«Երասխում ամեն ինչ նորմալ է, ինչ կատարվել է՝ կատարվել է այս գործարանի հետ». Երասխի գյուղապետ

Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել էին, որ ժամը 10:00-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

Ադրբեջանական կողմը Երասխի ուղղությամբ կրակոցներ արձակել էր նաև հունիսի 13-ին, թիրախում կրկին նույն գործարանն էր եղել։ Այդ կրակոցների հետևանքով վիրավորվել էին գործարանի օտարերկրյա երկու քաղաքացի, վնասվել էր մեքենա և քաղաքացիական օբյեկտ։

Այս կրակոցներից հետո, հունիսի 15-ին ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններն այցելել էին Երասխ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։

168.am-ի հետ զրույցում Երասխի գյուղապետ Սարո Այվազյանն ասաց, որ տվյալ պահին իրավիճակը հանգիստ է, թշնամու միակ թիրախը եղել է մետալուրգիական գործարանը։

Կարդացեք նաև

«Հիմա ամեն ինչ նորմալ է, Երասխում մարդիկ իրենց գործին են, բնականոն աշխատում ու ապրում են։ Հիմա մենք զբաղված ենք երեխաների համար խաղահրապարակները սարքելով։ Այսինքն՝ այսպես ասեմ՝ Երասխում ամեն ինչ նորմալ է, ինչ կատարվել է՝ կատարվել է այս գործարանի հետ։

Սրանից կարող ենք հստակեցնել, որ Ադրբեջանի սրտով չէ այս գործարանի կառուցումը, քանի որ այդ գործարանը նշանակում է Հայաստանի տնտեսության հզորացում, սահմանապահ գյուղի հզորացում, դե, հսկայական գործարան է։ Իսկ Ադրբեջանն ինչպե՞ս կուզի, որ մեր տնտեսությունը զարգանա»,- նշեց Սարո Այվազյանը։

Գյուղապետի խոսքով՝ մետալուրգիական գործարանն օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարան է, հետևաբար՝ ճիշտ ու տեղին են նաև այդ երկրների դատապարտող կոչերը։

«Թերևս, սա էր պատճառը, որ հունիսի 15-ին ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններն այցելեցին Երասխ։ Կարծում եմ՝ այդ այցը հենց արձանագրում է փաստը նաև, որ ցանկանում են այս հարցին լուծում տալ»,- եզրափակեց Երասխի գյուղապետը։

Տեսանյութեր

Լրահոս