Բաժիններ՝

«Եթե չլինեն արտոնություններ՝ կենտրոններ են փակվելու, բիզնես է դադարելու գործել, մարդիկ աշխատանք են կորցնելու»

Հարկային օրենսգրում կատարած նոր փոփոխությունները մեծ վնաս են հասցնում մասնավոր ոլորտին։ Այսպիսով՝ հուլիսի 1-ից միկրոբիզնեսը նոր կարգով է հարկվում, այսինքն՝ եթե նախկինում մեկ աշխատողի համար գործատուն 5000 դրամ էր վճարում, ապա փոփոխություններից հետո պետք է 20 տոկոս եկամտահարկ վճարի։

168.amի հետ զրույցում Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանն անդրադառնալով հարկային նոր փոփոխությունների բացասական ազդեցությանը՝ խոսեց կոնկրետ իրենց ասոցիացիայի մեջ մտնող մոտ 50 մասնավոր նախադպրոցական կենտրոնների վրա  հնարավոր ազդեցության մասին: Մասնավորապես, դրանց մի մասը մինչև այժմ աշխատել է միկրոձեռնարկատիրության հարկով, այսինքն՝ որոշակի արտոնություններ են ունեցել։ Դրանք իրական փոքր բիզնեսներ են եղել, որոնց համար այդ արտոնությունները մեծ օգնություն է եղել։

«Այս ոլորտն առհասարակ նուրբ ու զգայուն ոլորտ է, ինքն իրենից ենթադրում է սոցիալական պատասխանատվություն, այսինքն՝ տարբերվում է  սպասարկման մյուս ոլորտներից, որը պետք է, իմ կարծիքով՝ հաշվի առնեն։ Պետք է նաև հաշվի առնեն, որ մեր ոլորտի աշխատավարձերը շատ ցածր են, հիմա 200-280-ով  հարկը բարձրացել է։ Միկրոբիզնես անելու համար, այն էլ՝ նախադպրոցական ոլորտում, սա շատ մեծ գումար է։ Զարգացման կենտրոն կա, որտեղ հաճախում են 15-25 երեխա, և կապ չունի, թե ինչ գումարով, այդ կենտրոններն ունեն այլ ծախսեր և նրանց արտոնություններ տալը պարտադիր է։ Եթե չլինեն այդ արտոնությունները, 1-3 ամսվա ընթացքում կտեսնենք, թե որքան կենտրոններ են փակվելու, բիզնես է դադարելու գործել, ու մարդիկ աշխատանք են կորցնելու։ Կա՛մ մենք այդ հարկը պետք է դնենք մեր աշխատակիցների վրա,  բնականաբար, չեն համաձայնվում, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են, ու մենք կորցնում ենք աշխատակից, կա՛մ մենք ինքներս ենք վերցնում մեզ վրա ու բավականին մեծ վնաս ենք կրում»,- նշեց Նելլի Խաչատրյանը։

Ըստ մեր զրուցակցի, եթե չլինեն արտոնություններ, ապա այն բոլոր միկրոձեռնարկությամբ աշխատող մասնավոր նախադպրոցական հաստատությունները, որոնք այժմ զրկված են արտոնություններից, միանշանակ բարձրացնելու են վարձավճարի չափը, քանի որ ոլորտը չունի այն շահույթը, ինչպես այլ ոլորտներ։

Կարդացեք նաև

«Սա բոլոր առումներով սպեցիֆիկ ոլորտ է՝ բարդությամբ, երեխաների հետ աշխատելու, պատասխանատվության, սոցիալական պատասխանատվության և մնացած ամեն ինչով։ Դրանով հանդերձ, այդ հաստատությունները բարեգործական կազմակերպություններ չեն, և եթե մինչև այսօր պետությունը որևէ բանով չի աջակցել, գոնե խոչընդոտներ չստեղծի։

Այս հաստատություններն իրենց վարձավճարները բարձրացնելու են, ասեմ, որ արդեն բարձրացրել են, նրանք, որոնք միկրոբիզնես էին, առաջին ամիսը չբարձրացրեցին, որպեսզի ռեալ հարկերի ժամանակը գա՝ հասկանան, բայց երեկ գործընկերների հետ քննարկումներ ենք ունեցել, նրանք ասում էին, որ մեծամասնությունը վճարների չափը բարձրացնելու է»,- հավելեց Նելլի Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ, նման փոփոխություններ անելուց առաջ իրենց ոլորտի որևէ ներկայացուցչի հետ որևէ քննարկում չի եղել։ Խնդրի վերաբերյալ նամակ են գրել ոչ միայն Կառավարությանը, այլև բոլոր օղակներին՝ ՊԵԿ-ին, Ֆինանսների նախարարությանը։ Վերջին երկու գերատեսչությունները պատասխանել են նամակին, ասելով, որ իրենց առաջարկը հիմնավորված չէ։

«Ցավոք, մենք իրենց հետ համաձայն չենք և առաջիկայում ակնկալում ենք առերես հանդիպում, գուցե կարողանանք ավելի լավ բացատրել, քան մեր նամակում, որտեղ ամեն ինչ հիմնավորված գրված էր։ Ցավում եմ, որ մեր պետական այրերը չեն գնահատում այն աջակցությունը, որը մասնավոր հատվածը տալիս է պետությանը։ Նույն պետական աշխատողներն ինչո՞ւ են իրենց երեխաներին տանում մասնավոր հաստատություններ, որովհետև այնտեղ ուշ ժամի են վերջացնում, կարողանում են երեխաներին երկար թողնել։ Մենք շատ ենք աջակցում պետությանը և յուրաքանչյուր աշխատողի ենք աջակցում, սակայն սա որևէ տեղ չի գնահատվում, չի բարձաձայնվում, ու դրա դիմաց միակ բանը, որը ստանում ենք, պախարակումն է ու հարկերի բարձրացումը. իսկապես այս ոլորտը տանում են մեռնելու»,- եզրափակեց Նելլի Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս