
Վրաստանի դատարանը կալանավորել է նախագահական նստավայրի վրա գրոհի կազմակերպիչներին

Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի տակ է վերցրել հոկտեմբերի 4-ին Վրաստանի նախագահի նստավայրի վրա գրոհի կազմակերպիչներին, որի հետևանքով տուժել էր շուրջ 30 ոստիկան։
«Ռուսթավելի պողոտա» հասարակական շարժման առաջնորդները՝ օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն, նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն, ընդդիմադիր «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Պաատա Մանջղալաձեն, և պաշտոնաթող գնդապետ Լաշա Բերիձեն մեղադրվում են ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտները զավթելու և շրջափակելու փորձի, խմբային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգը փոխելու և պետական իշխանությունը տապալելու կոչեր անելու մեջ։
Մեղադրյալներին սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում։Նաև դատական գործընթաց է սպասվում հարձակման 13 մասնակիցների նկատմամբ, որոնք ձերբակալվել են հոկտեմբերի 6-ին:
Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հետախուզման մեջ է անկարգությունների ևս երկու մասնակից։
Հոկտեմբերի 4-ին Վրաստանի ՆԳ նախարարությունը հաղորդել է, որ տեղական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վնասել են Թբիլիսիում նախագահի նստավայրի ցանկապատերը և փորձել են ներխուժել շենք։ Դրանից հետո ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։