվաճառ, Լաչին դուրս գալու համար։ Այնպես որ, հայելային հետքաշման աբսուրդային միտքը եթե շարունակեն արծարծել ու կյանքի կոչել, մասնավորապես, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը լրիվ աքցանի մեջ կհայտնվեն։
– Սյունիքը կտրելու մասին շատ ենք խոսել, այսօր որքանո՞վ է հավանական դա՝ հաշվի առնելով Իրանի դերը: Առհասարակ, երբ Իրանն ասում է, որ թույլ չի տա սահմանային փոփոխություն, դրա տողատակում ի՞նչ կա՝ չի թողնի Հայաստանը բան կորցնի՞, թե՞ Ադրբեջանի վերահսկողության շրջանակը չի մեծանա, սրանք տարբեր են, չէ՞:
– Իրանը մեկ անգամ չէ, որ Թուրքիային ու Ադրբեջանին զգուշացրել է, որ չի հանդուրժի ռեգիոնալ քաղաքականության և պատմական սահմանների, մասնավորապես՝ հայ֊-իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն: Մեկ անգամ չէ, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցամաքային և ծովային զորքերի զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանների շուրջ։ Սակայն դա երաշխիք չէ այն բանի, որ ՀՀ-ն ամեն անգամ մանր-մանր տարածքային կորուստներ չի ունենա, ադրբեջանական վերահսկողությունը չի մեծանա, իսկ այդ ընթացքում Իրանն էլ չի հայտնվի երկընտրանքի առաջ՝ միջամտե՞լ, թե՞ ոչ։ Իսկ ձեր ասած Սյունիքը կտրելու ծրագիրը միշտ եղել ու շարունակում է մնալ թուրք-ադրբեջանական պլանների առաջնահերթությունում։ Ի դեպ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն «Ազերթաջ» գործակալության հետ զրույցում նշել է, թե Հայաստանն ապակառուցողական դիրք է բռնել «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում, այնուհետև շարունակել է.
«Ինչ-որ մի պահի սկսում է թվալ, թե մենք մոտ ենք աշխատանքների ավարտին, սակայն վերջին պահին Հայաստանն անսպասելիորեն ինչ-որ նոր բաներ է առաջ քաշում, և գործընթացը կրկին հայտնվում է փակուղում։ Երևանի նման մոտեցումը հանգեցնելու է նրան, որ այդ երկիրը կորցնելու է ևս մեկ հնարավորություն՝ կարգի բերել սեփական տնտեսությունը, քանի որ «ճանապարհը կարող է շրջանցել Հայաստանը: Իսկ Ադրբեջանը կշարունակի այս ուղղությամբ աշխատանքը, ունենալով պլան Բ, ծրագիրը կիրագործվի անգամ առանց Հայաստանի, և այդ դեպքում այդ երկիրը պարզապես դուրս կմնա նախագծի շահառուների ցանկից»:
Իսկ բոլորս էլ հասկանում ենք, թե պլան Բ-ն ինչի մասին է: Թերևս, նկատի ունեն այլընտրանքային ճանապարհ Իրանի հետ կամ մեկ այլ երկրի, բայց, ամեն դեպքում, «պլան Բ» ասվածի մեջ նաև կարելի է շանտաժի էլեմենտներ նկատել:
– «Զանգեզուրի միջանցքը», բացի Ադրբեջանից և Թուրքիայից, ո՞ւմ է ձեռնտու, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանին ձեռնտո՞ւ է, Իրանին այդքան էլ ձեռնտու չէ, ինչպես հասկանում ենք:
– Ցավալին այն է, որ տարածաշրջանային կարևոր հարցերի որոշումներում Հայաստան պետությունը բացակայում է։ Պարզ ճշմարտություն է այն, որ բոլոր պետություններն իրենց աշխարհաքաղաքական շահերն են հետապնդում այս կամ այն տարածաշրջանում, ամեն մի պետություն փորձում է ռեգիոնալ փոփոխություններում առավելագույնս օգուտ ստանալ, իր շահերն առաջ տանել։ Հիմա, ըստ էության, Զանգեզուրի միջանցք կոչվածը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին այն համատեքստում, որ լոգիստիկ ճանապարհների վերահսկողությունը կանցնի իրենց վերահսկողության տակ, սակայն այնպես չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը համաձայն են նման կարգավիճակով ճանապարհի գոյության հետ, պարզ ասած, իրենց ուզածը սուվերեն կամ արտատարածքային միջանցքն է, որով կարող են ռազմական բեռներ նաև փոխադրել։
Այդ առումով Ռուսաստանի համար վտանգավոր մի շարք գործոններ առաջ կգան, Թուրքիան ամբողջությամբ, շատ արագ կարող է մուտք գործել Ադրբեջան՝ առանց որևէ վերահսկողության մեխանիզմների: Իսկ Ադրբեջանում թուրքական ազդեցության ուժեղացումը ձեռնտու չէ Ռուսաստանին, որովհետև հետագայում ամբողջ տարածաշրջանը կարող է հայտնվել թուրքական ազդեցության տակ, առանց այդ էլ Վրաստանը տնտեսական ու կոմունիկացիոն մեծ կախվածություն ունի նրանից: Ադրբեջանում էլ թուրքական ազդեցությունը գնալով խորանում է։ Եվ հետագայում, շղթայական էֆեկտով թուրքական ազդեցությունը կարող է տարածվել դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, էլ չեմ խոսում ռազմական բաղադրիչի մասին։ Գիտեք, որ ադրբեջանական բանակը փորձում են համապատասխանեցնել նատօ-ական թուրքական բանակի ստանդարտներին (միասնական համաթուրքական բանակ ստեղծելու պլաններ նաև կան), ինչը ևս վտանգավոր է ՌԴ-ի համար։ Այնպես որ, բոլոր այն թեզերը, որ «Զանգեզուրի միջանցքը» ռուս-թուրքական պայմանավորվածությունների արդյունք կարող է լինել, այդքան էլ այդպես չէ, որովհետև լրիվ հակառակ շահեր են հետապնդում տվյալ պետությունները։ Իսկ մենք այս աշխարհաքաղաքական փոթորիկների, թոհուբոհի մեջ կարծես դիտորդի դերում ենք՝ սպասելով իրավիճակային լուծումների, թե մեծ պետություններից ում հետ պատահաբար կարող են մեր շահերը համընկնել, իսկ այդ շահերն առաջ տանելու կամք ու ռեսուրսներ այս իշխանությունները չեն ներդնում՝ երկիրը թողնելով բախտի քմահաճույքին։
– Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ենի-Կուբաթլու տանող ավտոմոբիլային ճանապարհի նախագծման և կառուցման մասին: Դեռևս 2021-ին էր հայտնի դարձել, որ Ադրբեջանը ճանապարհ է կառուցում դեպի Լաչին. Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին մայրուղին կանցնի Զանգելանի (Կովսական), Կուբաթլուի (Որոտան) և Լաչինի (Քաշաթաղ) շրջանների տարածքով: Ի՞նչ խնդիր են լուծում Ադրբեջանը և Իրանը:
– Ասել, որ այդ հանգույցների, ճանապարհների, ենթակառուցվածքների կառուցումը զուտ բնակավայրերն իրար կապելու, մարդկանց հարմարավետության ու տեղաշարժի համար է, միամտություն կլինի։ Պարզ է՝ Ադրբեջանը նախևառաջ ռազմական նշանակության համար է օգտագործելու ձեր նշած ճանապարհները, և երկարատև պլաններում այդ ճանապարհները կարևոր ռազմավարական հանգույցների են վերածվելու։ Ես ձեր հետ զրույցներում մի քանի անգամ անդրադարձել եմ այս թեմային և նշել, որ նույնիսկ ամենադժվարամատչելի տեղանքներով ադրբեջանցիները ճանապարհներ, թունելներ են կառուցում, իսկ նպատակը տարբեր ճանապարհներով Նախիջևան դուրս գալն է։ Դա՝ ռազմական տեսանկյունից: Իսկ տնտեսական առումով էլ, որքան շատ հանգույցներ ունենաս, այնքան զարգացման հնարավորություններդ կմեծանան։ Եվ Իրանից դեպի Վրաստան, Ռուսաստան, Եվրոպա տարանցիկ կոմունիկացիաներ ստեղծելով՝ դրանք կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն կունենան։
– Հավելեմ, որ 2021-ին Ալիևը հայտարարել էր նաև, որ Քարվաճառի (Քելբաջար) և Քաշաթաղի (Լաչին) շրջաններում ռազմական ճանապարհների շինարարություն է իրականացվում, ճանապարհների ընդհանուր երկարությունը՝ մինչև 700 կմ: Նա նշել էր, որ ռազմավարական տեսանկյունից և իրենց սահմանների ամրապնդման տեսանկյունից այդ ճանապարհները շատ կարևոր են: Վերջերս հայաստանյան փորձագիտական շրջանակներում և ոչ միայն Սոթքի ուղղությամբ ադրբեջանական գործողությունների համատեքստում խոսակցություններ եղան, թե հայկական կողմին՝ ՀՀ, Արցախ, պետք է երկու ճանապարհ՝ Լաչին և Քարվաճառ, և հատկապես շեշտադրվեց Քարվաճառի ճանապարհի կարևորությունը:
– Տեսեք, ես զրույցում նշեցի, որ Ադրբեջանի նպատակներից մեկը Քարվաճառի կամ Լաչինի ուղղություններից (հնարավոր են նաև այլ ուղղություններ) ռազմական ճանապարհով դեպի Նախիջևան կտրել-դուրս գալն է։ Դա դիտարկում ենք նրանց հարձակման պլանի համատեքստում (Սոթք-Սելիմի լեռնանցք, Ջերմուկի, Իշխանասարի ուղղություններ), սակայն ցանկացած պետություն, ինչպես ունի հարձակման, այնպես էլ պաշտպանության կազմակերպման պլան։
Եվ մի կարևոր հանգամանք կա. ադրբեջանական կողմը դեռևս շատ է զգուշանում իր «թիկունքից», այսինքն, Արցախի մնացյալ այն հատվածից, որը չի հաջողվել նրանց օկուպացնել, որտեղ տեղակայված են Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, որոնք Ադրբեջան-Հայաստան հավանական լայնածավալ պատերազմի դեպքում կարող են թիկունքից խնդիր կատարել և մեծ խնդիրներ առաջ կանգնեցնել ադրբեջանցիներին։ Այդ պատճառով էլ ադրբեջանական կողմը ոչ միայն արագ տեմպերով կառուցում է ռազմական նշանակության ճանապարհները, այլև հաճախակի հանդես է գալիս ՊԲ ուժերի կազմալուծման պահանջով, նաև ժամանակ առ ժամանակ ռազմական բախումների գնալով ՊԲ ուժերի հետ։ ՊԲ-ն նրանց համար սպառնալիք է հանդիսանում, և բանակի կազմալուծման պահանջը ևս ադրբեջանական պահանջների առաջնահերթության թվում է։ Այսինքն, փորձում են հնարավորինս անվտանգ դարձնել ռազմական նշանակության այդ ճանապարհները, Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ հետագա պլանավորումներն ավելի հանգիստ իրագործելու համար։
– Վերադառնալով նախորդ հարցերից մեկին՝ կապված Իրանի և Ադրբեջանի պլան Բ-ի հետ, հիշեցնեմ, որ Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, այսպես կոչված` «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին: Փաստաթղթի նպատակը Նախիջևանի հետ նոր երկաթուղային և ճանապարհային կապեր հաստատելն էր, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր անցկացնելը: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է Արաքս գետի վրայով կառուցել չորս կամուրջ (երկու ճանապարհային և երկու երկաթուղային), ինչպես նաև՝ կապի և էներգետիկ ենթակառուցվածքներ։ Իսկ այդ կամուրջները ՀՀ պետական սահմանից 5 կմ հեռավորության վրա են լինելու: Նշվել էր, որ հուշագրի միջոցով, լայն իմաստով, փորձ է արվում ռազմավարական փոփոխություններ մտցնել տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության քարտեզում և ներգրավել նոր նախագծեր:
– Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները միշտ հարթ չեն եղել, ժամանակ առ ժամանակ նկատվում է և՛ համագործակցությունն ավելի ամրապնդելու պատրաստակամություն, և՛ ծայրահեղ անվստահության վերաբերյալ բազմաթիվ քայլեր ու մեկնաբանություններ։ Սակայն բազմաթիվ կնճռոտ հարցերին զուգահեռ՝ Իրան ու Ադրբեջանն ունեն ընդհանուր տնտեսական շահեր, նաև ըմբռնում այն բանի մասին, որ ռազմաքաղաքական էսկալացիան մեծ հարված կարող է լինել առաջնահերթ Ադրբեջանի համար, որքան էլ Թուրքիան խառնվի հնարավոր գործողություններին։
Այո, Իրանը փորձում է սահմանափակել թուրքական ազդեցության տարածումը դեպի արևելք, ձգտում է թույլ չտալ, որպեսզի Հայաստանի սահմանով անցկացվի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը` փորձելով «դիմագրավել» պանթյուրքիստական առանցքի ձևավորմանը։ Դրա համար էլ իր տարածքով, իր վերահսկողությամբ նոր կոմունիկացիոն հանգույցներ է առաջարկում թուրքական, ադրբեջանական կողմին, առաջարկելով Զանգեզուրյան միջանցքին այլընտրանք, որը մեծ շահույթ կբերի երեք պետություններին։ Սակայն տարածաշրջանային և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը զուգահեռ, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական շահերը համադրելի չեն։ Որքան էլ Իրանն իր տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող միջանցք է առաջարկում, գործարկում, սակայն թուրք-ադրբեջանական առաջնահերթ պլանների թվում, կրկնում եմ, Հարավային Կովկասով, մասնավորապես ՀՀ տարածքով արտատարածքային միջանցք ստանալն է մնում։
Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը հայտարարում են, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ՝ Իրանի։ Իսկ երկար ժամանակ հույսներս դնել Իրանի դիվանագիտության և ուժի վրա, զուգահեռ ոչինչ չանելով, ուղղակի անթույլատրելի պահվածք է, նման ջայլամային քաղաքականությամբ մենք վերջականապես կարող ենք կորցնել ամեն ինչ։