Ես դա կասեի Թրամփին, արդյունքում դեկորացիայի դերում Փաշինյանի փոխարեն՝ կհայտնվեր Ալիևը

«Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով, թե ինչ են ստացել կողմերը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից։

Նա նշեց, որ ԱՄՆ-ը ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, ստացել է Իրանի հետ սահմանի փաստացի վերահսկողության հնարավորություն և ԱՄՆ նախագահին Նոբելյան մրցանակի ներկայացում, Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք ՀՀ տարածքով, ստացել է ԵԱՀԿ ՄԽ լուծարում, 907 բանաձևի չեղարկում՝ շատ կոնկրետ։

«Անկեղծ, ես փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, թե ի՞նչ է ստացել Հայաստանը՝ զրո, միայն պրոբլեմներ, որոնց մասին կասեմ։

Վերջապես ի՞նչ է ստացել Նիկոլ Փաշինյանը, այստեղ կա շատ կոնկրետ բան, ստացել է մեկ նկար նախագահ Թրամփի ստորագրությամբ և ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին»,- ասաց Քոչարյանը։

Կարդացեք նաև

Ուստի, նրա որակմամբ, նախնական եզրակացությունը՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում՝ Սպիտակ տանը, եղել է դեկորացիայի դերում, այնտեղ եղել է սեղան, աթոռ, դրոշ և Փաշինյան։

Երկրորդ նախագահը փորձեց պարզաբանել նաև այն, թե ինչ է նշանակում նախաստորագրում։

«Երբ երկու կողմ բանակցում են ինչ-որ փաստաթղթի շուրջ, թիմերը, գալով համաձայնության, նախաստորագրում են այդ փաստաթուղթը, դա տեխնիկական գործընթաց է, հետագայում որևէ առիթի, պաշտոնական այցի ժամանակ երկրի ղեկավարները ստորագրում են նախաստորագրված փաստաթղթերը։

Ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչ է նշանակում պետության ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել։ Եթե ամեն ինչ պայմանավորված է, ավելի լավ առիթ՝ ստորագրել այդ փաստաթղթերը հենց ղեկավարների կողմից, չէր կարող լինել։ Սա իսկապես հարցեր է առաջացնում նաև բովանդակային»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, յուրաքանչյուր երկրի տրանզիտային ներուժ բաղկացած է երեք մասից, առաջինը երկրի աշխարհաքաղաքական դիրքն է, երկրորդը՝ ռելիեֆը, երրորդը՝ ճանապարհային ցանցերի վիճակը՝ որակը, զարգացվածության խորությունը և այլն։ «Երկու առաջին պայմանը պարտադիր պայման է, եթե այդ պայմանները կան, ապա երրորդը ներդրումների, աշխատանքի, հետևողականության հարց է»,- նշեց բանախոսը։

Ռոբերտ Քոչարյանը քարտեզի վրա ցուցադրեց, թե ինչ տարանցիկ ներուժ ունի Հայաստանը։

«Թուրքիա-Վրաստան՝ ունեն բոլոր հնարավորությունները՝ շրջանցելով Հայաստանը՝ հաղորդակցվել միմյանց հետ։ Թուրքիա-Ռուսաստան՝ ևս նույնը, Վերին Լարսում հայկական մեքենաները շատ ավելի շատ են, քան թուրքական մեքենաները։ Վրաստան-Ադրբեջան՝ տեսնում եք, որ ամբողջությամբ հնարավորությունը կա, տրանսպորտային կապը կա, հիմնական աշխատող միջանցքը Կասպից ծովի և Սև ծովի միջև հենց սա է։

Իրան-Ադրբեջան՝ բոլորը հնարավորությունները ևս ունեն, Իրան-Ադրբեջան առևտուրը ոչ ոք չի անում ՀՀ տարածք մտնելով, նույնը Թուրքիա-Վրաստան՝ ՀՀ տարածքով չեն անում, անիմաստ է, ոչ մի ֆուրի վարորդ Հայաստանով չի փորձելու գնալ Վրաստան։ Իրան-Թուրքիա՝ ևս նույն վիճակն է։

Ըստ էության, ՀՀ-ն իր աշխարհաքաղաքական դիրքով այս երկրների համար գրեթե չունի տրանզիտ նշանակություն, բայց մեկ բացառություն՝ Ադրբեջան-Թուրքիա ենթադրվող միջանցքն իսկապես էական նշանակություն ունի, և այդ նշանակությունը ունի մի քանի բաղադրիչ։ Որպես թուրքական պրոյեկտ՝ Թուրանի պրոյեկտ, ինքն իսկապես կարող է ունենալ և ունի տրանզիտային ներուժ»։

Եվս մեկ հանգամանք՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջանցք նաև աշխարհաքաղաքական ներուժ է, գործոն այդ երկրի համար։ Ի՞նչ ենք մենք տեսնում՝ Հայաստանի տարածքի միայն այն մասը, որն ունի տրանզիտային ներուժ, տրվում է ԱՄՆ-ին երկարատև պայմանագրով կառավարման։ Տրվում է ԱՄՆ-ի ՀՀ միայն այն հատվածը, որն ունի իր մեջ տրանզիտային ներուժ, աշխարհաքաղաքական կշիռ»,- մեկնաբանեց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը գտնում է, որ այս ամենը կարող է հետաքրքիր լինել Հայաստանի համար, եթե Երասխ-Ջուլֆա-Իրան երկաթուղին սկսի աշխատել, որի հետևանքով կստանանք երկաթուղային կապ Իրանի հետ, և, եթե երկաթուղային կապ լինի Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ։

«Այդ երկու գործոնն է միայն հետաքրքիր ՀՀ-ի համար։ Եթե այս երկու բանը ՀՀ-ն չի ստանում, այս պրոյեկտն անիմաստ ու վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար»,- նշեց բանախոսը։

Ըստ նրա, կառուցվում է և հայտարարվել է Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղու մասին։

«Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ երկաթուղային կապն այս միջանցքով Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա կարող է անխափան աշխատել, բայց կապը Հայաստանի հետ կարող է չաշխատել։ Դուք պատկերացրեք՝ այս փաստաթղթերը սկսում են կյանքի կոչվել, Թուրքիան է կառուցում, Ադրբեջանն է վերակառուցում այս կտորը և չի վերակառուցում կապը մինչև ՀՀ սահմանը։

Ի՞նչ ենք ունենալու։ Ոչինչ, զրոյական վիճակ Իրանի հետ կապի հաստատման գործում և Ռուսաստանի հետ։ Կարո՞ղ ենք նման իրավիճակում ստիպել ԱՄՆ-ին, որը կառավարող է լինելու, խիստ կասկածում եմ, որովհետև պայմանագիրը հստակ իրավունքներ է սահմանելու այն ընկերության նկատմամբ, որը վերահսկելու է այդ միջանցքը»,- նման իրավիճակ նկարագրեց Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա, այստեղ կարելի է անել հետևյալը՝ կարելի էր պնդել, որ «Թրամփի ճանապարհը» լինի ոչ թե 42 կիլոմետրանոց, այլ առնվազն 4-5 անգամ ավելի երկար՝ մինչև Երասխը՝ նույն պայմաններով կողմերի համար։ Քոչարյանի խոսքով, այդ դեպքում պատասխանատվությունը կընկներ ԱՄՆ-ի վրա այդ միջանցքի, այդ ամբողջ ճանապարհի անխափան աշխատանքի։

«Հե՞շտ էր սրան հասնել, այո, հեշտ էր, որովհետև ԱՄՆ շահն ակնհայտ երևում է։ Նախագահ Թրամփին կասվեր՝ ի՞նչ է նշանակում 43 կիլոմետր, Թրամփը սիրում է ամեն բան ավելի մեծ, խոշոր, տպավորիչ պրոյեկտներ, մենք առաջարկում ենք ավելի մեծ պրոյեկտ և իսկապես խաչմերուկ ենք դառնում այս կարևոր հագույցի վրա։ Եվ այդ պարագայում Ալիևը ստիպված պետք է լինի՝ կամ հետաձգելու, կամ մերժելու։ Դեկորացիայի դերում կլիներ Իլհամ Ալիևը»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը սա չի արել, քանի որ մտածել է նկարի մասին, որ կարելի է շատ ակտիվ օգտագործել ներքաղաքական նպատակների համար, իսկ այդ պրոտոկոլային նկարների համար պարտադիր չէ սեփական տարածքի տրանզիտային առումով ամենից գրավիչ կտորը կառավարման հանձնել այլ երկրի ընկերության։

«Ի՞նչ է կարելի անել հիմա։ Կա երկու տարբերակ։ Առաջին տարբերակը՝ փորձել այնուամենայնիվ մեծացնել այս պրոյեկտը ԱՄՆ-ի հետ»,- ասաց Քոչարյանը՝ շարունակելով, որ եթե սա չի հաջողվում, երկրորդ տարբերակը ևս շատ պարզ է՝ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին, բայց այդ ճանապարհի այս կտորը կառուցել անձամբ՝ այսինքն՝ ՀՀ-ն, ճանապարհի անունը կմնա «Թրամփի ուղի», բայց վերահսկողությունը կմնա ՀՀ-ի վրա։

«Սա կլուծի ևս մեկ կարևոր հարց՝ Իրանն ունի սահման 7 երկրի հետ, միայն ՀՀ-ի և Իրանի սահմանում հայտնվելու են ամերիկացիներ, բրավո, Իրանին ամենից մոտիկ ամերիկյան ներկայությունը Ինջիրլիքում է՝ Միջերկրական ծովի ափին, այսպիսի որոշումը չափազանց ռիսկային է ՀՀ-ի համար։ Հարց է, թե ինչն է ավելի վտանգավոր՝ ԱՄՆ ներկայությո՞ւնն այս սահմանում, թե՞ Ադրբեջանի ներկայությունը։ Չունեմ այս հարցի պատասխանը, վստահ եմ՝ այս հարցի պատասխանը չունի նաև ՀՀ կառավարությունը»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ ՀՀ-ն կարող է 2-3 տարվա ընթացքում սեփական միջոցներով՝ առաց վարկի, կառուցել այդ ճանապարհը։

«Միջանցքն իսկապես ունի տրանզիտային ներուժ, բայց այն մի քիչ չափազանցված է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս