Փոքրամասնությունը պետք է հեղաշրջում անի ու թույլ չտա, որ մեծամասնությունը գա իշխանության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Այս իշխանությունը չի ուզում դուրս գալ այս իրավիճակից: Մենք ենք ուզում դուրս գալ, բայց մենք փոքրամասնություն ենք… Ի՞նչ անի փոքրամասնությունը»,- 168.am-ի եթերում Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցի ժամանակ ասաց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ըստ նրա՝ մտածող հատվածը եթե մնա փոքրամասնություն, չի կարող ոչինչ անել, պետք է դառնա մեծամասնություն՝ ինչ-որ բան անել կարողանալու համար:

«Կամ փոքրամասնությունը պետք է հեղաշրջում անի, փոքրամասնությամբ գա իշխանության և թույլ չտա այլևս, որ մեծամասնությունն իշխանություն կազմի»,- ասաց Միքայել Սրբազանը:

Շիրակի թեմի առաջնորդի կարծիքով՝ այն, ինչ մեզ մոտ է հաստատված, դեմոկրատիա չէ, այլ օխլոկրատիա:

Կարդացեք նաև

«Դեմոկրատիան գիտակից, այլ ոչ թե անգիտակից, ամորֆ, ապազգային քաղաքացու ընտրությունն է: Ուրեմն, այո, ելքերից մեկն այն է, որ փոքրամասնությունը դառնա իշխանություն և այլևս երբեք չզիջի իշխանությունը մեծամասնությանը: Ես դեմոկրատ չեմ եղել երբեք: Ես մոնարխիստ եմ: Ես դեմոկրատիայով հիացած չեմ: Քրիստոսին խաչեցին դեմոկրատիկ եղանակով: Քրիստոսի խաչելությունը դեմոկրատիայի վառ դրսևորում էր: Հիմա էլ երկիրը խաչում ենք դեմոկրատիկ ճանապարհով, և ժողովուրդը համաձայն է դրան»,- ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Սրբազանը նկատում է՝ մարդիկ փրկիչ են ուզում, այլ ոչ՝ գաղափար:

«Մեզ պետք է ազգային գաղափարախոսություն և ազգային նպատակ, ազգային իղձ: Եվ եկեղեցին տալիս է այդ միավորման ձևը, կերպը, շանսը»,- ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ հավելելով՝ մենք մեզ գործակից Աստծուն չենք դարձրել այս տարիների ընթացքում:

Նրա խոսքով՝ մենք բոլորի վրա հույս ենք դրել, բացի Աստծուց և մեր ուժերից, և այն երկու զորությունները, որոնց վրա իրավամբ պետք է հույս դնեինք, մերժել ենք: Մենք Աստծուն մերժած քրիստոնյաներ ենք: Հիմա էլ հույսը դրել ենք, որ ադրբեջանցին պետք է ճանապարհը բացի ռուսի հետ միասին, և մենք այնտեղ անելիք չունենք:

Ինչ վերաբերում է եկեղեցու կողմից բանադրանքի՝ որպես զսպման գործիքակազմի կիրառությանը, Շիրակի թեմի առաջնորդն ասաց՝ գերագնահատվում է բանադրանքի գործունակությունը:

«Եթե կարծում եք, որ եթե բանադրենք, իրենք խաղաղության պայմանագիրը պետք է չստորագրեն, սխալվում եք… Բանադրանքը եկեղեցին կիրառում է այն ժամանակ, երբ ասում են, որ ոչինչ այլևս ուղղել հնարավոր չէ: Բանադրանքը ոչինչ չի կարող ուղղել: Բանադրանքը ընդամենը ֆիքսում է, որ ինչ արված է, անուղղելի է: Հիմա եթե դա արվի, և Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, ես դա նվազագույնը բռնագաղթ կհամարեմ: Ադրբեջանը չի հանդուրժի նույնիսկ այդ մարդկանց՝ իբրև Հայաստանի քաղաքացիների՝ այնտեղ ապրելը ու նրանց կպարտադրի ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն: Այս ճանապարհով է գնում էս իշխանությունը և շարունակելու է գնալ: Ժողովուրդը չի ընդվզում»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդը:

Վերջինս հավելեց՝ բանադրանքը ոչինչ չի փոխի, ընդհակառակը, կազատի գործող իշխանությունների ձեռքերը՝ քանի որ արդեն բանադրել եք, կարող ենք անել այն, ինչ ուզում ենք:

«Բանադրանքը հավատացյալի համար է սթափեցնող, անհավատի համար ի՞նչ պիտի սթափեցնի: Ժամանակին ռուս պատրիարքը բանադրեց սովետական իշխանությանը: Սովետական իշխանությունը կարմրե՞ց դրանից, հուզվե՞ց, ամաչե՞ց… Ընդհակառակը, լծվեց եկեղեցու ֆիզիկական բնաջնջմանը: Եվ հիմա պատմաբանները նույնիսկ ասում են, որ Տիխոն պատրիարքը սխալվեց, չպետք է աներ դա, ինչը բերեց եկեղեցու ֆիզիկական ոչնչացմանը: Մենք չենք վախենում ֆիզիկական ոչնչացումից, բայց բանադրանքը որևիցե օգուտ չի տալու ազգին և երկրին»,- ասաց Միքայել Սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս