Փաշինյանի բերածը խաղաղություն չէ, զինադադար է՝ կախված է Ալիևի տրամադրությունից. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է հրավիրել, որտեղ անդրադարձավ վաշինգտոնյան փաստաթղթերին՝ նշելով, որ դրանից Հայաստանի օգուտը 0-ական է:

Հայկական երկրորդ հեռուստաալիքի լրագրողը հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանին՝  Դուք ասում եք՝ այս փաստաթղթերով Հայաստանը ոչինչ չի ստացել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ  խաղաղությունը հաստատված է, և դա փաստ է, ավելին, Հայաստան-Ադրբեջան պատերազմ չի լինելու, արդյո՞ք հավատում եք սրան, երբ Ադրբեջանը մեծացնում է ռազմական բյուջեն և ոչ միայն:

«Ի՞նչ խաղաղության մասին է խոսում այսօր Նիկոլ Փաշինյանը: Ինքը խոսում է խաղաղության մասին, որը մեծապես կախված է մեկ մարդու տրամադրությունից, Ալիևի տրամադրությունից է կախված այդ խաղաղությունը: Որովհետև այդ փաստաթղթերում, և ընդհանրապես որևէ տեղ չկա երաշխիք, չկան երաշխավորներ, մեխանիզմներ, թե խախտելու դեպքում ինչ է կատարվելու: Ուրեմն՝ ամբողջ այս հռչակված խաղաղությունը կախված է մեկ մարդու խղճից, և այդ մարդը մեկ օր կարող է վատ երազ տեսնել, կարող է մեկ օր այլ բան կատարվի: Կամ՝ կարող է մի օր մտածի այս խառնաշփոթ աշխարհում այս հարցը ևս լուծել՝ Զանգեզուրի հարցը»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին, թե՝ Դուք ի՞նչ եք առաջարկում, նա պատասխանեց. «Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա վերահսկելու մեխանիզմներ: Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն այդ պայմանագրերի կատարման հարցում, ոչ թե վկա կլինեն: ԱՄՆ-ի կողմից որևէ երաշխավորություն այստեղ չկա: Սա մի հնարք է՝ հերթական անգամ մարդկանց խաբելու: Կա զինադադար՝ կախված մեկ մարդու ցանկությունից»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս