
Ալիևը թույլ չի տալիս Հայաստանի բանակի միլիտարիզացիա, Փաշինյանը կրճատում է բանակի բյուջեն. Ռոբերտ Քոչարյան
Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներից մեկը հարց ուղղեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին խաղաղության պայմաններում Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման և դրան զուգահեռ՝ ՀՀ իշխանությունների՝ պաշտպանական ծախսերի հետևանքների մասին:
Ի պատասխան՝ Երկրորդ նախագահը նախ նշեց, որ Ադրբեջանի նկատմամբ պատերազմ հայտարարված չի եղել, այս դեպքում հասկանալի չէ, թե ֆորմալ առումով խաղաղության պայմանագիրն ինչի՞ մասին պետք է լինի:
«Ամենահետաքրքիրը, որ Հայաստանում 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմական դրություն է հայտարարվել, և մենք պարտվել ենք: Իսկ 1992-1994 թվականներին ռազմական մոբիլիզացիա չի արվել Հայաստանում, բայց մենք հաղթել ենք: Հետաքրքիր համեմատություն է, չէ՞»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը, որպես այդպիսին, վատ բան չէ, բայց երբ այն չունի երաշխավորներ, թե այդ փաստաթղթի խախտման դեպքում ինչ հետևանքներ են լինելու, այն պարզապես դառնում է փաստաթուղթ ընտրությունների համար:
Նրա գնահատմամբ՝ դա նախընտրական քարոզչության փաստաթուղթ է, ոչ թե խաղաղության մասին:
Այս համատեքստում ՀՀ երկրորդ նախագահը նկատեց, որ ՄԱԿ-ն այսօր դարձել է «անճար» կառույց:
«Ինչ-որ մի հարթակ է, որ բոլորը գնում են և խոսում, բայց առանց հետևանքների: Ի դեպ, ՄԱԿ-ն այստեղ մեղավոր չի, ՄԱԿ-ն ունի այն ուժը, ինչը պատրաստ են ՄԱԿ-ին տալ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը՝ որպես Անվտանգության խորհրդի անդամներ, եվրոպացիք առանձին՝ չէ, բայց միասնական Եվրոպան՝ այո:
Այդ խոշոր ուժային կենտրոնները ցանկություն չունեն, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ը այսօր ցանկություն չունի ՄԱԿ-ին տալ այն ուժը, ինչը ենթադրում են ՄԱԿ հիմնադրման փաստաթղթերը: Հիմա այս վիճակում Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը փոքրացնում է:
Դուք ինձ հարց եք տալիս, որը ողջամտության շրջանակում հնարավոր չէ պարզաբանել: Չեմ հասկանում՝ ինչի է սա արվում, կարող ենք միայն ենթադրության դաշտ մտնել և ասել հետևյալը՝ դա արվում է, որովհետև Ալիևը մի քանի անգամ ասել է՝ թույլ չի տալու ՀՀ միլիտարիզացիան»,- մանրամասնեց Քոչարյանը՝ շեշտելով, որ կայուն խաղաղությունը հիմնված է ուժերի բալանսի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում