Ադրբեջանը փակում է ՀՀ-ի և Արցախի միակ ցամաքային կապը. հումանիտար կատաստրոֆա է. Էդուարդ Շարմազանով

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ փակ է Շուշի-Քարին տակ խաչմերուկը. քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- նշված էր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը «Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» համաժողովի ժամանակ անդրադառնալով կատարվածին՝ նշեց. «Սա այն է, ինչ կանխատեսում էինք: Ուկրաինայում Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությանը զուգահեռ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կամ ՆԱՏՕ-ին մերձ շրջանակները փորձելու են Ռուսաստանի, նաև սահմանների ողջ երկայնքով, այդ թվում՝  նաև Հարավային Կովկասում, Արցախում, միգուցե նաև Հայաստանում նոր պրովոկացիաների գնալ և դրդել նոր բախումներ: Ադրբեջանը սա անում է քաղաքացիական մարդկանց տեսքով, բայց ակնհայտ է, որ դժվար քաղաքացիական մարդ լինի, դրանք հատուկ ծառայություններից էլ կլինեն, փակում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միակ ցամաքային կապը. սա հումանիտար կատաստրոֆա է, եթե շտապ խնդիրը չլուծվի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս