Արայիկ Հարությունյանը արեց հայտարարություն, որը վայել չէր պաշարված ամրոցի ղեկավարին. Գագիկ Մինասյան
Արցախի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է հանրապետության նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում ռազմական դրության պայմաններում նախագահի ընտրության իրավունքը վերապահել Ազգային ժողովին:
Այս օրենքի ընդունումը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը մտահոգիչ է համարում. մտահոգության պատճառներն էլ նա մանրամասնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ նկատելով. «Բոլորովին վերջերս պետական քարտուղարի պաշտոնից հեռացվեց Ռուբեն Վարդանյանը, որն իր ներկայությամբ, իր գործելաոճով, արված հայտարարություններով վերադարձրել էր արցախցիներին 1988 թվականի գաղափարները:
Եվ երկրորդ հանգամանքը՝ վերջերս Սամվել Բաբայանի՝ նոր պաշտոնի նշանակումը խոսում է այն մասին, որ նա ևս ԱԺ կողմից հանրապետության նախագահ ընտրվելու մեծ հավակնություններ ունի»:
Այս համատեքստում Գագիկ Մինասյանը հիշեցրեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որը ևս որակեց մտահոգիչ:
«Դա, բնականաբար, վայել չէր պաշարված ամրոցի ղեկավարին:
Այսօր Լեռնային Ղարաբաղը պաշարված ամրոցի վիճակում է, իսկ նրա ղեկավարը, փոխանակ բոլորին միահամուռության կոչ անի և դատապարտի որևէ այլընտրանքի մասին մտքերի արտահայտումը, ասում է՝ եթե կան այլ տեսակետներ, ապա օրենքով սահմանված կարգով կարող են արտահայտել դրանք: Կարծեք թե Ղարաբաղը ոչ թե պաշարված ամրոց է, այլ վտանգներից զերծ մի երկիր, որի նկատմամբ որևէ մեկը մեծ հավակնություններ չունի, և այդ երկիրը չունի որևէ սպառնալիք:
Ես սա, չեմ կարծում, թե պատահական հայտարարություն էր, որովհետև այս ողջ ընթացքում և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ Փաշինյան Նիկոլն ասել են, որ իրենց մոտեցումները ԼՂ խնդրի կարգավորման առումով չեն տարբերվում իրարից, և կարծում եմ՝ այս քայլը ևս այդ ծրագրի իրականացումն է»,- նշեց հանրապետական գործիչը:
Գագիկ Մինասյանը կարծում է, սակայն, որ Արցախում ապրող մեր հայրենակիցներն ըստ արժանվույն կգնահատեն Հայաստանից և իրենց նախագահի կողմից իրենց նետված այդ մարտահրավերը և ճիշտ որոշում կկայացնեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Անվտանգային իրավիճակին անդրադառնալով՝ ՀՀԿ ԳՄ անդամը չցանկացավ փակագծեր բացել, քանի որ, ըստ նրա, այդ թեմայով բաց խոսելը ճիշտ չէ, քանի որ գտնվում են լրջագույն մարտահրավերների ներքո:
«Ուղղակի կարող եմ մի բան պնդել՝ այն պրոբլեմները, որոնք հետևում են մեզ 2018 թվականի իշխանազավթումից հետո, շարունակական են լինելու»,- հավելեց Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք՝ գործող Սահմանադրությամբ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են միաժամանակ, ու նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախատեսված է նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրության պահանջ:
Մանրամասները՝ տեսանյութում