Չնչին գումարով խաբելով հանում են. Ֆիրդուսի բնակիչ

Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն ապրիլի 14-ին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

«33-րդ թաղամասից ենք: Չնչին գումարներով, խաբելով՝ հանում են: Մարտի 23-ին դիմում ենք ներկայացրել փոխվարչապետի օգնականին, որպեսզի 10 օրում պատասխանեն, բայց հիմա ասում են, որ դեռ պատրաստ չեն: Հիմա ուզում ենք հասկանալ, թե ով է մեզ պատասխան տալու: Ուզում ենք վարչապետը մեզ ընդունի, լսի մեր խնդիրների մասին, որ տեսնենք՝ ինքը տեղյա՞կ է այս խախտումների մասին, թե՞ ոչ»,- խնդիրը ներկայացրեց Ֆիրդուսիի բնակիչը:

Հարցին, թե որքա՞ն փոխհատուցում են առաջարկում, նա պատասխանեց. «Ժամանակին մարդկանց մեկ քմ-ի դիմաց 580-600 դոլար են վճարել, հիմա տները 10 անգամ թանկացել են, մեզ առաջարկում են 1200-1500 դոլար: Հիմա կոնկրետ մեր թաղամասում շենք են սարքում, որտեղ մեկ քմ-ն 5,5-7 հազար դոլար է արժենալու: Մենք էլ 2008թ.-ից պայմանագիր ենք կնքել, որ մեզ պետք է այդտեղ տուն հատկացնեն: Հիմա շենքը սարքել են, մեզ ասում են՝ դուք տեղ չունեք: Մենք պայմանագրեր ունենք, մեր սեփականության վկայականներն իրենց մոտ են, բայց հիմա ասում են՝ դու ուրիշ լոտ է դարձել, դուք էդտեղից ոչ մի բան չունեք: 2008թ.-ից կանգնած սպասում ենք: Կառուցապատող է փոխվել, որի իրավունքը չեն ունեցել, որովհետև պայմանագրում նշված է, որ երրորդ անձի ի հայտ գալու դեպքում կողմերը պետք է գրավոր համաձայնություն տան: Բայց ոչ մի նման բան չի եղել: 70-80 տուն կա, որ այս խնդիրն ունի»:

Հավելենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել «Ֆիրդուսի» թաղամասի մի քանի տուն և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Կարդացեք նաև

Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվել է նաև 2018 թվականի մարտի 22-ին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս