4.7 միլիարդ է տրամադրվելու՝ բազմաբնակարան շենքերում վերելակների փոխարինման համար. Լևոն Հովհաննիսյան
«Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևանի ավագանու որոշման նախագծով նախատեսվում է քաղաքի 2023 թվականի բյուջեում իրականացնել մի շարք փոփոխություններ:
Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ավագանու ապրիլի 18-ի նիստի ժամանակ հայտնեց, որ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու և գույք նվիրելու մասին» որոշումները, նախատեսվում է Երևան համայնքի 2023 թվականի բյուջեի եկամտային մասում՝ պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն ավելացնել համապատասխանաբար 9,994,024.6 հազ. դրամով և 480,000.0 հազ. դրամով, որոնք արդեն ըստ ծրագրային նպատակայնության կարտացոլվեն Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում:
«Ծրագրերը տարբեր են, արդեն իրականացվել են մրցույթներ, կա վերջնական գնագոյացում: Շուրջ 4.7 միլիարդ դրամ տրամադրվելու է Երևան քաղաքին՝ բազմաբնակարան շենքերում վերելակների փոխարինման մասով: Ընդհանուր առմամբ 25 տարի և ավելի ժամկետով շահագործվող վերելակների քանակը 4239 է, այս պահի դրությամբ արդեն փոխարինել ենք 1041 վերելակ: Այս տարվա ծավալը հաշվի առնելով՝ փոխարինված վերելակների թիվը կհասնի 1614-ի: Շատ հավանական է, որ այս թիվը կավելացնենք այս տարի՝ սեփական միջոցների հաշվին: 522 միլիոն դրամ հատկացվում է Նոր Խարբերդ թաղամասում գազատարի կառուցման մասով: 10.6 կմ երկարությամբ գազատար է նախատեսվում կառուցել: Նախատեսվում է նաև գազաբաշխիչ կայան կառուցել, որը գտնվելու է Մասիս խոշորացված համայնքի տարածքում: Մոտ 250 տուն գազով է ապահովվելու Նոր Խարբերդ թաղամասում»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը:
Պետական աջակցությամբ նախատեսվում է հիմնանորոգել Շենգավիթ վարչական շրջանի հ. 140, Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան հ. 41 և Նոր Նորք վարչական շրջանի հ.105 մսուր-մանկապարտեզները, ինչպես նաև բարեկարգել Աջափնյակ վարչական շրջանի հ.48 և Էրեբունի վարչական շրջանի հ.71 մսուր-մանկապարտեզների բակային տարածքները:
Նախատեսվում է հիմնանորոգել Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական և Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգիները:
«Նախագծի ընդհանուր արժեքը 632 միլիոն դրամ է: Նախատեսվում է բարեկարգել շուրջ 17 հազար քմ հանգստյան գոտի: Կկառուցվի հետիոտնային շատրվան, ստորգետնյա պոմպակայան, կտեղադրվեն մարզասարքեր, խաղասարքեր: Կբարեկարգվի այգու լուսավորությունը»,- նշեց քաղաքապետի պաշտոնակատարը: