Հայաստանը կադաստրի վկայական չունի, եկեղեցական թեմերը՝ հարկային կոդ. սա՛ է այս իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու և պետության հանդեպ. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- 2023 թվականը մեծագույն աղետի տարի եմ բնորոշում և ոչ միայն իմ կենսագրության, այլև վերջին 100-120 տարիների կտրվածքով, սրանից ավելի վատը ես երբեք չէի կարող պատկերացնել։ Մենք չենք ունեցել նման աղետ։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ինձ համար ամեն ինչ տեսանելի էր, այն ժամանակ եմ ասել՝ եթե այսպես շարունակվի, Արցախը կհայաթափվի։ Ցավոք, եղավ այն, ինչ կանխատեսում էի, չէի ցանկանա, որ իմ կանխատեսումն իրականանար:
- Այս իշխանություններն իրենց ներկայացնում էին՝ իբրև Արցախի հարցը լուծող, անգամ վերադարձան 1988-ի շարժման բանաձևին՝ միացում, «Արցախը Հայաստան է, և վերջ», 2019-ին Փաշինյանի կողմից ասված այդ խոսքն ուղղված էր Ալիևին, թե կարող են սկսել…
- Ու հիմա գտել են քավության նոխազներ։ Այս փնթի, անպատասխանատու, խուլիգանական մոտեցումը մեզ հանգեցրեց սրան։
- Փաշինյանը գույն չունի, երանգ չունի, իրական օպորտունիստ է, իսկ օպորտունիստը միշտ գույնը փոխում է, հարմարվողական է և մեղքը գցում է ուրիշների վրա։ Սա շարքային օպորտունիստի կեցվածք է։
- Հայաստանն այսօր գործոն չէ, գոնե նախորդների օրոք գործոնի պատրանք կար, որովհետև հաղթաթուղթ կար՝ Արցախի հաղթանակների շնորհիվ։ Հիմա չկա Արցախ։
- Ինքը հեգնելով ասաց՝ բանակցությունները սկսում եմ իմ զրոյական կետից․ ինչպե՞ս կարող էր զրոյական կետից սկսել, ինքն այդքան համարձակություն ունե՞ր։ Ո՞վ է ինքը, որ աշխարհի հզորների հետ իր բանակցությունները սկսեր զրոյական կետից։
- Ցավոք, այսօրվա ապրողները չեն տեսնի հայկական Արցախ. սա էլ իմ կանխատեսումներից է, երանի չիրականանա այս կանխատեսումս։
- Եթե բանակի ղեկավարությունը, սպայական կազմն այդ ամենից չի փոխել իշխանությունը, ուրեմն բանակը պարտվել է, սակայն զինվորը չի պարտվել։ ՊՆ-ն, ԳՇ-ն, գեներալիտետը, սպայակազմն են պարտվել, պատերազմի օրերին պետք է թույլ չտային Գերագույն հրամանատարին, եթե թույլ են տվել, ուրեմն պարտվել են։
- Ով էլ գա այսօր իշխանության՝ իմ հայրենիքը չի վերադարձնի։ Այս դաստիարակությամբ, կրթությամբ, հայոց պատմության այս դասագրքերով հաջորդ սերունդներն էլ չեն տեսնի Արցախը։
- Պատմության այդ դասագրքով ստեղծում են պարզապես ՀՀ բնակիչ։ Ստեղծում են հայի նոր տեսակ, և սա ներկայացնում են՝ իբրև հաջողության պատմություններ: Սրանց ուզածն է, որ մենք մոռանանք պատմությունը և դառնանք պարզապես հայաստանցի՝ առանց ազգայինի։
- Մեր բանակցությունների ուժեղ կողմը եղել է այն, որ ունեցել ենք Արցախ և հարակից 7 շրջան, սա լրջագույն հաջողություն է եղել, իսկ ավելի հզոր հաջողություն կլիներ, եթե Արցախի անկախությունը ճանաչվեր գոնե մեր բարեկամ երկրների կողմից։
- Եկեղեցին միշտ էլ կարող է արդարանալ, որովհետև ինքը 1700 տարվա պատմությամբ արդարացրել է իր գործունեությունը։
- 2 օր առաջ մեզ՝ Շիրակի և բոլոր մյուս թեմերը, լուծարել են՝ իբրև հարկային սուբյեկտ, հայտարարել են, որ ոչ մի թեմ գոյություն չունի։ Շիրակի թեմը գոյություն ունի 1920 թվականից, բայց պարզվում է՝ այսօրվա հարկային ծառայության պետի համար Շիրակի թեմ գոյություն չունի։ Հարկային կոդ չունի, քանի որ որպես առանձին իրավաբանական անձ չենք գրանցվել, ուստի հարկային կոդ ունենալու իրավունք չունենք։ Սա՛ է այսօրվա չոր, տեխնոկրատ, բյուրոկրատ վերաբերմունքը եկեղեցու հանդեպ։ Եվ սա այն դեպքում, երբ Շիրակի թեմը բարեխիղճ հարկատու է մշտապես եղել, կատարել է հարկային իր բոլոր պարտավորությունները:
- Հասարակության բևեռացումից ազատվելու համար կա ճանապարհ, դրա համար կան երկու կառույցներ, առաջինը՝ իշխանությունը, որը պառակտել է հասարակությունը, և եկեղեցին: Սակայն եկեղեցին չի կարող պառակտումը վերացնել, եթե պառակտման հեղինակ իշխանությունը չի ուզում։
- Եկեղեցին չի խզել հարաբերություններն այս իշխանության հետ, իշխանությունն է խզել։ Այս պայմաններում եկեղեցին չի կարող հաշտեցնողի դերակատարում ստանձնել։
- Հրապարակում տոնածառ տեղադրելով, հրավառություն և տոնական միջոցառումներ կազմակերպելով՝ այս իշխանությունն ուզում է ցույց տալ, որ երկրում ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Ուզում են ցույց տալ, թե 2023 թվականին ժողովուրդը դարձել է պրագմատիկ, հասկացել է, որ Արցախը երբեք հայկական չի եղել, որ վերջապես ազատվեցինք բեռից…
Այս իշխանությունները մտածում են՝ ինչքան ժողովուրդն ուրախացավ, ինչքան շատ եղավ երգ ու պարը, այնքան իրենց երեսը մաքուր կլինի… սուգ, տրտմություն չպետք է լինի: Ծախսերի հարցը չէ, բարոյականությա՛ն հարց է: Էսքան փող էին ծախսել, էս ազգի գլխին էսքան աղետ բերելուց հետո այդ աղետն ուզում են ներկայացնել՝ իբրև փրկություն… դա նույն բանն է, որ մեկին նվաստացնես մինչև վերջ, հետո մի փոքր ազատություն տաս ու ներկայացնես՝ իբրև շնորհ: Հանրապետության հրապարակում տեղադրված այս տոնածառը խոսում է ոչ թե այս իշխանության շռայլության, այլ անբարոյականությա՛ն մասին, հայրենիք չունենալո՛ւ, հայրենիքի զգացողություն չունենալո՛ւ մասին է խոսում և այդ ամեն ինչը պետականության փաթեթով ներկայացնելու մասին է խոսում… Անբարոյական մարդը կարո՞ղ է ունենալ ամոթ: Անամոթությունն ամենամեծ անբարոյականությունն է: Այս մոտեցումը բնորոշ է այս իշխանություններին, սրանք ինչ այլանդակություն էլ անեն, չեն ամաչելու: Տոնածառից ինչո՞ւ պետք է ամաչեն, առավելևս, որ հասարակությունը սրանց նետած խայծը պատրաստ է ուտելու և ուրախանալու…
- Ժողովուրդ, արթնացեք, հասկացեք՝ ով եք, ինչ եք ուզում: Ձեր նպատակը պետք է լինի՝ ոտքի կանգնել և տարածաշրջանում դառնալ գործոն և ոչ թե՝ գործիք։
Մանրամասները՝ տեսանյութում: