Բաժիններ՝

Մունդիալ-2022․ Արգենտինան ու Լեհաստանը փլեյ-օֆֆում են

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին C խմբի թիմերը։  Երրորդ տուրում Արգենտինայի հավաքականի մրցակիցը Լեհաստանի թիմն էր, Սաուդյան Արաբիան խաղաց Մեքսիկայի դեմ։

Լեհաստան-Արգենտինա հանդիպման հենց մեկնարկից Արգենտինայի հավաքականը սկսեց տիրել նախաձեռնությանը։

Եթե խաղի սկզբում լեհերը որոշ դրվագներում կարողանում էին գրոհներ կազմակերպելու փորձեր ձեռնարկել, ապա, 15-20-րդ րոպեներից սկսած, արգենտինացիներն ամբողջովին տիրեցին նախաձեռնությանը և անընդհատ ճնշում էին գործադրում մրցակցի վրա՝ այդ ընթացքում կազմակերպելով մի շարք  վտանգավոր գրոհներ։ Լեհաստանի հավաքականն ամբողջ թիմով պաշտպանվում էր, և դա նրանց մոտ ստացվում էր, սակայն 39-րդ րոպեին Արգենտինան հաշիվը բացելու հրաշալի հնարավորություն ստացավ․ մրցավարը համարեց, որ տուգանային հրապարակում Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի նկատմամբ կանոնները խախտեց լեհերի դարպասապահ Վոյցեխ Շեսնին և 11 մետրանոց հարված նշանակեց Լեհաստանի հավաքականի դարպասին։ Գնդակին մոտեցավ Մեսին, սակայն նրա հարվածից հետո Վոյցեխ Շեսնին փրկեց իր թիմին։

11 մետրանոցը ձախողելուց հետո էլ Արգենտինայի հավաքականը շարունակում էր ահռելի ճնշումը մրցակցի վրա, սակայն լեհերը կարողացան դիմանալ և խաղակեսն ավարտել առանց գնդակ բաց թողնելու։

2-րդ խաղակեսի մեկնարկին արգենտինացիներն, ի վերջո, կարողացան բացել խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ալեքսիս Մակկալիստերը։ Լեհաստանի հավաքականն անգամ բաց թողած գոլի հետո չկարողացավ ուշքի գալ․ արգենտինացիները խաղում էին մեծ առավելությամբ, իսկ լեհերը միայն պաշտպանվում էին՝ առջևի գծում ոչ մի հնարավորություն չունենալով։ 67-րդ րոպեին Արգենտինան կրկնապատկեց իր առավելությունը․ գոլի հեղինակ դարձավ Խուլիան Ալվարեսը։ Լեհաստանի հավաքականին այս գոլն էլ ուշքի չբերեց․ լեհերը ցուցադրում էին դժգույն ու անհրապույր խաղ։ Արգենտինան բոլոր առումներով գերազանցում էր մրցակցին։ Լեհաստանի հավաքականը հույսը դրել էր զուգահեռաբար ընթացող խաղի վրա, որտեղ Մեքսիկան հաղթում էր այնպիսի հաշվով, որը լրացուցիչ ցուցանիշներով առավելություն էր ապահովում լեհերի համար։ Խաղավերջում արդեն Արգենտինայի հավաքականը թուլացրեց ճնշումը և առաջ գնալու ցանկություն առանձնապես չուներ։ Ավելացված ժամանակում Արգենտինայի կազմում գոլի հեղինակ կարող էր դառնալ Տալյաֆիկոն, սակայն Լեհաստանի պաշտպանը վերջին պահեց կանգնեց գնդակի ճանապարհին։ Ի վերջո խաղն ավարտվեց Արգենտինայի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Արգենտինան այս հաղթանակի արդյունքում վաստակեց 6 միավոր, գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը և փլեյ-օֆֆում կխաղա Ավստրալիայի հավաքականի դեմ, որը A խմբից դուրս է եկել երկրորդ հորիզոնականով։ C խմբի երկրորդ ուղեգիրն էլ նվաճեց 4 միավոր վաստակած Լեհաստանի հավաքականը և փլեյ-օֆֆում կխաղաղ A խմբի առաջատար Ֆրանսիայի հավաքականի հետ։

Սաուդյան Արաբիա-Մեքսիկա դիմակայությունում էլ առավել ուժեղ գտնվեցին մեքսիկացիները։ Մեքսիկայի հավաքականը երկրորդ խաղակեսում շատ արագ կարողացավ երկու գոլի առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ։ 47-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էնրի Մարտինը, իսկ 52-րդ րոպեին իր թիմի առավելությունը տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով կրկնապատկեց Լուիս Չավեսը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեհաստանը զուգահեռաբար ընթացող խաղում պարտվում էր 2-0 հաշվով՝ Մեքսիկային ևս մեկ գոլ էր անհրաժեշտ, որպեսզի լրացուցիչ ցուցանիշներով շրջանցի լեհերին և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճի։ Մեքսիկացիներն ամբողջ թիմով առաջ էին նետվել այդքան բաղձալի գոլը խփելու համար, սակայն այդպես էլ նրանց դա չհաջողվեց։ Ավելին, մրցավարի ավելացրած ժամանակում Սաուդյան Արաբիան խորտակեց մեքսիկացիների բոլոր հույսերը։ Սաուդյան Արաբիայի կազմում գոլի հեղինակ դարձավ Սալեմ Ալ Դոսարին։ Սաուդյան Արաբիա-Մեքսիկա՝ 1-2։  Մեքսիկան վաստակեց 4 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Լեհաստանին և զբաղեցրեց միայն երրորդ հորիզոնականը։ Սաուդյան Արաբիան էլ մնաց 3 միավորով և եզրափակում է աղյուսակը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս