«Վաղը դրոշն էլ կփոխեն. չզարմանաք, որ մեր դրոշին կիսալուսին հայտնվի». Դավիթ Սահակյանց
Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» հասարակական կազմակերպությունը զրկվում է դեռևս 2014 թվականին անհատույց օգտագործմամբ տրված տարածքից։
Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի համար պատճառը պարզ է՝ իր ընդդիմադիր հայացքները:
«Մեզ վրա վաղուց ատամ ունեին, պարբերաբար խոսակցություններ լսում էինք, որ հես է-հես է՝ ձեզ կհանեն այդտեղից: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2019 թվականին մեզ զրկեցին պետական ֆինանսավորումից այն պարագայում, երբ 4 տարի ունեինք ֆինանսավորում, և դա ուղղակի փողերի վատնում էր նախարարության կողմից, երբ 4 տարի ֆինանսավորում ես մի պրոյեկտ, գալիս է վերջին տարին, և հրաժարվում ես, այսինքն՝ այն 4 տարվա ծախսած գումարն ուղղակի հօդս է ցնդում: 2019 թվականից այս իշխանությունների թիրախում էինք, իրենք ուղղակի սպասում էին՝ երբ կգա այդ օրը: Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցը զրկվում է տարածքից՝ Ռոբերտ Սահակյանցի 75-ամյակին. այս տարի նրա 75 ամյակն է, և փաստացի, մի «նվեր» էլ իրեն մատուցեցին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դավիթ Սահակյանցի խոսքով՝ ներկա իրավիճակում գործող իշխանությունների քայլերից ամբողջ պետությունն ու պետականությունն է տուժում, և Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցի փակումը այդ գործընթացում մի փոքր կաթիլ է:
Այս օրերին շատ քննարկվեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» նախագծի հիմնավորման մեջ՝ «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպություններին վերաբերող դրույթներում «Ազգային» բառը «Պետական» բառով փոխելու որոշումը: Հիմնավորումն այն է, որ համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «Ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «Պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարևորության, պետության կողմից դրանց առանձնակի արժևորման մասին»:
Դավիթ Սահակյանցի խոսքով՝ սա այն քաղաքականությունն է, որն ի սկզբանե վարում են այս իշխանությունները. «Ազգայինը անվանափոխելով՝ դառնում եք ապազգային ուժ, որը կոնկրետ նպատակով է բերվել և կոնկրետ նպատակով շարունակում է իր գործունեությունը»:
Նրա խոսքով՝ գործող իշխանությունների օրոք բանակն ավերվել է, ազգային գաղափարախոսությունը՝ գրեթե ոչնչացվել, մնացել է եկեղեցին, որից իրենք վտանգ տեսնում են. «Ինչքան էլ փաստենք, որ մեր ուզածով չավարտվեց «Սրբազան պայքարը», բայց դա այն եզակի դեպքն էր, երբ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ համախմբվել էր այն քանակի մարդ, որը որևէ քաղաքական գործիչ իրեն այսօր չի կարող թույլ տալ: Եվ նրանք հասկացել են՝ լուրջ վտանգ կա իրենց համար եկեղեցու մեջ և հիմա շատ ավելի ուժեղ և նպատակաուղղված կգնա եկեղեցու դեմ: Աշխարհակարգ է փոխվել, և ըստ տարբեր կանխատեսումների, այս իշխանությունն իր տեղը չի կարողանալու գտնել այդ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում, բայց վերջին պահին կփորձեն ամեն ինչ անել, որ եկեղեցու սյունը նույնպես քանդվի»:
Նախկինում հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարողներն այսօր թանկացնում են տրանսպորտը՝ դա համարելով բարեփոխում: Բարձրացնում են հարկերը, մի շարք ծառայություններ թանկացնում են: Դավիթ Սահակյանցից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում, ինչո՞ւ հանրային այնպիսի համակարգված բողոք չենք տեսնում, ինչպես նախկինում նման պարագաներում, և այս թանկացումները կարո՞ղ են պատճառ լինել, որ զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպվեն, թե՞ հայրենիքի մի հատվածի կորստի հետ հաշտվող հասարակությունն այս թանկացումների հետ էլ կհաշտվի:
«Կարծում եմ, իրենք իրենց մեջ մտածում են՝ ամեն ինչ տվեցինք՝ ձայն չհանեցին, եկեք՝ սա էլ անենք, հոպ, ձայն հանեցին, եկեք՝ ձև տանք, թե իբր նահանջում ենք, եկեք՝ մի երկու բան ընդունենք, բայց դրա տակ ուրիշ բան կանենք… Ինչ-որ անհասկանալի էքսպերիմենտներ են անցկացնում հասարակության հետ, և մինչև վերջին ընդվզման պոռթկում իրենք կփորձեն ամեն ինչ անել և ոչնչացնել հասարակության մեջ ցանկացած ընդվզում:
Ես մարդ եմ տեսել, որին ասում են՝ թանկացնում են ձեր հարկերը, ասում է՝ եթե որոշել են, որ ինձ այդպես է պետք, ուրեմն՝ թող այդպես էլ լինի: Դրա աբսուրդը պատկերացրեք: Երբ չես պայքարում Արցախի համար և թույլ ես տալիս, որ Արցախի հարցում իշխանությունները հասնեն իրենց ուզածին և խեղդեն քո մեջ անհամաձայնությունը, հետո իրենց ավելի հեշտ կլինի խեղդել թանկացումների հետ կապված անհամաձայնությունը: Եթե մի տեղ սուս ես մնում, ուրեմն՝ սուս կմնաս բոլոր տեղերում: Դրա համար այսօր մեր ամենամեծ խնդիրն այն է, որ թույլ տվեցինք կատարվի այն ամենը, ինչ կատարվեց:
Պատերազմի օրերին էլ կարելի էր եզրակացություն անել՝ ինչ է կատարվում, ինչի են տանում մեզ, բայց գոնե նոյեմբերի 9-ից հետո իրավունք չունեինք թույլ տալ, որ մնան իշխանության: Եթե թույլ տվեցինք, որ մնան իշխանության, այս ամենը, ինչ կատարվում է՝ բնական է: Իրենք, պարզ է, որ պետք է քամեն մեզ, մեր ստուդիան փակելն էլ է դրա մեջ մտնում, ասում են՝ մինչև վերջ ձեզ կսատկացնենք, ձեզանից ոչինչ չենք թողնի, կանենք ամեն ինչ, որ դուք մաքսիմալ ստրուկի կարգավիճակում ծառայեք մեզ և այն գաղափարներին, որոնք մենք բերում ենք, դուք կերգեք մեր ուզած հիմնը, վաղը դրոշն էլ կփոխենք, կկանգնեք դրա տակ, դեռ մի հատ էլ կարող է կիսալուսին հայտնվի մեր դրոշին՝ խաչի փոխարեն, չզարմանաք: Մենք անում ենք այն, ինչ մենք ենք ճիշտ համարում, իսկ դուք խելոք պետք է կատարեք. Սա է իրենց ստրատեգիան: Կրկնվեմ՝ եթե լռում ես կարևոր հարցերում, մանր հարցերում ավելի հեշտ կլինի քեզ հաղթել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում