Այսօր Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է. հարազատները, ընկերները, կուսակիցները նրա հիշատակը հարգել են «Եռաբլուր» պանթեոնում

Աշոտ Նավասարդյանին ճանաչողները նրան հիշում են՝ որպես բացառիկ ազգային գործչի, որը նույնիսկ խորհրդային համակարգի ամենատես աչքի առաջ երազում էր և պայքարում էր Հայաստանի անկախության վերականգնման համար:

Աշոտ Նավասարդյանի դուստրը՝ Անուշ Նավասարդյանը, ափսոսում է, որ երիտասարդներն այսօր շատ չեն ճանաչում հանուն անկախության ընդհատակյա պայքար մղած, այդ գաղափարի համար զրկանքներ կրած մարտիկներին:

«Դրանով մարդիկ նաև անկախության գինն են վատ ընկալում, որովհետև մտածում են՝ դա այնքան հեշտ է տրվել, մինչդեռ դրա համար շատ մարդիկ իրենց երիտասարդությունն են դրել այդ գաղափարի ու դրա իրականացման համար»,- ցավով արձանագրեց նա:

ՀՀԿ վարչության անդամ Գագիկ Մինասյանը հուզմունքով է հիշում Աշոտ Նավասարդյանի հետ 1980-ականների վերջից ձգվող իրենց մտերմությանմասին: Աշոտ Նավասարդյանն տիպիկ օրինակն է, թե ինչպես պետք է գործի հայրենասեր, պետականանվեր մարդը՝ նույնիսկ հայրենիքի համար ամենածանր օրերին:

Կարդացեք նաև

«Աշոտ Նավասարդյանն ասում էր՝ եթե 3 միլիոնանոց ժողովուրդը չունի ընդամենը երեսուն մարդ, որ պատրաստ է այդ ժողովրդի բարօրության համար ամեն օր մահանալ, այդ ժողովուրդը չի կարող գոյատևել»,- հիշեց Գագիկ Մինասյանը:

Քաղաքական գործիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի համար Աշոտ Նավասարդյանն անկախության գաղափարի հերոս էր, որի օրինակով պետք է ապրել ու գործել ամեն օր:

«Աշոտ Նավասարդյանն իր բաժին խաչը կամավոր, առաքելության, պատասխանատվության բարձր գիտակցումով վերցրել է դեռևս դպրոցական տարիքից: Նա կենդանի հերոս էր, անկախության գաղափարի հերոս էր: Աշոտ Նավասարդյանը մարդ էր, որը դեռևս խորհրդային ժամանակաշրջանում անդամագրվեց Ազգային միացյալ կուսակցությանը:Ղարաբաղյան շարժման վերածննդի շրջանում նա առաջիններից էր, որ գիտակցեց զինված ինքնապաշտպանության անհրաժեշտությունը և ստեղծեց Անկախության բանակը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Ընդհատակյա գործիչ, քաղբանտարկյալ, ՀՀԿ հիմնադիրԱշոտ Նավասարդյանը ծնվել է 1950թ. մարտի 28-ին Երևանում: 18 տարեկանում Նավասարդյանն արդեն դարձել էր ընդհատակյա հակախորհրդային Ազգային միացյալ կուսակցության /ԱՄԿ/ անդամ:
Ազգային գործիչն իր պայքարի ճանապարհին անցել է երեք ձերբակալություն:

1987թ. օգոստոսին Գորբաչովյան պերեստրոյկայի շրջանակներում Նավասարդյանին ներում է շնորհվում ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության կողմից, և նա վերադառնում է Հայաստան, ուր գրեթե անմիջապես ներգրավվում է ազգային ազատագրական պայքարի մեջ:

Արդեն 1988թ. Նավասարդյանը համախոհների հետ մասնակցում է խորհրդային իշխանության դեմ ուղղված մի քանի գործողությունների, իսկ Երասխավանի մարտերից հետո 1989թ. ստեղծում է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցում է Ղարաբաղի ազատագրական պայքարին և Հայաստանի սահմանների պաշտպանությանը:Հայաստանի Գերագույն դատարանի որոշմամբ, 1990թ. օգոստոսին հանցակազմի բացակայության պատճառով Աշոտ Նավասարդյանն արդարացվում է:1990թ. ԱՄԿ-ի համախոհների հետ միասին հիմնում և պաշտոնապես գրանցում է Հայաստանի առաջին` Հանրապետական կուսակցությունը, որը ղեկավարում է մինչ մահը:

Աշոտ Նավասարդյանը մահացել է 1997թ. նոյեմբերի 3-ին, սրտի կաթվածից: Թաղված է «Եռաբլուր» փառքի պանթեոնում:Հետմահու պարգևատրվել է 1-ին աստիճանի «Մարտական խաչով»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս