Դիվերսիֆիկացիա հայկական ձևով. ռուս սահմանապահները լքել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Ախուրիկ» ուղեկալը  

Ռուս սահմանապահները դուրս են բերվել հայ-թուրքական սահմանի «Ախուրիկ» անցակետից, և այսուհետ այնտեղ ծառայում են ազգային անվտանգության ծառայության սահմանապահները: Այս մասին ասվում է Հայաստանի կառավարության 2025 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մեջ.

«2025 թվականի մարտի 1-ից հայ-թուրքական պետական սահմանի «Մարգարա» հսկիչ անցակետը համալրվել է բացառապես Հայաստանի ազգային անվտանգության ծառայության զորքերով։ 2026 թվականի սկզբից հայ-թուրքական պետական սահմանի «Ախուրիկ» անցակետը ևս համալրվել է բացառապես ՀՀ Ազգային անվտանգության ծառայության զորքերով: Այս պահին ՀՀ պետական սահմանին չկա որևէ գործող հսկիչ-անցագրային կետ, որը չգտնվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության լիակատար վերահսկողության ներքո»:

Ախուրիկի անցակետը գտնվում է Գյումրի քաղաքից արևմուտք, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, սահմանամերձ Ախուրյան քաղաքի և համանուն ջրամբարի մոտակայքում: Հայ-թուրքական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 400 կմ։ Նախօրեին պատմելով Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության մասին՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ ռուսական կողմը դուրս բերելու պլաններ չկան, քանի որ այն վտանգ չի ներկայացնում։ Չի բացառվում, սակայն, որ ընտրություններից հետո, իշխող կուսակցության համար բավարար լինելու դեպքում, գիծը հերթական անգամ կփոխվի։

Ռուսական տելեգրամյան ալիքներից մեկը հիշեցնում է. «Հայկական իշխանություններն արդեն բազմիցս հայտարարել են … Գյումրիի ռազմաբազայի թեման Փաշինյանի կողմից ակտիվորեն օգտագործվում է որպես մանրադրամ Կրեմլի հետ սակարկություններում։ Հայաստանը տնտեսապես կախված է մնում Ռուսաստանից, սակայն նրա արտաքին քաղաքական կողմնորոշումը սրընթաց փոխվում է»։

Կարդացեք նաև

Ավելի վաղ՝ 2024 թվականի ամռանը, ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության զինծառայողները լքել էին «Զվարթնոց» օդանավակայանի անցակետը, իսկ 2025 թվականի հունվարից՝ նաև հայ-իրանական սահմանի անցակետը (Մեղրիի հատված)։ Այսպես թե այնպես, ներկայումս Հայաստանի պետական սահմանի գործող ոչ մի անցակետ դուրս չէ ազգային սահմանապահ ծառայության լիակատար վերահսկողությունից, հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն՝ հիշեցնելով, որ «․..ավելի վաղ ռուս սահմանապահները տևական ժամանակ ապահովել են հայ-թուրքական և հայ-իրանական սահմանի առանձին հատվածների պահպանությունը՝ երկկողմ պայմանավորվածությունների համաձայն: Գործառույթների փոխանցումն իրականացվում է փուլ առ փուլ և մաս է կազմում այն գործընթացների, որոնք կապված են Հայաստանի՝ իր պետական սահմանների նկատմամբ ինքնիշխան վերահսկողության ամրապնդման հետ»։

Ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ներում գոհունակությամբ են ընդունել Ռուսաստանից հեռու մնալու հայ գործընկերների հերթական քայլը, այդ թվում՝ ԱՄՆ-ի մատուցմամբ. «Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի շրջադարձային կետերից մեկն է: 2024 թվականի հուլիսին հայկական կողմի պահանջով ավելի քան երեք տասնամյակ անց ռուս սահմանապահները լքեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Նրանց ծառայության ավարտի մասին արձանագրությունը ստորագրել են Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարը և Հայաստանում ԱԴԾ Սահմանապահ վարչության պետը: Արևմուտքի հետ Երևանի ակտիվ մերձեցման խորապատկերին հայկական իշխանությունների նման քայլը Կրեմլի համար, մեղմ ասած, տհաճ ազդակ էր…»:

Դատելով թուրքական կողմի ակտիվությունից, որն արդեն սկսել է շինարարական աշխատանքները Մարգարայի անցակետի շրջանում, չի կարելի բացառել, որ Ախուրիկի ուղեկալի անցակետից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշումը կարող է կապված լինել հայ-թուրքական սահմանի բացման կողմերի ծրագրերի հետ: Դրան, մասնավորապես, անուղղակիորեն մատնանշում են հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ ներկայումս «Թուրքիայի հետ համատեղ իրականացվում է Թուրքիայի ուղղությամբ երկաթուղային գծի տեխնիկական վիճակի գնահատում» (նկատի է առնվում Անկարայի կողմից 1993 թվականի գարնանից փակվածը։ Գյումրի (նախկին Ալեքսանդրապոլ, ապա Լենինական) – Ախուրյան – Դողուկապի – Կարս երկաթուղային գիծը, որը գործել է 1912-1992ականներին՝ ներառյալ (1942-45թթ. և 1947-53թթ. ընդհատումներով, խորհրդա-թուրքական հարաբերությունների ակնհայտ սրման ժամանակաշրջանում):

Բացի այդ, փետրվարի վերջին ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է հայ գործընկերների հետ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ: Քննարկվել է ռուս-հայկական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ ավտոմոբիլային, օդային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև թվայնացման ոլորտներում, հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տարածքում երկաթուղային հատվածների վերականգնման հարցին: Ռուս բանակցողների թվում էր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը, որը նախկինում ղեկավարում էր «Ռուսական երկաթուղիներ» դուստր ձեռնարկությունը, որը ղեկավարում էր արտասահմանյան ենթակառուցվածքային նախագծերը: Այս կապակցությամբ դիտորդները ենթադրում են՝ Հայաստանը Նախիջևանի երկրամասին և Թուրքիային կապող Երասխի և Ախուրիկի երկաթուղային անցումներում աշխատանքների արագ մեկնարկ՝ Նիկոլ Փաշինյանի ցանկություններին համապատասխան, որն ավելի վաղ ակնարկել էր «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ կոնցեսիոն համաձայնագրի հնարավոր վերանայման մասին (եթե, իհարկե, Իրանի դեմ ագրեսիան ճշգրտումներ չմտցնի նախանշված պլաններում):

Հունվարի կեսերին Հայաստանի կառավարության ղեկավարը պատմել է Թուրքիայի հետ սահմանին մի քանի նոր կամրջային անցումների հավանական շինարարության մասին․ ամենայն հավանականությամբ, դրանցից մեկը պետք է կառուցել Արմավիրի մարզի «Մարգարա» անցակետի մոտ, իսկ մյուսը՝ Շիրակի մարզի «Ախուրիկ» անցակետի մոտ։ Փաշինյանը նաև նշել է այդ հատվածներում, ինչպես նաև Երասխի շրջանում (Ադրբեջանի Նախիջևանի ինքնավարության հետ սահման) ժամանակակից մաքսային և սահմանային տերմինալների կառուցման անհրաժեշտությունը և չի բացառել նոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը Իջևան – Ղազախ հատվածում (Ադրբեջանի հետ հյուսիսարևելյան սահման):

«…Արևմուտքի հետ կապերի ամրապնդման և ռուսական ազդեցության փուլային վերացման միջոցով իր սուբյեկտայնությունը ցույց տալուց բացի, Հայաստանին անհրաժեշտ է նաև ավելի մեծ ջանքեր ուղղել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը», – խստորեն խորհուրդ է տալիս Բաքվի Caliber-ը, և տեսնում ենք, այդ հանձնարարականները հաջողությամբ կյանքի են կոչվում:

ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԻԵՎ

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

 

Տեսանյութեր

Լրահոս