Նվաստը

Արցախի ճակատագրի ողբերգականությունն ամբողջ խորությամբ պատկերացնելու համար, բացի արդեն շուրջ 8 ամիս շարունակվող շրջափակումից, սովամահության իրական վտանգից, պետք է փորձել պատկերացնել նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նման քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի ղեկավարության վերաբերմունքն Արցախից հրաժարված, բայց Արցախի ճակատագրի մասին բանակցող Նիկոլ Փաշինյանի հանդեպ։

Հասկանալի է, որ արտաքին քաղաքականության մեջ առաջնային նշանակություն ունեն պետությունների ազգային շահերը, աշխարհաքաղաքական դասավորությունը, յուրաքանչյուրի ռազմական կարողությունը, դաշնակիցներն ու գործընկերները, և այդպես շարունակ։ Բայց այդ ամենայնով հանդերձ, բանակցություններին մասնակցում են մարդիկ՝ երկրների ղեկավարները, որոնք միս ու արյունից են, ունեն անձնային հատկանիշներ, բնավորության գծեր, համակրանք ու հակակրանք, վերաբերմունք և այլն։ Ահա այս ամենը հաշվի առնելով՝ դժվար չէ պատկերացնել, թե ինչպես է վերաբերվում Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանին՝ որևէ մայրաքաղաքում նրա հետ դեմ առ դեմ կամ երորրդ կողմի միջնորդությամբ հանդիպելիս։ Ընդ որում, տվյալ համատեքստում 44-օրյա պատերազմում Հայաստանի ու Արցախի կրած պարտությունը և դրա բերումով ոչ շահեկան դիրքը կարևոր են, բայց ոչ առաջնային։

Պարտությունները նույնպես պետությունների համար են, և կարևոր է նաև պարտության ժամանակ արժանապատվությունը պահպանելը։ Հենց դա է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել/չի ցանկացել անել, որովհետև դա անելու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ին հրաժարական ներկայացնելն էր ու իշխանությունից առհավետ հեռանալը։ Արդյունքում՝ հիմա Արցախի ճակատագրով Ալիևի հետ բանակցում է մեկը, ով նրա կողմից արժանացել է «հարբած ծաղրածու», «նոլդու Փաշինյան» և նվաստացուցիչ այլ որակումների, արժանացել է հրապարակավ ու առանց պատասխանի։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ նույն սենյակում երկուսով կամ երրորդի մասնակցությամբ հանդիպում են մարդիկ, որոնցից մեկը դիմացինին նվաստացրել է, ծաղրել է ու չի արժանացել որևէ պատասխանի, ընդ որում, նվաստացնողն այդ հանդիպումներում հանդես է գալիս թելադրողի դիրքերից։

Կարդացեք նաև

Նորմատիվային բառամթերքը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ ներկայացնել այն զզվանքը, նողկանքը, որ նման դեպքերում առաջանում է մարդու հանդեպ, եթե անգամ նողկանքի առարկան դավաճանում է սեփական երկրի ազգային շահերին ու ամբողջությամբ բավարարում է նվաստացնողի պահանջները՝ հանուն սեփական՝ նվաստացողի կողմից շարունակաբար փոքրացող երկրում իշխանության պահպանման։

Օրինակ, կարելի է պատկերացնել, թե ինչ արձագանքի կարող է արժանանալ Ալիևի կողմից Նիկոլ Փաշինյանի պնդումը՝ «Արցախահայերի արժանապատվության պաշտպանության մասին»։

Լավագույն դեպքում Ալիևը կարող է քմծիծաղել, իսկ ավելի հավանական է՝ ուղիղ նետել, որ Փաշինյանը կարող է խոսել ամեն ինչի, բայց ոչ արժանապատվության մասին, քանի որ անձամբ ինքն անհաշվելի անգամներ ոտնահարել է նրա իսկ արժանապատվությունը, իսկ անարժանապատիվը չի կարող հանդես գալ այլոց արժանապատվությունը պաշտպանելու պահանջով։

Օրինակները կարելի է անվերջ շարունակել, սակայն դրանից պատկերն ավելի ողբերգական կդառնա…

Բայց շատ ավելի ողբերգական է այն իրողությունը, որ Փաշինյանի հանդեպ Ալիևի նողկանքն օբյեկտիվորեն տարածվում է նաև հայ հասարակության վրա, քանի որ, ինչպես ինքն է մի քանի անգամ ասել, ընտրություններում հայ ժողովուրդը մանդատ է տվել Նիկոլ Փաշինյանին, ասել է թե՝ հավասարապես կիսում է նրա անարժանապատվությունը։

Ընդհանրապես աշխարհում, բայց, իհարկե, առաջին հերթին՝ Ադրբեջանում հայ ժողովրդին, հայկական պետականությանն այդ նողկանքով շարունակելու են վերաբերվել ու համարժեք գործողություններ կատարել, չհարգել այնքան ժամանակ, քանի դեռ հայ հասարակությունը հանդուրժում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանն այնպես, ինչպես վերջինս հանդուրժում է Ալիևի ստորացումները։

Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է արտաքին աշխարհից, առաջին հերթին՝ Ալիևից ստացվող սեփական ստորացումները սուբլիմացնել Հայաստանում՝ ուժի իմիտացիոն ակտերով (հարյուրավոր թիկնապահներ ու տասնյակ մեքենաներից բաղկացած շարասյուն, իշխանության թևերի ոչնչացում, երկրում քիչ թե շատ հեղինակություն ունեցող անհատների կալանավորում ու այդպես շարունակ)՝ փորձելով փոխհատուցել այն նվաստացումը, որի դեպքում նորմալ մարդիկ վերջ են տալիս կամ նվաստացնողի, կամ գոնե սեփական կյանքին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս