Ի՞նչ է սպասվում առաջիկա Քննիչ հանձնաժողովում. Տոնոյան-Փաշինյան պասերով խա՞ղ, թե՞ Փաշինյանի միանձնյա, բայց հրապարակային շոու
Ապրիլի 25-ին՝ հրթիռների գործով անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին իր մասնակցել-չմասնակցելու հարցին: Այն ձևաչափով, որ տեղի են ունեցել ԳՇ նախկին և գործող ղեկավարների հարցաքննությունները, Տոնոյանը բացառել էր իր դեպքում:
«Իրավունքներիս և ազատություններիս անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում և անձնապես, և իրավական առումով բացառում եմ մասնակցությունս ԱԺ ՔՀ աշխատանքներին:
Պատճառներից կարևորագույնն այն է, որ 44-օրյա ռազմական գործողություններին վերաբերող, դրանց նախորդող, ինչպես նաև հաջորդող տեղեկատվությունը դասակարգված է, որին չեմ կարող տիրապետել անհիմն և ապօրինի կալանքի պատճառով:
Հանձնաժողովում հարցադրումներին ստույգ և լիարժեք փաստերով պատասխանելու համար անհրաժեշտ է լիարժեք տիրապետել նշված տեղեկատվությանը, որն ինձ հասանելի չէ, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 20-ից որևէ առնչություն չունեմ ՊՆ գործունեության հետ, ինչպես նաև շուրջ 1 տարի 7 ամիս մեկուսացված եմ՝ շինծու քրեական գործով։
Արգելանք է դրված նաև լրատվամիջոցների հետ իմ անմիջական շփման վրա, այդպիսով սահմանափակված է անգամ թույլատրելիության սահմաններում լրագրողների միջոցով հանրության հարցադրումներին արձագանքելու հնարավորությունս:
Անկախ փորձագետների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը ՔՀ նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլև պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների և դիլետանտական բամբասանքների շարունակության համար:
Վերջապես, ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ և Զինված ուժերի հասցեին իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունները, որոնց մասամբ արձագանքել էր Պաշտպանության նախարարությունը` 2020թ․ նոյեմբերի 17-ին և 2020թ․ նոյեմբերի 19-ին»,- նշել էր Տոնոյանն ապրիլի 25-ի իր հայտարարության մեջ, ապա առաջարկել. «Իմ և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանենք հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին»:
Պաշտպանության նախկին նախարարի այս հայտարարությունից անմիջապես հետո ԱԺ-ում Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Դավիթ Տոնոյանի առաջարկին՝ իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանձնաժողովի բաց նիստ անցկացնելու վերաբերյալ, վստահեցրել էր.
«Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի: Եվ, եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ»:
Իսկ մայիսի 29-ին Դավիթ Տոնոյանը կրկնել էր առաջարկը նոր հայտարարությամբ, որտեղ նա մանրամասներ էր հայտնել 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության ընթացքի, այդ թվում՝ Տավուշի մասին կետը հանելու, այդ թեման օրակարգ վերադարձնելու, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս Փաշինյանի՝ Սյունիքից հայկական զորքերի հետքաշման որոշման մասին:
«Իսկ ԱԺ պատգամավորների և լրագրողների կողմից պարբերաբար բարձրացվող այն հարցին, որ եթե համաձայնեցվել է, որ հայկական զորքերը մնում են 2020թ. նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցված դիրքերում, ինչո՞ւ այդ կետը չկատարվեց, և ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց, շեշտում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:
Այլ մանրամասների մասին կարող եմ խոսել միայն ԱԺ քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային նիստին ՀՀ վարչապետի մասնակցության պայմանով` հետագայում փաստերը որևէ մեկի կողմից չխեղաթյուրելու և չաղավաղելու նկատառումներից ելնելով»,- ընդգծել էր Տոնոյանը մայիսի 29-ին տարածած իր հայտարարության մեջ, որի տողատակերին և մեսիջներին 168.am-ն առանձին հոդվածով է անդրադարձել:
Հունիսի 1-ին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր ելույթը կլինի հրապարակային:
«Խորհրդակցելով Քննիչ հանձնաժողովի նախագահի և մեր խորհրդարանական գործընկերների հետ, եկել եմ այն եզրակացության, որ իմ ելույթը պետք է դռնբաց լինի: Շատ կարևոր բաներ կան, որոնք դուք պետք է իմանաք: Նույն բանակցային գործընթացի մասին՝ 90-ականներից բանակցային պրոցեսների մասին էլ եմ խոսելու, որովհետև առանց այդ ամբողջական նկարագիրն իմանալու, էսօրվա մասին պատկերացում կազմելը շատ դժվար է լինելու: Ես հիմա այդ թեմայի վրա եմ կենտրոնացած, փորձում եմ հասկանալ՝ ինչ խոսեմ և ինչի մասին լռեմ, որ չվնասեմ պետությանը»,- ասել էր նա:
Ուշադրության արժանի է Փաշինյանի խոսքի այն հատվածը, որ նա պատրաստակամություն է հայտնում Քննիչ հանձնաժողովում դռնբաց ելույթ ունենալ, բայց խոսք չկա հարցերին հրապարակավ պատասխանելու մասին, իհարկե, թույլատրելիության սահմաններում: Ընդ որում, հիշեցնենք, որ հարցեր տվողները լինելու են բացառապես իշխանական պատգամավորները, քանի որ ընդդիմությունն ի սկզբանե հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
Քննիչ հանձնաժողով գնալու մասին Փաշինյանն ավելի վաղ էլ էր խոսել, իսկ Անդրանիկ Քոչարյանը մայիսին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Փաշինյանը հունիսին գնալու է քննիչ հանձնաժողով:
«Գիտեք, որ վարչապետը ցանկություն ունի և գալու է հունիս ամսին քննիչ հանձնաժողով: Շատ հարցերի պատասխաններ քննիչ հանձնաժողովում էլ կհնչեն, որը հասանելի կլինի բոլորին՝ ժողովրդին, քաղաքական ուժերին»,- ասել էր նա:
Հետաքրքիր է՝ արդյո՞ք Փաշինյանն անդրադառնալու է 44-օրյա պատերազմին առնչվող մի քանի առանցքային հարցի, մասնավորապես՝ ինչու, ըստ տարբեր տեղեկությունների և վկայությունների, ամբողջապես պաշտպանության անցնելու հրաման չի եղել առնվազն պատերազմի օրը, ինչու Փաշինյանը համաձայնեց պատերազմը կանգնեցնել նոյեմբերի 9-ին և ոչ ավելի վաղ, ինչո՞ւ նա կադրից դուրս ստորագրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ո՞ւմ հետ է քննարկել նախնական տարբերակում առկա կետերի խմբագրումների հարցը, ի՞նչ հրամաններ են եղել հրամանատարներից, որոնք չի կարողացել հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես, ինչպես 2022 թվականի սեպտեմբերի 11-ին Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում էր հայտարարել:
Ի դեպ, հենց այդ հանդիպման ընթացքում էր վստահեցրել Փաշինյանը, որ պատերազմը «կարող էր այլ ելք ունենալ», մինչդեռ դրանից ամիսներ առաջ խորհրդարանում հայտարարել էր, որ «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»
Հետաքրիր է, թե երկու հայտարարություններն էլ ինչ հիմքով, ինչ հանգամանքներով պայմանավորված է արել, հատկապես Վլադիվոստոկում արված հայտարարությունը՝ պատերազմի այլ ելքի մասին:
Արդյո՞ք Փաշինյանը պատրաստ է հրապարակային, իհարկե, թույլատրելիության սահմանում, անդրադառնալ պատերազմի օրերին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ իր աշխատանքային հարաբերություններին, գուցե նաև տարաձայնություններին, թեպետ մի առիթով ասել է, որ 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում վստահել է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին: Թեև այստեղ էլ նոր հարցեր են ծագում, եթե այդքան վստահել է, այդ դեպքում, ինչպես Օնիկ Գասպարյանն էր մի առիթով ասել, որ պատերազմի չորրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում մի շարք հիմնավորումներ ներկայացնելուց հետո առաջարկել էր՝ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Իհարկե, ինչպես պատերազմի ընթացքում տեղի ունեցած, այնպես էլ՝ դրանից հետո զարգացումներին վերաբերող բազմաթիվ հարցեր կան՝ հանրության լայն շրջանակներին հետաքրքրող: Մանսավորապես՝ Սյունիքից զորքերի հետքաշման հարցը ո՞ւմ հետ խորհրդակցելուց հետո է կայացրել վերջնական որոշումը: Այսինքն, կան առանցքային հարցեր, որոնց Փաշինյանը կարող է և պետք է հրապարակավ պատասխանի, այդ թվում՝ Դավիթ Տոնոյանի առաջարկով՝ նրա մասնակցությամբ և ներկայությամբ: Թերևս, նախկին նման բոլոր փորձերը նկատի ունենալով, ամենայն հավանականությամբ, նոր բան չենք լսելու, պարզապես ականատես ենք լինելու հերթական շոուին:
Եթե խաղի կանոնները չփոխվեն և Փաշինյանը մասնակի բավարարի Տոնոյանի առաջարկը՝ միայն հրապարակային ելույթ ունենալով, և այդ պարագայում էլ Տոնոյանն էլ մասնակիորեն փոխի իր պահանջը, կստացվի, որ Տոնոյանը պարտադրված կամ սեփական կամքով «պասերով խաղի» մեջ է մտնում Փաշինյանի հետ, որից ով ինչ կշահի՝ ժամանակը ցույց կտա…