
Գուտերեշը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել առանց նախապայմանների վերադարձնել իսրայելցի պատանդներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ է արել անհապաղ վերադարձնել բոլոր պատանդներին՝ չառաջադրելով ոչ մի պայման։ Այս մասին նա գրել է X հարթակում Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման երկրորդ տարելիցի կապակցությամբ։
«Ազատ արձակեք պատանդներին՝ առանց որևէ պայմանի և անմիջապես։ Վերջ դրեք բոլորի տառապանքներին։ Սա հումանիտար աղետ է, որի մասշտաբներն աներևակայելի են։ Անհապաղ դադարեցրեք ռազմական գործողությունները Գազայում, Իսրայելում և տարածաշրջանում։ Դադարեցրեք խաղաղ բնակչությանը ստիպել, որ նրանք վճարեն իրենց կյանքով և ապագայով», – գրել է նա՝ դատապարտելով 2023 թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։
Գուտերեշի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանը Գազայի վերաբերյալ «ընձեռում է հնարավորություն, որից պետք է օգտվել՝ վերջ տալու այս ողբերգական հակամարտությանը»։
Հոկտեմբերի 7-ի հարձակման երկրորդ տարելիցի կապակցությամբ հայտարարություններ են տարածել աշխարհի մի շարք երկրների և կառույցների ղեկավարներ։
Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը վերսկսված բանակցություններում Իսրայելից պահանջել է հրադադար և զորքերի դուրսբերում անկլավի բնակելի թաղամասերից՝ մինչև պատանդների փոխանակում սկսելը։
Ինչպես նշում է Maan գործակալությունը, արմատականները նաև պնդում են, որ պատանդների հետ փոխանակվող պաղեստինցի բանտարկյալների ցուցակներում ներառվեն իրենց վեց ամենահեղինակավոր կողմնակիցները, որոնք երկարատև և ցմահ բանտարկության պատիժ են կրում իսրայելական բանտերում։
Ըստ գործակալության տեղեկատվության՝ ՀԱՄԱՍ-ի այդ պահանջն առավել բարդ հարցերից մեկն է և կարող է դժվարացնել կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը:
Եգիպտոսում հոկտեմբերի 6-ից ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում պատանդների վերադարձի և Գազայում պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ։