Ե՞րբ կլինի գնիջեցում․ պարզաբանում է ԿԲ նախագահը
Քաղաքացիները ե՞րբ ականատես կլինեն գնիջեցման՝ ՀՀ գլխավոր դրամատանը հրավիրված ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվեցին լրագրողները:
Ի պատասխան՝ Մարտին Գալստյանը մանրամասնեց. «Մենք մյուս տարվա համար, մեր կանխատեսումներով, ակնկալում ենք, որ համաշխարհային ապրանքային շուկաներում որոշակի նվազում արդեն կսկսվի դիտվել: Բնականաբար, շատ դժվար է կանխատեսել պրոցեսները, որոնք տնտեսական հարթությունից դուրս են»:
ԿԲ նախագահը հավելեց՝ պետք է ակնկալել ավելի մեղմ սցենարներ, որովհետև ԵՄ գոտում, ԱՄՆ-ում, Չինաստանում 2023թ.-ի համար կանխատեսվում են ավելի ցածր տնտեսական աճեր:
Ըստ Մարտին Գալստյանի՝ հայաստանյան տնտեսվարողները ևս պետք է ճշգրտեն թվերը՝ դեպի ներքև:
«Հիմնական գործոնը, որ կարող է այդ գործընթացը դանդաղեցնել կամ խոչընդոտել, այս ահռելի պահանջարկն է, որը ստեղծվել է միջազգային այցելուների կողմից։ Տնտեսությունում գերտաքացած իրավիճակ է. խանութներում հերթեր են, այնպիսի ապրանքների ու ծառայությունների գներն են աճում, որ ես չեմ հիշում, թե Հայաստանում վերջին անգամ երբ էին թանկացել»,- նշեց ԿԲ նախագահը։
2022թ.-ի սեպտեմբերի դրությամբ, 9-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9.9 տոկոս։