«Ես չեմ վերլուծում դրանք». Արտակ Դավթյանը՝ 2021-ի մայիսյան ադրբեջանական առաջխաղացումների և վերջին գործողությունների կապի մասին
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանել է 168.am-ի՝ երեկվանից ադրբեջանական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի շուրջ հարցերին:
– Կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել ՀՀ-ի դեմ՝ Գորիսի, Սոթքի, Վարդենիսի և Ջերմուկի ուղղություններով՝ հրետանային միջոցների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ: Ասում են՝ այս պահի դրությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրադրությունը:
– Դրա վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պետք է ինֆորմացիա տա:
– Ինֆորմացիա նախարարությունը տալիս է, Դուք՝ որպես ԳՇ նախկին պետ, ասելիք չունե՞ք: Ի վերջո, Ձեր պաշտոնավարման ժամանակ մայիսին ադրբեջանական առաջխաղացումները տեղի ունեցան: 2021-ի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը երեք ուղղություններով ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացավ մի քանի կիլոմետր խորության վրա՝ Գեղարքունիքի, Սյունիքի հատվածներում, որի հետևանքն ենք այսօր նաև կրում:
– Մեկը մյուսի հետ ոչնչով կապ չունի:
– Ինչո՞վ կապ չունի: Ըստ էության, այդ ժամանակ Ադրբեջանը բացահայտ ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիք, Սյունիք:
– Դա ի՞նչ կապ ունի:
– Այդ առաջխաղացումները նոր առաջխաղացումների հանգեցրին, կապ չունի՞:
– Միգուցե՝ ոչ: Ես չգիտեմ, ես չեմ վերլուծում դրանք:
– Իսկ ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում՝ որպես զինվորական, գեներալ:
– Ունենալ ուժեղ բանակ: Սա՝ բանակի մասով, իսկ մնացած հարցերը քաղաքականության տիրույթում են: Մեզ առաջին հերթին ուժեղ անվտանգային համակարգ է պետք, բնական է՝ Զինված ուժեր: Մենք ուրիշ տարբերակ չունենք:
– Բայց արդյո՞ք այդ ուղղությամբ քայլեր արվում են:
– Այդ հարցով պետք է դիմեք ՊՆ-ին, բայց, իհարկե, քայլեր արվում են, բայց ծավալի և այլնի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ այս պահի դրությամբ: