Ներկայիս կառավարող մարմինները, անձինք հանդիսանում են տարբեր ուժային կենտրոնների գործակալական ցանցի ներկայացուցիչներ. Հայկ Դեմոյան

Կառավարության հերթական նիստը նախորդներից շատ չէր տարբերվում. Նիկոլ Փաշինյանը դարձյալ արձանագրեց Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, խոսեց միջազգային կառույցների գործողությունների, միջազգային պայմանավորվածությունների չկատարման մասին և վերջում չմոռացավ նշել խաղաղության պայմանագրի մասին:

«Ադրբեջանը մի կողմից՝ արգելափակել է Հայաստանի կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ցանած հացահատիկը հավաքի՝ ալյուր ունենալու համար։ Սա ևս մեկ փաստ է, որը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում, և, հետևաբար, Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա,- դեռ նախորդ նիստում էր ասել Նիկոլ Փաշինյանը, իսկ այս նիստում՝ նորից արձանագրել, որ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է, և մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է կանգնած մնալ Լաչինի միջանցքի մոտ,- Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված, իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով։

Միևնույն ժամանակ, մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու համար, ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու համար»:

168.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը նկատեց, որ նման արձանագրումները կարող են հաստատել պնդումը, որ ՀՀ ներկայիս ղեկավարությունը բոլոր առումներով և անձերով՝ սկսած առաջ դեմքից, քաղաքականապես սպառված են՝ որպես միավոր, երաշխավոր ՀՀ անվտանգության ու դրան առնչվող Արցախի հայության անվտանգության:

Կարդացեք նաև

«Նման արձանագրումները կառավարության նիստերում ենթադրում են ինքնախոստովանանք՝ անկարողության և կատարյալ բանկրոտի»,- շեշտեց Հայկ Դեմոյանը՝ հավելելով, որ այդ բանկրոտը ծրագրավորված է եղել դեռ 2018 թվականի հայտնի իրադարձությունների օրերից:

Ըստ նրա՝ նման հայտարարություններով հանդես գալը, ինչպես նաև՝ «միջազգային հանրություն» անգո հասկացության կիրառումը շրջանառության մեջ դնելը ոչ միայն ներքին օգտագործման համար մանիպուլյացիա է, այլև՝ ինքնախոստովանանք:

Թե ինչո՞ւ ՄԱԿ ԱԽ նիստում չեղավ որևէ կոնկրետ արձանագրում, ինչո՞ւ է ԱԽ-ն այդքան իներտ դրսևորվում՝ մեր հարցադրումներին ի պատասխան՝ պատմաբանը նշեց.

«Դա ունի իր բացատրությունը. ներկայիս կառավարող մարմինները, անձինք, հանդիսանում են տարբեր ուժային կենտրոնների գործակալական ցանցի ներկայացուցիչներ, իրականացնում են կրկնակի գործակալական աշխատանք, և, հետևաբար՝ բավարարում են տարբեր ուժային կենտրոնների պահանջներն ու ցանկությունները, և դրանով իսկ՝ իրենցից չեն ներկայացնում ինչ-որ բան, որի հետ կարելի է հաշվի նստել:

Եթե 5 տարում ստեղծվեին լուրջ լծակներ ՀՀ ներսում, Սփյուռքի հետ տարբեր գրագետ աշխատանքներ տարվեին, և ոչ թե զբաղվեին հերթական օլիգարխական նոր սերնդափոխություն ստեղծելու աշխատանքներով, եթե զբաղվեին զուտ պետականաշինությամբ, և ոչ թե պետական խորհրդանիշների թիրախավորումով, այդ ժամանակ, ով էլ լիներ՝ գոնե հաշվի կնստեր:

Իսկ եթե կա գոյացություն, որը չունի ներուժ, ուժ, կարողություն՝ ներազդելու որևէ որոշման, գործընթացի վրա, նրանց հետ հաշվի չեն նստում. դա ընդունված կանոն է»:

Հայկ Դեմոյանը նկատեց, որ ՄԱԿ ԱԽ նիստում ՀՀ կառավարությունը պետք է շեշտը դներ Արցախում այսօր տեղի ունեցող Ցեղասպանական գործողությունների վրա, ինչը համապատասխանում է 1948 թվականին ընդունված ՄԱԿ կոնվենցիային: Մինչդեռ, ըստ մասնագետի, դա չի արվել ու, առհասարակ, հետևողական աշխատանք չկա այդ առումով:

«Բայց ի՞նչն է ակնառու. մենք տեսանք օրվա գործակալ-դրածո կառավարիչների գործողություններն առաջին օրվանից Ծիծեռնակաբերդում. դա մի կարմիր գիծ էր, որն իրենք տրորեցին՝ այնտեղ տեղադրելով իրենց կամակատարին, որը շուտով առնվազն գոնե երեք քրեական գործերով է անցնելու: Ի՞նչ ակնկալել նման կառավարությունից, որն ամենակարևոր գիծն է հատել երկրի ներսում»,- տեղեկացրեց նա:

Արցախն ի վիճակի՞ է ինչ-որ բան անել իրավիճակ փոխելու համար՝ մեր հստակեցմանը Հայկ Դեմոյանն արձագանքեց համոզումով, որ կա ընդամենը մեկ գործողություն՝ հաշվառել ունեցած ինքնապաշտպանական ռեսուրսը՝ մարդկային, զինատեսակների, և դիմել հակազդեցության:

«Եթե Արցախը ՀՀ-ի հետ համատեղ (իհարկե, ոչ սրանց օրոք) կարողանանք սպառնալիք ստեղծել Ադրբեջանի կենսական ինֆրաստրուկտուրաների, մյուս օբյեկտների համար, իսկ սփյուռքն էլ իր հերթին կարողանա դրսում սպառնալիք ստեղծել ադրբեջանական շահերի դեմ, այդ դեպքում մենք փափուկ և կոշտ ուժի ներգործությամբ՝ կարող ենք հասնել մեր նպատակներին,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ քաղաքական դերակատարները հաշվի են նստում ուժեղ կողմի հետ,- Այսօր Ադրբեջանն է ուժեղ՝ իրենց հետ են հաշվի նստում, վաղը, եթե մենք ուժ ցույց տանք, հաշվի կնստեն մեր նպատակների հետ»:

Անդրադառնալով մամուլում պարբերաբար հանդիպող տեղեկություններին, թե Արցախում որոշ գործիչներ չեն բացառում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկումը՝ Լաչինի միջանցքի բացման պարագայում, և հարցին, թե ինչ հետևանքներ կլինեն՝ Հայկ Դեմոյանը նշեց.

«Լավ հետևանքներ չեն լինի, բայց դա կարելի է դիտարկել՝ որպես միջանկյալ տարբերակ, որը մեզ հնարավորություն կտա գոնե ժամանակ շահել՝ եթե դա գրագետ է արվում: Եթե դա պետք է բերի բենզինի առևտրի, կամ բիզնես հերթական ծրագրերի, քանի որ Արցախում ևս իրենց շահերը գերադասող բիզնեսմեններ շատ կան, ապա դա կատաստրոֆիկ հետևանքներ կունենա»:

Տեսանյութեր

Լրահոս