Թուրք-ադրբեջանական գործակալները հետևողականորեն իրականացրին քայլեր՝ կործանելով բանակցային գործընթացը
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի և Արցախի մարտահրավերներին, առկա իրավիճակի պատճառներին, ներկայացրեց այն խնդիրները, որոնք սկսել են անշեղորեն հետապնդել հանրությանը։ Խնդիրներ, որ սկսվել են 2018 թվականի իշխանափոխությունից՝ գունավոր հեղափոխությունից հետո:
«Այդ պրոբլեմները շատ նման են այն պրոբլեմներին, որոնք առաջացել են այն բոլոր երկրներում, որտեղ տեղի են ունեցել գունավոր հեղափոխություններ: Եվ այդ երկրները հենց այն երկրներն են, որոնք գտնվում են ՌԴ-Արևմուտք շփման գծում:
Եվ եթե մենք այդ տեսակետից ենք նայում խնդրին, շատ բան պարզվում է. այստեղ հիմնական շահառուները Ադրբեջանը և Թուրքիան էին, և բնավ պատահական չէ, որ հենց թուրք-ադրբեջանական փողերով գործակալների ոհմակը եկավ իշխանության և հետևողականորեն իրականացրեց քայլեր՝ կործանելով այն բանակցային գործընթացը, որը մենք առնվազն տասը տարի շարունակ իրականացնում էինք եռանախագահողների միջնորդությամբ՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, և որը մեզ բերում էր այն հանգրվանին, որ Արցախը պետք է դուրս լիներ Ադրբեջանի վերահսկողությունից, իրացներ իր ինքնորոշման իրավունքը, և, ըստ էության, լուծվեր այն հիմնական գերխնդիրը, որը դրված էր դեռ 1988 թվականի հենց սկզբից:
Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի կարողանա վիժեցնել այդ գործընթացը. առաջինը, ինչը կործանարար հետևանքներ ունեցավ, իր խոսքերով ասած, բանակցությունները սկսեց իր սեփական կետից»,- մանրամասնեց քաղաքական գործիչը:
Մինչդեռ, Գագիկ Մինասյանի գնահատմամբ՝ 2007 թվականից մեկնարկած գործընթացն արդեն իսկ բերել էր լուրջ հաջողությունների:
«Համոզված եմ՝ գիտեք, որ ինքնորոշման իրավունքի որևէ իրացում որևէ երկրում տեղի չի ունեցել մետրոպոլիայի համաձայնությամբ, դա եղել է միջազգային հանրության ճնշումների արդյունքում՝ հատկապես այն պարագայում, երբ մետրոպոլիան փորձել է խնդիրը լուծել ռազմական գործողություններով:
Եվ եթե մենք հիշենք՝ ինչ տեղի ունեցավ 4-օրյա պատերազմի ժամանակ, կտեսնենք՝ դա այն նախերգանքն էր, որի հաջորդ փուլում մենք պետք է իսկապես ունենայինք ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացում:
Պատերազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և ասաց՝ եթե խնդիրներն այսպես շարունակվեն, ապա Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը: Մեր ռազմական հզոր հակահարվածի հետ միասին՝ նաև դա էր պատճառը, որ Ադրբեջանն ուղղակի Մոսկվայի միջոցով հրադադար խնդրեց, բայց իր կոպիտ սխալ տակտիկական քայլի պատիժը ստացավ»,- նշեց Գագիկ Մինասյանը՝ հիշեցնելով նաև, որ Ադրբեջանի կոպիտ սխալին հաջորդեցին հայկական դիվանագիտական մյուս հաջողությունները։
«Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, որոնց լիարժեք իրացումը, իհարկե, բերելու էր նրան, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գիծը արդեն դառնար միջազգայնորեն ճանաչված սահման: Հենց այդ շփման գծում պետք է տեղակայվեին միջազգային դիտորդներն ու այն սարքավորումները, որոնք պետք է պարզեին, թե հրադադարի խախտումը որ կողմից է իրականացված, և որ կողմին պետք է ուղղվեին այդ սանկցիաները»:
Հանրապետական կուսակցության ԳՄ անդամն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով՝ հրաժարվեց Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից, Մադրիդյան սկզբունքներից՝ առաջարկելով Մյունխենյան սկզբունքները, որտեղ ինքնորոշման իրավունքի իրացումն այլևս գերխնդիր չէր:
«Ինքը ջուրը լցրեց այն ամբողջ աշխատանքը, որը ՄԱԿ ԱԽ երեք հիմնական անդամները՝ ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ, իրականացնում էին այդ խնդրի կարգավորման համար, և բնական է, որ այդ երեք պետությունների և ընդհանրապես միջազգային հանրության վերաբերմունքը դեպի ԼՂ հիմնախնդրի արդարացի՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծումը, էապես նվազեց»,- ամփոփեց Գագիկ Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում