Ավագանու նիստում հարցերը նաև չզեկուցվո՞ղ կլինեն

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումները՝ Երևան քաղաքի ավագանին 2009 թվականի հունիսի 18-ի թիվ 1-Ն որոշմամբ ընդունել է Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը՝ կարգավորելով Երևան քաղաքի ավագանու նիստերի գումարման, նիստերում հարցերի քննարկման կարգը: Գործնականում, ավագանու նիստի օրակարգում ներառվում են նաև այնպիսի հարցեր, որոնց զեկուցվող հարցերին ներկայացվող ընթացակարգին համաձայն քննարկելու անհրաժեշտությունը բացակայում է:

Նկատի ունենալով նշվածը՝ ավագանու նիստի ընթացակարգի, ինչպես նաև ավագանու նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով Նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի թիվ 1-Ն որոշմամբ նախատեսել կարգավորումներ, որոնք ուղղված կլինեն նաև նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի քննարկման կարգավորմանը: Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ավագանու նիստի օրակարգում ներառված հարցերը կարող են նշվել որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից:

Քվորումի առկայության դեպքում՝ նիստը վարողը հրապարակելու է ավագանու նիստի օրակարգի նախագիծը՝ օրակարգային չզեկուցվող հարցերը և զեկուցվող հարցերի քննարկման հաջորդականությունը: Ավագանու անդամները, որոշման հավելվածով սահմանված կարգով հերթական նիստի օրակարգի, այդ թվում՝ չզեկուցվող հարցերը զեկուցվող հարցերին ներկայացվող ընթացակարգին համաձայն քննարկելու վերաբերյալ կարող են ներկայացնել առաջարկություններ:

Օրակարգի հաստատումից հետո, առանց զեկուցման և որոշման հավելվածի 114-րդ կետի 6-12-րդ ենթակետերով սահմանված գործողությունների իրականացման, առաջնահերթ քվեարկության են դրվելու օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերը: Նախագծով նախատեսվում է սահմանել նաև, որ օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերը քվեարկվելու են մեկ քվեարկությամբ, ընդ որում՝ ավագանու անդամի կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկությունը համարվելու է համապատասխանաբար կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկված յուրաքանչյուր նախագծին:

Կարդացեք նաև

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ավագանու նիստում ներկայացնելով նախագիծը՝ ասաց, որ նախապես կնշվեն հարցերը, որոնք, ըստ քաղաքապետի, կարող են  քննարկվել չզեկուցվող ընթացակարգով, իսկ, եթե ավագանու անդամը որևէ դիտարկում կունենա, ապա առաջարկը կդրվի քվեարկության:

«Թաքուն պահելու, ավագանու անդամներին լռեցնելու նպատակ նախագիծը չունի»,- շեշտեց Սուրեն Գրիգորյանը:

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը նշեց, որ այդ ամենին հասնելու շատ մեխանիզմներ կան, օրինակ, նիստերը ժամանակին սկսել, նույն հարցերը տարբեր մարդկանց կողմից չբարձրաձայնել: «Պարզապես ունեմ տպավորություն, որ կան հարցեր, որ քաղաքացիներից գաղտնի է»,- ասաց ավագանու անդամը:

Փոխքաղաքապետը շեշտեց՝ նախագծերը ինչպես կայքում հրապարակվում էին, այդպես էլ լինելու են: Ավագանու անդամները ստանալու են օրակարգը և, եթե մտավախություն կունենան, որ ինչ-որ չար միտումով ուզել են, որ հարցը չզեկուցվի, նախ ավագանու անդամները կարող են առաջարկել, որ դառնա զեկուցվող: Ելույթների ժամանակ էլ կարող են այդ հարցի մասին բարձրաձայնել:

Նախագիծն ընդունվեց 30 կողմ, 15 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս