
ԱՊՀ արտգործնախարարները Դուշանբեում կքննարկեն անվտանգության ապահովման և կայուն զարգացման հարցերը

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Համագործակցության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կարծիքներ կփոխանակեն անվտանգության ապահովման, կայուն զարգացման և այլ հրատապ հարցերի շուրջ:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությանը:«Նիստի օրակարգում ներառված են Համագործակցության շրջանակներում բազմակողմ փոխգործակցության ամրապնդման առանցքային հարցերը:
Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը, մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ, ներառյալ անվտանգության ապահովումը, կայուն զարգացումը և միջազգային հարթակներում գործողությունների համակարգումը», – Տաջիկստանի ԱԳՆ հայտարարությունից հատված է մեջբերում գործակալությունը:
Նշվում է, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կընթանա Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինի նախագահությամբ:
Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը «Խովար» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերում ներկայացված են հարցեր «ԱՊՀ պլյուս» ձևաչափ հիմնելու և Շանհայի համագործակցության կազմակերպությանը ԱՊՀ-ին կից դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին:
2025 թվականի հունվարի 1-ին ԱՊՀ-ում նախագահությունը Ռուսաստանից անցել է Տաջիկստանին, համանախագահներ են դարձել ՌԴ-ն և Թուրքմենստանը: