Բաժիններ՝

Հայաստանում հույս ունեն, որ Մատենադարանում անցկացված միջազգային գիտաժողովի նյութերը կհրատարակվեն ամբողջական հատորով

«Անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնությունները» խորագրով միջազգային քառօրյա գիտաժողովին Հայաստանի և արտերկրի մասնագետները ավելի քան 30 զեկույց են ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Մատենադարանի տնօրեն Արթուր Տեր-Ղևոնդյանը:

«Ընդունեցինք գիտաժողովն այստեղ կազմակերպելու առաջարկը, քանի որ վստահ ենք, որ գիտելիքի և փորձի փոխանակումը գիտության զարգացմանը տանող հզոր ազդակ է: Քառօրյա գիտաժողովը նոր ծանոթությունների, համատեղ ծրագրեր կազմելու, նոր համագործակցություններ ձեռք բերելու լավագույն հարթակն է»,- նշեց Տեր-Ղևոնդյանը:

Նրա խոսքով՝ գիտաժողովին մասնակցել են հին հունարենի և լատիներենի համաշխարհային հռչակ ունեցող մասնագետներ, նաև երիտասարդ գիտնականներ:

«Հայաստանի գիտնականների և արտասահմանյան մասնագետների կապերը միայն դրական արդյունք կարող են տալ: Հույս ունենք, որ մյուս տարի գիտաժողովի նյութերը կհրատարակվեն մեկ ամբողջական հատորով»,- նշեց նա:

Գիտաժողովին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից՝ այդ թվում, ԱՄՆ-ից, Իսպանիայից: Մասնագետների հիմնական մասը Ռուսաստանից են եղել: Մատենադարանի գործընկեր Բորիս Նիկոլսկին, կարևորելով գիտաժողովը, նշեց, որ այն հրաշալի առիթ էր միջազգային նոր գործընկերներ ձեռք բերելու համար:

«Աշխարհաքաղաքական այս իրավիճակում Հայաստանը դարձավ այն վայրը, որտեղ հանդիպեցին գիտնականներ Ռուսաստանից և Արևմուտքից: Գիտաժողովը մեզ համար նոր հնարավորություններ բացեց: Ծանոթ չէինք գրաբարին, հին հայկական մշակույթին: Գիտաժողովի ընթացքում այլազգի մասնագետները կիսվել են իրենց գիտելիքներով և փորձով, որոնք կարող են կիրառել տեղի մասնագետները: Գիտաժողովը փորձի փոխանակման լավագույն հարթակը դարձավ»,- ասաց Բորիս Նիկոլսկին:

Նոյեմբերի 1-4-ն անցկացվող գիտաժողովի կազմակերպիչներն էին Մատենադարանը, Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտը և Ակտուալ հումանիտար հետազոտությունների դպրոցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս