«Արցախի խնդիրը բոլորիս խնդիրն է, մեր մաշկի վրա զգում ենք այս խնդրի հետևանքները մեր չափով. միաձայն ասել է պետք, որ ՊԻՏԻ ԲԱՑՎԻ». Անուշիկ Հարությունյան

45 օր է՝ Արցախի Հանրապետությունը,  120 հազար արցախահայեր գտնվում են ադրբեջանական շրջափակման մեջ: Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Այս օրերի ընթացքում բազմաթիվ անհատներ, հասարակական կազմակերպություններ փորձել են իրազեկման ու բողոքի ակցիաներ իրականացնել Երևանում, այդ թվում՝ սփյուռքում Արցախի շրջափակման մասին աշխարհին տեղեկացնելու համար։ Եղել են նաև անհատներ, որոնք  «Բացում» նախաձեռնության շրջանակներում քննարկումներ են անցկացրել՝ պարզելու, թե ինչ ճանապարհով կարող են հասնել Արցախի կյանքի ճանապարհի բացմանը։

168.am«Բացում» նախաձեռնության անդամ, «Old Band» ֆոլկ խմբի երգչուհի Անուշիկ Հարությունյանի հետ զրուցել է նախաձեռնության և գրանցած արդյունքների, ինչպես նաև առաջիկա քայլերի մասին։

– Անուշիկ, Արցախի ճանապարհը բացելու համար մի քանի անգամ հանրային քննարկում եք նախաձեռնել, այդ քննարկումներն ի՞նչ արդյունք են տվել, ընդհանուր ի՞նչ եզրահանգման եք եկել։

– Սկզբում «Արցախի Հանրապետության ճանաչում» նախաձեռնությունն է եղել։ Երբ Բերձորի գյուղերից մարդկանց տարհանում էին, նախաձեռնության անդամները զգուշացնում էին, որ միջանցքի կարգավիճակը խաթարելու են։ Հետո երբ փակեցին միջանցքը, ավելի մեծ կոնսոլիդացիայի կարիք զգացվեց։ Այդ ժամանակ միացանք, որպեսզի ստեղծենք «ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը, կոնկրետացնենք խնդիրը ու շատ շերտերի համախմբենք՝ առանց քաղաքական ուղղությունների, որ պառակտվելու հնարավորություն չլինի։

Կարդացեք նաև

Միակ ակնհայտ արդյունքը մարդկանց աստիճանաբար շատանալն է։ Սկզբում 2 հոգի էին, դարձանք 5, հետո քննարկում արեցինք 20 հոգու հետ, նախորդը՝ 50-60 հոգի, հիմա կազմակերպող թիմն էլ է ընդլայնվել։ Քննարկումների արդյունքում մարդիկ իրար մեջ համախոհներ գտան, նոր կապեր, համատեղ դուրս բերվեցին որոշ քայլեր, աշխատանքային խմբեր, մեր պահանջների հասցեատերեր և իրականացվեցին նաև այլ աշխատանքներ։

Արդյո՞ք այդ քննարկումներին շարքային քաղաքացիներն ակտիվ մասնակցում են։ -Մասնակիցները բոլորը սրտացավ, մտահոգ մարդիկ էին, որոնք եկել էին արտահայտվելու, լուծումներ առաջարկելու, լսելու։ Կային մասնակիցներ, որոնք այլ նախաձեռնություն էին ներկայացնում և հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց օրակարգը։

 – Հանրային քննարկումներից զատ, կա՞ն այլ քայլեր, որոնք նախատեսում եք իրականացնել, և առհասարակ այսօր Հայաստանում բնակվողներն ի՞նչ պետք է անեն, որպեզի այս խնդիրը շատ տարածվի։

– Շատանալ, շատանալ, շատանալ, դառնալ սուբյեկտ, որի հետ հաշվի կնստեն բոլոր կողմերը։

– Այսօր Արցախի խնդիրը որքանո՞վ է հետաքրքրում հայ հասարակությանը։

– Արցախի խնդիրը բոլորիս խնդիրն է, բոլորս մեր մաշկի վրա զգում ենք այս խնդրի հետևանքները մեր չափով։ Ես մի գրամ կասկած չունեմ, որ Արցախի փաստացի բլոկադան հուզում է բացառապես բոլորին, հասարակության բոլոր շերտերին։ Մարդիկ չգիտեն ինչ անել, ինչպես օգնել։ Մենք բացման բանալին չունենք։ Միայն վստահ ենք, որ դուրս գալ, իրար ձեռք բռնել, միաձայն ասել է պետք, որ ՊԻՏԻ ԲԱՑՎԻ։ – Ի վերջո, ինչո՞ւ չի հաջողվում համախմբվել Արցախի շուրջ, ինչպես եղել է 1988 թվականի շարժման ժամանակ։

– 1988-ի շարժմանը 1 տարեկան եմ եղել, հորս ուսերին նստած գոռացել եմ՝ Բա-բա-բա՜ (Ղարաբաղ)։ Շատ բան չեմ հիշում։ Մեզ տասնամյակներ շարունակ պառակտել են։ Մեծ մասը կամ -ական են, կամ -մետ։ Սնել են անզորության զգացումով, հուսահատեցրել, հիասթափեցրել են։ Այս մթնոլորտում դժվար է հավատալ, որ քաղաքացին իրենից արժեք է ներկայացնում։ Անզորության զգացումով սնված մարդու համար դժվար է պատասխանատվություն ստանձնել։ Երբ հասկանա, որ ինքն էլ՝ որպես քաղաքացի, հայ, ունի պատասխանատվություն իր երկրի, պետության, հայրենիքի, ընտանիքի ու հանրության առջև, վեր կկենա ու կգործի։

Տեսանյութեր

Լրահոս