Պատերազմական նախազգուշացումների խրոնոլոգիան և Փաշինյանի նախապատերազմյան խոստովանությունը՝ «մեկը դրսից կասի՝ գիտեք ինչ, ծախել են Ղարաբաղը»
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, առաջարկը չի մերժվել:
Դեռ հունիսի 1-ին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր ելույթը կլինի հրապարակային:
«Խորհրդակցելով Քննիչ հանձնաժողովի նախագահի և մեր խորհրդարանական գործընկերների հետ, եկել եմ այն եզրակացության, որ իմ ելույթը պետք է դռնբաց լինի: Շատ կարևոր բաներ կան, որոնք դուք պետք է իմանաք: Նույն բանակցային գործընթացի մասին՝ 90-ականներից բանակցային պրոցեսների մասին էլ եմ խոսելու, որովհետև առանց այդ ամբողջական նկարագիրն իմանալու, էսօրվա մասին պատկերացում կազմելը շատ դժվար է լինելու: Ես հիմա այդ թեմայի վրա եմ կենտրոնացած, փորձում եմ հասկանալ՝ ինչ խոսեմ և ինչի մասին լռեմ, որ չվնասեմ պետությանը»,- մանրամասնել էր նա:
Նշենք, որ ապրիլի 25-ին՝ հրթիռների գործով անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին իր մասնակցել-չմասնակցելու հարցին: Այն ձևաչափով, որ տեղի են ունեցել ԳՇ նախկին և գործող ղեկավարների հարցաքննությունները, Տոնոյանն իր դեպքում բացառել էր, այնուհետև առաջարկել էր.
«Իմ և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանենք հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին»:
Պաշտպանության նախկին նախարարի այս հայտարարությունից անմիջապես հետո ԱԺ-ում Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Դավիթ Տոնոյանի առաջարկին՝ իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանձնաժողովի բաց նիստ անցկացնելու վերաբերյալ, վստահեցրել էր.
«Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի: Եվ, եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ»:
Մայիսի 29-ին էլ Դավիթ Տոնոյանը կրկնել էր առաջարկը նոր հայտարարությամբ, մանրամասներ էր հայտնել 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության ընթացքի, այդ թվում՝ Տավուշի մասին կետը հանելու, այդ թեման օրակարգ վերադարձնելու, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս Փաշինյանի՝ Սյունիքից հայկական զորքերի հետքաշման որոշման մասին:
Սակայն հաշվի առնելով, որ վաղը Քննիչ հանձնաժողովում նախատեսված է միայն Փաշինյանի հրապարակային ելույթը, կարող ենք ենթադրել, որ Փաշինյանին ձեռնտու չի եղել ինչ-ինչ պատճառներով Տոնոյանի հետ համատեղ ներկայանալը և հանրությանը հուզող հարցերին հրապարակավ պատասխանելը: Այս առնչությամբ և անազատության մեջ գտնվող Դավիթ Տոնոյանի՝ Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին հետագա մասնակցության վերաբերյալ 168.am-ը հունիսի 12-ին հարցում էր ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, սակայն հոդվածը գրելու պահին որևէ արձագանք դեռ չկար: Ինքը՝ Դավիթ Տոնոյանն էլ դեռ չի արձագանքել իր առաջարկը չընդունելու իշխանական որոշմանը:
Կասկած չկա, որ վաղը Քննիչ հանձնաժողովում ականատես ենք լինելու փաշինյանական շոուի, որի մասին արդեն գրել ենք: Ամեն դեպքում, սպասենք:
Փոխարենը, թերևս, տեղին կլինի հիշեցնել 2020 թվականի պատերազմից առաջ նույն ամսում՝ սեպտեմբերին, տեղի ունեցած որոշ իրադարձություններ և ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչած հայտարարություններ, որոնց մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք, իհարկե, պատերազմի հավանականությունը կամ սկսվելու հնարավորությունը չի բացառվել դեռ 2020 թվականի ամռանը, ինչին ևս անդրադարձել ենք:
ԵՎ ԱՅՍՊԵՍ՝
2020թ. սեպտեմբեր. Պատերազմական նախազգուշացումների խրոնոլոգիա
Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա՝ սեպտեմբերի 4-ին մասնակցելու ԱՊՀ և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանը:
Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը:
Սակայն քիչ անց տեղեկությունը հեռացվել էր ՊՆ պաշտոնական կայքից, որտեղ նշվում էր նաև, որ «նախատեսված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վ. Գերասիմովի հանդիպումը»:
Ի դեպ, հաղորդագրությունը ՊՆ կայքից հեռացնելուց հետո ոչ բոլոր լրատվամիջոցներն էին այն հեռացրել իրենց կայքերից, մասնավորապես՝ «Հայկական ժամանակը»:
Արդեն սեպտեմբերի 5-ին պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը:
Պաշտպանության նախարարությունը 2020 թ.-ի սեպտեմբերի 4-ին հաղորդագրություն էր տարածել նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում նույն օրը մասնակցել է ԱՊՀ, Շանհայյան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին:
Այդ նիստի ընթացքում Դավիթ Տոնոյանը հանդես էր եկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, պատերազմների ու զինված ընդհարումների հրահրման սպառնալիքի կանխարգելման, ինչպես նաև արդի պայմաններում ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման վերաբերյալ ելույթով , որից ՊՆ-ն հատվածներ էր առանձնացրել
– Ցավոք սրտի, ստիպված եմ շեշտել, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունն աչքի է ընկնում բարձր կոնֆլիկտայնությամբ: Վերջերս տարածաշրջանում շահերի հակասության աճ է նկատվում, ինչը, մեր գնահատմամբ, որոշ պետությունների հավակնությունների ընդլայնման հետևանք է:
– Մեր տարածաշրջանում դինամիկ զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունները կարող են բնորոշվել՝ որպես աշխարհաքաղաքական շահերի հակասություն, որում առանցքային գործոնն անվտանգության հարցում ընդհանուր պատկերացումների և ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն է:
– Տարածաշրջանային հակամարտությունները ռազմական լուծում չունեն, և Հայաստանի համար ընդունելի չեն ոչ ռազմատենչ հռետորաբանությունը, ոչ էլ հակամարտությունում այլ պետությունների ներգրավվելու փորձերը դրան հետևող իրավիճակի ապակայունացմամբ:
– Տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն ու Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևորագույն զսպող գործոն են, որոնք նպաստում են տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանը:
– Մեր աշխարհն ավելի փոխկապակցված է դարձել, ցանկացած անկայունություն այս կամ այն տարածաշրջանում հղի է բացասական հետևանքներով ամբողջ աշխարհում։ Այլ կերպ ասած՝ ժամանակակից պայմաններում տարածաշրջանային անվտանգությունն անհնար է ապահովել «ինքնավար կերպով»՝ գլոբալ անվտանգության համակարգի շրջանակներից դուրս։ Տարածաշրջանային ցանկացած խնդիրների սրումն ամենաուղղակի կերպով ազդում է ընդհանուր միջազգային անվտանգության վրա։
Իսկ սեպտեմբերի 2-ին Տոնոյանը «Մեդիամաքսին» հայտնել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին հանդիպելու պատրաստակամության մասին:
«Ես պատրաստ եմ հանդիպել, բայց կասկածում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերը նման ցանկություն կհայտնի»,- ընդգծել էր նա:
Իսկ սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում Արման Բաբաջանյանի՝ Արցախի խնդրի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, բայց դրանք չենք համարում նախապայմաններ։ Նախապայման ունի Ադրբեջանը, որ ասում է՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս։ Հուլիսյան դեպքերից առաջ Ադրբեջանի կողմից լսում էինք ռազմատենչ հայտարարություններ, որոնք համահունչ չէին բանակցային գործընթացին։ Հուլիսյան մարտերը փոխեցին տրամաբանությունը՝ Հայաստանի և Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր, որ 24 ժամվա ընթացքում կլուծեն Ղարաբաղի հարցը։ Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»:
Նույն օրն ԱԺ-ում Դավիթ Տոնոյանն իր հերթին՝ հայտնել էր՝ ադրբեջանցիներն իրականացնում են աշխատանքներ՝ չեզոքացնելու մեր դիրքերի գերակայությունը, առավելությունը, օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք:
Նույն ժամանակահատվածում՝ դեռ 2020 սեպտեմբերի սկզբին միջազգային մամուլում մտահոգիչ տեղեկություններ էին տարածվում, որ Սիրիայից ահաբեկչական խմբավորումներ են Թուրքիայի տարածքով ներթափանցում Նախիջևան՝ հայկական կողմի նկատմամբ դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով, ինչն ավելի ուշ հաստատվել էր ԱԳՆ ղեկավարության կողմից:
Մասնավորապես, 2020թ.-ի սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշել էր.
«Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում՝ հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով: Իհարկե, մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը»:
Նիկոլ Փաշինյանը, սակայն, պաշտոնական միջոցառումներին և աշխատանքային հանդիպումներին իրեն շարունակում էր պահել այնպես, ասես ոչինչ չի կատարվում: Օրինակ, առողջապահության նախարարին հանձնարարում է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Այսինքն, ոչ մի ակնարկ մոտալուտ պատերազմի մասին:
Իսկ սեպտեմբերի 17-ին Փաշինյանն ավետել էր , որ «առաջին անգամ մեր չորս «ՍՈւ-30СМ»-ները միասին դուրս են եկել հերթապահության»:
Սեպտեմբերի 18-ին էլ տեղեկություն էր տարածվել, որ Իսրայելում պաշտոնապես բացվել է ՀՀ դեսպանատունը, ինչը ոչ պակաս արկածախնդրություն էր, որի պտուղները քաղեցինք ավելի ուշ պատերազմի ընթացքում՝ իրանական կողմի ոչ բավարար հայամետ վերաբերմունքի տեսքով:
Սեպտեմբերի 21-ին Փաշինյանը հետևել էր ՀՀ ԶՈՒ օդուժի տոնական թռիչքին:
Փաշինյանի նախապատերազմյան զգուշացումը. «Կարող է մեկը դրսից նպատակով ասի՝ գիտեք ինչ, ծախել են Ղարաբաղը»:
Այնուհետև նույն օրը ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում ներկայացրել էր Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, որտեղ նշել էր՝ պետականությունն է միակ գործիքը, որ մեզ հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ։
Ի դեպ, 44-օրյա պատերազմից 6 օր առաջ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելու ընթացքում խոսելով տեղեկատվական պաշտպանությունից, Փաշինյանը մի ուշագրավ հայտարարություն էր արել.
«Իմիջիայլոց, կարևոր է նաև տեղեկատվական պաշտպանությունը: Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է: Օրինակ, կարող է մեկը դրսից նպատակով ասի՝ գիտեք ինչ, ծախել են Ղարաբաղը: Մեկը ինչ-որ տեղից, մի օտար երկրից, հավաստի աղբյուրից, և Հայաստանում փոթորիկներ կբարձրանան՝ ոնց, էդ ով, երբ: 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող՝ հիմա արդեն հայտնի որոշակի շրջանակներից»:
Սեպտեմբերի 21-ին Փաշինյանը «Զվարթնոց» տաճարում մասնակցել էր նաև «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը:
ՄԻՆՉԴԵՌ
Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի զինված ուժերը հայտարարել էին պահեստազորայինների հատուկ հավաքների և մարտական պատրաստության մասին, և տարբեր մասնագիտություններ ունեցողները կանչվում են հավաքների:
Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բացման կապակցությամբ իր տեսաուղերձում բողոքել էր ՀՀ-ից աշխարհազոր ստեղծելու նախաձեռնության առիթով՝ նշելով, որ «սա հստակ ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության նոր ագրեսիվ մտադրությունները»:
Ալիևը շեշտել էր, որ «ՀՀ ՊՆ-ն սպառնում է Ադրբեջանին «նոր պատերազմով՝ նոր տարածքների համար», իսկ «ՀՀ վարչապետը նպատակադրված խախտում է այն բանակցությունների ձևաչափը և էությունը, որոնք իրականացվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ»:
«Նրա «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին: Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է՝ որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս,- ասել էր Ալիևը և հավելել,- Մենք ունենք միայն մեկ պայման խաղաղության հասնելու համար՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ բոլոր տարածքներից»:
Ալիևը կոչ էր արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը՝ ազդել Հայաստանի վրա և թույլ չտալ նոր ռազմական ագրեսիա, և շեշտել, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա:
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել՝ հորդորում էր ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Ապշերոնի թերակղզուց (ըստ էության՝ Բաքվի, Սումգայիթի և մերձակա շրջաններից) դուրս «ոչ էական այցելություններից»՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի և «վերջին բռնարարքների» հետ:
Նմանատիպ հայտարարությամբ ՀՀ-ում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին էր դիմել նաև Երևանում ԱՄՆ դեսպանությունը։ ԱՄՆ քաղաքացիներին հորդորում էին խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդությունից՝ ներառյալ՝ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը: Նաև կոչ էր արվում չճամփորդել դեպի Արցախ և հետևել լուրերին։
Մինչ այդ՝ սեպտեմբերի 22-ին, Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե «Հայաստանը պատրաստվում է մեծ պատերազմի»:
Իսկ Փաշինյանը, անտեսելով առկա վտանգները, սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ հայտարարել էր. https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2020/09/25/Nikol-Pashinyan-General-Assembly .
«Հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից և սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում»:
Այս միտքը Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կրկնել էր Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Ավելին, Փաշինյանը սպառնացել էր Ադրբեջանին.
«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»:
Իսկ պատերազմից հետո «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ իր հոդվածում Փաշինյանը նշել էր.
«Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերն անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում»:
Ի դեպ, պատերազմից հետո 2021 թվականի հոկտեմբերի 27-ին Փաշինյանը խոստովանել էր
«Ւմ հիշողության մեջ արձանագրված կա, որ սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղին ունեցել, մի նախադասություն, որն այդ առումով շատ վստահելի էր թվացել: Դա տեղի է ունեցել 1-2 օր առաջ»:
Այսինքն, առնվազն 2020-ի սեպտեմբերի 25-ին Փաշինյանն իմացել է՝ պատերազմ է լինելու:
Ի դեպ, 2021 թվականի հունիսի 11-ին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ ինքը պատերազմի մասին իմացել է սեպտեմբերի 27-ին, հետո ավելացրել.
«Տեղյակ չեն պահել: Հետագայում պարզել եմ, որ ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու: Էդ հետո եմ ես ճշտել: Այո, Աղաջանյան Կամոն զեկուցել էր մի անգամ ամսի 19-ին, մի անգամ՝ ամսի 25-ին, և զորքերի մեծ մասը տարել են առաջին գիծ: Հետո եմ դա իմացել»,- ասել է նա և ճշտող հարցին՝ զեկուցվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՞ն, Սամվել Բաբայանը արձագանքել է՝ երևի, բա էլ ո՞ւմ:
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մարտական աշխատանքային ռեժիմի անցնելու հրաման էր տվել: 168.am-ին տված հարցազրույցում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի (ԳՇ) պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել էր, որ իրենք եղել են ԳՇ-ում:
«ԶՈՒ ողջ ղեկավար կազմը պետք է լիներ համապատասխան կառավարման կետերում, դրա համար կար ԳՇ պետի կարգադրություն»,- շեշտել էր նա:
Այսինքն, սեպտեմբերի 25-ին Օնիկ Գասպարյանը մնացել է ԳՇ-ում:
Սակայն 2020-ի սեպտեմբերի 26-ին Փաշինյանը հայտնել էր, որ հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը, որտեղ պնդել էր, թե այդ Ալիևն է իրեն խնդրանքով դիմել:
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ՀՀ ընդդիմադիր որոշ շրջանակների թեզերը ճշգրիտ նույնական են»,- նշել էր Փաշինյանը:
Մի խոսքով՝ համարյա պատերազմ….
Սեպտեմբերի 26-ին նաև Փաշինյանի ընտանեկան թերթն «Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները»» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում, մասնավորապես, նշված էր.
«…Հիմա, ըստ Ալիևի, Փաշինյանը դրժել է խոստումը, հայկական կողմի պատճառով բանակցային գործընթացը ձևական բնույթ է կրում, և Ադրբեջանը չի պատրաստվում մասնակցել այդ ձևականություններին… Մի խոսքով՝ համարյա պատերազմ։
Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ակտիվորեն տարածում են Ալիևի այդ հայտարարությունն ու անգամ կարծիքներ հնչեցնում, թե նա ավելի ազնիվ ու ճշմարտախոս է, քան մեր վարչապետը…
Շարունակությունն արդեն սովորական է։ Իբր՝ այդ երկու տարիներն Ադրբեջանն օգտագործեց առաջնագիծն ամրապնդելու և պատերազմի նախապատրաստելու համար, իսկ մեր իշխանությունները ներքաղաքական հակառակորդների դեմ պայքարով էին զբաղված, հիմա էլ նրանք քարոզչական հող են նախապատրաստում Թուրքիային նոր պատերազմում անմիջականորեն ներքաշելու համար, իսկ մենք հետևողականորեն փչացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետևաբար՝ մենք անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք և պետք է օր առաջ ազատվենք այս իշխանություններից։
Սկսենք «վերելակային պայմանավորվածություններից»։ Այդ երբվանի՞ց են Հայաստանում սկսել ավելի շատ հավատալ ոչ թե սեփական իշխանություններին, այլ Ադրբեջանի նախագահին, և իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում թշնամու քարոզչությունը սեփական երկրում տարածելն ու դրա իրավացիությունը հիմնավորելը։ Երկրորդ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի իշխանություններն առաջնագծում շինարարական աշխատանքներ են իրականացնում բացառապես հայրենասիրական մղումներով, իսկ ՀՀ իշխանությունները բանակի համար ժամանակակից սպառազինություն (այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ) են ձեռք բերում զուտ քարոզչական նպատակներով։ Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի»։ Իսկ ինչ է, դա մեզ համար նորությո՞ւն է, եղե՞լ է մի օր, որ նրանք պատերազմի չպատրաստվեն։ Բնականաբար՝ մենք էլ ենք ամեն օր պատրաստվել ու հիմա էլ ենք պատրաստվում, և եթե մինչև հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման»:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմը… Իսկ Փաշինյանը պիտի պատասխանի, թե ինչո՞ւ էր հանրությունից թաքցնում պատերազմ սկսելու մասին իր ունեցած տեղեկությունը և անում էր արկածախնդիր հայտարարություններ: Ի՞նչ քաղաքական հրաման է տրվել Զինված ուժերի ղեկավարությանը: