Պաշտպանության նախարարների նոյեմբերյան պաշտոնանկությունները. հիշելով 2020-2021 թվականների իրադարձությունները

Մեկ տարի առաջ այս օրերին Ադրբեջանը հարձակողական գործողությունների միջոցով Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով տարածքային և դիրքային լուրջ առաջխաղացումներ ապահովեց ՀՀ սուվերեն տարածքում՝ որպես շարունակություն մայիսյան առաջխաղացումների:

2021-ի նոյեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: 

Նույնը նա հաջորդ օրը կրկնել էր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ և նոյեմբերի 23-ին տեղի ունեցած առցանց ասուլիսին:

«2020-ի նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքները՝ ավելի քան 40 քառակուսի կմ՝ 40-45 քառակուսի կմ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք, որը միջազգային հանրությունը դատապարտել է»,- ասել էր նա առցանց ասուլիսի ժամանակ:

Կարդացեք նաև

Իսկ մինչ այդ՝ 2021-ի մայիսի 28-ին, Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը, Ն. Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և Սև լճին՝ նշել էր, որ Սև լճի 30 տոկոսի համար չեն պատրաստվում պատերազմ սկսել:

Մինչդեռ տարբեր փաստեր վկայում էին, որ խնդիրը 30 տոկոսը չէ, այսինքն, ադրբեջանական զինուժն ավելի մեծ տարածք է վերահսկում այս հատվածում:

Ի դեպ, 2021-ի նոյեմբերի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը մանրամասն ներկայացրել էր ՀՀ ինքնիշխան տարածքում իրենց տարածքային հաջողություններն ու առաջխաղացումները:

Մասնավորապես, նշվում էր, որ իրենց ուժերի անարյուն տեղաբաշխումը հանգեցրել է տեսադիտարկման և ուղիղ կրակի ազդեցության հատվածի ընդլայնման՝ հայկական Վերիշեն գյուղի և Գորիս քաղաքի հարավ-արևելյան ուղղությամբ, ինչպես նաև՝ Շաքիի ու Իշխանասարի ուղղությամբ: Այսինքն, նրանք իրենց վերահսկողության տակ էին վերցրել Քիլիսալի լեռը:

Այս իրադարձությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատեց Արշակ Կարապետյանին և նշանակեց իր թիմակից Սուրեն Պապիկյանին՝ ավելի ուշ հայտարարելով, որ սրանով վստահության խնդիր է լուծել:

168.amգրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանից ազատվելու որոշման պատճառը դիրքեր տալ-չտալու շուրջ եղած տարաձայնություններն են եղել:

Նշենք, որ պաշտոնազրկումից և ադրբեջանական հարձակողական գործողություններից մոտ մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 7-ին, Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարի պաշտոնում այցելել էր նաև Սյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք:

Կարապետյանը շրջել էր լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին, շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։

Իսկ նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և, որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։

Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ են նրանք ազատ արձակվել։

Մեր ՊՆ-ն սա որակել էր ապատեղեկատվություն և պնդել՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

168.am-ին հայտնի էր դարձել, որ Սև լճի տարածքում հայկական կողմը, ադրբեջանական դիրքի հարևանությամբ, նոր դիրք է դրել: Սա ավելի ուշ հաստատել էին նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները:

«Արշակ Կարապետյանը «դոստուպ» է ստացել Սև լճի մոտ հասնելու՝ այն բանից հետո, երբ հայկական կողմը նոր դիրքեր է դրել այդտեղ»,- գրել էին ադրբեջանական օգտատերերը:

Ի դեպ, Կարապետյանը նոյեմբերի 8-ին մեկնել էր Արցախ, որն առաջացրել էր Ադրբեջանի դժգոհությունը: Իսկ նոյեմբերի 9-ին նախկին նախարարը մեկնել էր Մոսկվա, իսկ դրանից առաջ, 168.am-ի տեղեկություններով, ՊՆ-ում բարձրաստիճան ռուս զինվորականներ էին հյուրընկալվել:

Այսինքն, Փաշինյանը հայտնվել էր ինչ-ինչ դեպքերում խաղից դուրս վիճակում, ինչը, բնականաբար, չի հանդուրժել, Կարապետյանն էլ իր հերթին՝ չի հանդուրժել դիրքերի շուրջ սեփական որոշմանը հակադրվելը ոչ ռազմական գործչի, ավելին՝ բանակում չծառայած մեկի կողմից:

Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 3-ին ՊՆ անձնակազմին ներկայացնում էր Արշակ Կարապետյանին, հայտարարել էր, որ «ճակատագիրը հենց մեր վրա է դրել՝ այս օրակարգն առաջադրել, և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից», այնուհետ շարունակել.

«Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում»:

Իսկ օրակարգը դելիմիտացված, դեմարկացված սահմաններ ունենալն է և ապաշրջափակումը: Վերջինը, ըստ Փաշինյանի, ոչ թե ադրբեջանական, այլ հայկական օրակարգ է:

Իր հերթին՝ Կարապետյանը նշել էր.

«Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները, և չենք վերաբերվում դրանց՝ որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»:

Այսինքն, Արշակ Կարապետյանը մի կողմից՝ ակներև համաձայնել էր առաջ տանել Փաշինյանի օրակարգը, մյուս կողմից՝ ակնարկել, որ Կորպուսի հրամանատարները, ՊԲ հրամանատարն իրեն են լսում:

Չմոռանանք, որ Արշակ Կարապետյանին, որը 2016-ին ռազմական հետախուզությունն էր ղեկավարել, և Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հրամանով ազատվել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից, Նիկոլ Փաշինյանը զինված ուժեր վերադարձրեց՝ մինչ այդ նշանակելով իրեն խորհրդական:

Ինչ է ստացվում՝ սովորության համաձայն ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանը դադարել է 100 տոկոսով հավատալ Արշակ Կարապետյանին, ինչպես ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի դեպքում:

Արդեն այս տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանն ազատվեց նաև իր բարեհաճությունը վայելող և ԳՇ պաշտոնում ոչ մեկ անգամ նշանակված Արտակ Դավթյանից, որի պաշտոնավարման օրոք են տեղի ունեցել 2021-ի մայիսյան և նոյեմբերյան ադրբեջանական առաջխաղացումները, որոնց արդյունքում Ադրբեջանը կարողացավ դիրքային բարելավում ապահովել արդեն այս տարվա սեպտեմբերին:

Բայց հրթիռների գործով անցնող ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը չի փորձում ոչ իր մեղքն ընդունել սրանում, ոչ էլ անգամ վերլուծել:

Ինչ վերաբերում է Սուրեն Պապիկյանի պաշտոնավարմանը, ապա այս մեկ տարվա ընթացքում թշնամին ավելի մոտեցավ Ջերմուկին և ոչ միայն, մի քանի օրում տվեցինք ավելի քան 200 զոհ: Դեռ չենք հաշվում ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում զոհերն ու բանակի ներսում տիրող իրավիճակը:

Կարևորը՝ Սուրեն Պապիկյանին հաջողվել է ամրացնել իր դիրքերը՝ փոխելով բանակի կառավարման մոդելը, ամեն օր խոսել բարեփոխումներից, որոնք Զինված ուժերի մարտունակության առումով առանձնապես չեն երևում, զենքի խնդիրն էլ մնում է չլուծված, իհարկե, այստեղ անելիք ունի առաջին Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ:

Մեկ տարվա ընթացքում Սուրեն Պապիկյանը ոչ ասուլիս է հրավիրել, ոչ էլ լրագրողների հարցերին ճեպազրույցի տարբերակով պատասխանել, ասում է՝ բարեփոխումներն ավարտվեն՝ նոր. թե երբ կավարտվեն, պարզ չի:

Իհարկե, այնպես չէ, որ միայն Սուրեն Պապիկյանն է խուսափում ասուլիսից, ՔՊ-ականների իշխանության գալուց հետո Պաշտպանության նախարարությունը, ԳՇ-ն դադարել է հաշվետու լինել: Դե, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ինքնասուլիսներ ու ինքնահարցազրույցներ է տալիս՝ խուսափելով լրագրողների հետ ուղիղ առերեսվելուց:

Այս թեմային դեռ առանձին կանդրադառնանք:

Անդրանիկ Քոչարյանի ռազմական հակամարտությունների և հավակնությունների մասին

Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ճակատագրի հեգնա՞նք է, թե՞ պատահականություն, բայց 2020-ի նոյեմբերի գրեթե այս օրերին դարձյալ ունեցանք Պաշտպանության նախարարի փոփոխություն՝ Դավիթ Տոնոյանին փոխարինեց Վաղարշակ Հարությունյանը:

2020-ի նոյեմբերի 16-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում տարօրինակ էր համարել, որ Դավիթ Տոնոյանը հրաժարական չի տալիս:

«Պարզ հարց եմ տալու՝ էդ ՍՈւ-30-ներն ինչո՞ւ չթռան։ Ես Տոնոյանին պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, Դուք նկարահանվում էիք, նստում էիք։ Պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, երբ դուք 2016 թվականին ապրիլի 12-ին «Ազատության» հարցին, որ հակառակորդն օգտագործել է անօդաչու, Դուք ասում եք՝ անօդաչուն թանկ է, մենք գրանատամյոտով կխփենք։ Դա նշանակում է, որ նախարարի այն ժամանակվա առաջին տեղակալը չի տիրապետում այն վտանգներին, որ կարող էին օդից իրականացվել»,- շարունակել էր նա՝ մոռանալով, որ ՍՈՒ-երի մոտ առաջին հերթին հենց Փաշինյանն էր ֆոտոսեսիաներ անում:

Մի քանի օր հետո Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման:

Ի դեպ, Տոնոյան-Քոչարյան հակամարտությունը վաղուց էր սկսվել և իր պատճառներն ուներ, որի մասին մամուլը բազմիցս գրվել է: Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Տոնոյանը մերժել է Անդրանիկ Քոչարյանի առաջարկը՝ որդուն չզորակոչել Արցախ: Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում մի առիթով ակնարկել էր, որ ի սկզբանե իր սրտով չի եղել Դավիթ Տոնոյանի նշանակումը:

Ի դեպ, այս տարվա ապրիլին 168.am-ի հարցերին ի պատասխան՝ Դավիթ Տոնոյանն ասել էր.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարելու Նիկոլ Փաշինյանի առաջարկի ընդունումն իմ կողմից եղել է հաստատակամ որոշում, որը կայացրել եմ տասնամյակների պետական ծառայության ընթացքում ձևավորված պարտքի զգացումի թելադրանքով, ինչպես նաև` բազմաթիվ ընկերներիս և ՀՀ զինված ուժերի զարգացման համար մտահոգ գործընկերների քաջալերման արդյունքում: Այդ որոշումը կայացնելիս քաջ գիտակցել եմ, որ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի՝ հաշվի առնելով իմ հոգեկերտվածքը և անցած ճանապարհը»: Այնուհետ Տոնոյանը շարունակել էր, թե ավելի ուշ հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին անհրաժեշտ էր «անցումային» պաշտպանության նախարար:

«Բայց չնայած այդ թիմի առանձին անդամների անդադար ջանքերին, նա ինձ պաշտոնից չհեռացրեց անգամ պատերազմի ընթացքում: Պաշտոնավարել եմ 2.5 տարի, իմ պաշտոնանկությունից հետո անցել է 1.5 տարի, որոնց ընթացքում նշանակվել է պաշտպանության 3 նախարար, ինչը կադրային քաղաքականության որակի խոսուն ցուցիչ է»,- շեշտել էր հրթիռների գործով կալանավորված Պաշտպանության նախկին նախարարը:

Հավելենք, որ մի առվով չէին գնում նաև Անդրանիկ Քոչարյանի և ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի ջրերը:

2020-ի նոյեմբերի 18-ին 168.am-ին տված հարցազրույցում Արտակ Դավթյանը պնդել էր, որ Անդրանիկ Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն՝ մշտապես խանգարել է ԶՈւ-ին:

«Պարոն Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն՝ մշտապես խանգարել է ԶՈւ-ին, ամեն ինչ արել է, որ չլինի նորմալ, կառուցողական աշխատանք փորձել է խառնվել կադրային նշանակումներին, մատակարարումներին, որոշումների ընդունման գործընթացին։

Ընդամենը մի կարճ ժամանակամիջոց զբաղեցնելով Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ նա իրեն համարում է խոշոր ռազմական գործիչ, որը քաջատեղյակ է երկրի անվտանգության համակարգից։ Փառք Աստծո, որ ավելի բարձր պաշտոն ՊՆ-ում չունեցավ։ Իսկ որտե՞ղ էր այդ անձը պատերազմական այս օրերին։

Եթե այդքան հզոր ռազմական գործիչ է, ինչո՞ւ չհայտնվեց պատերազմական թեժ կետերից մեկում, կամ, լավ, գոնե առաջնագծից 10-15 կմ հեռավորությունից չղեկավարեց մեր զորքի շարժը և իր ռազմական գիտելիքներով և փորձառությամբ չկանխեց նահանջը կամ պարտությունը։ Թող լիներ առաջնագծում, հետևեր, թե ինչպես են ընթանում գործընթացները, ուղղորդեր՝ հաշվի առնելով Ապրիլյան պատերազմի դասերը․ չէ՞ որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահն է»,- մանավորապես, շեշտել էր Արտակ Դավթյանը՝ Ապրիլյան պատերազմի համատեքստում Անդրանիկ Քոչարյանի իրեն հասցեագրված մեղադրանքներին ի պատասխան:

Հետաքրքիր է, որ Անդրանիկ Քոչարյանն անմիջապես պատերազմից հետո ԳՇ նախկին պետ Օնիկ Գապարյանին չի մեղադրել 44-օրյա պատերազմի ելքի և բանակի վիճակի համար՝ ասելով, որ 3 ամիս է պաշտոնավարել՝ չնայած նրան, որ պատերազմի օրերին Օնիկ Գասպարյանը մերժել էր Անդրանիկ Քոչարյանի ծանոթ գործարարի՝ բանակին զենքի մատակարարման առաջարկը:

Բայց այս տարվա հուլիսին Քոչարյանը որոշեց թիրախավորել պատերազմի ժամանակ ԳՇ պետ եղած Օնիկ Գասպարյանին՝ նրան մեղադրելով «Իսկանդերի» կիրառման ձախողված պլան հաստատելու մեջ:

Իհարկե, այդ արշավը տևեց մոտ մեկ շաբաթ, և արդեն տևական ժամանակ է՝ Անդրանիկ Քոչարյանն այս մասին չի հիշում:

Հնարավոր է՝ և խոսելը, և լռելը իր պատճառներն ու քաղաքական նպատակներն ուներ և ունի:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը թեպետ ԱԺ-ում ամեն կերպ փորձում է լրագրողներից փրկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, բայց դա, բնավ, չի նշանակում, որ նա ՊՆ-ում ունի այն դերակատարումը, ինչ Վաղարշակ Հարությունյանի օրոք: Այսինքն, չի բացառվում՝ սա զուտ արտաքին ֆոնի համար է:

Արշակ Կարապետյանի ժամանակ ևս Անդրանիկ Քոչարյանը մեծ դերակատարում չուներ ՊՆ-ում, որի հասցեին, ի դեպ, մեղադրանքներ, մեծ հաշվով, չի էլ հնչեցրել Ապրիլյան պատերազմի համատեքստում:

Իսկ Սուրեն Պապիկյանը, չի բացառվում, որ հեռուն գնացող նպատակներ ունենա, որից գուցե Նիկոլ Փաշինյանն էլ ինչ-որ պահի կարող է զգուշանալ: Այսինքն, ունենանք երրորդ դեպքը, երբ Նիկոլ Փաշինյանը կորցնի 100 տոկոս վստահությունը…

Տեսանյութեր

Լրահոս