Երկակի ստանդարտներ՝ պետական և մասնավոր, միջպետական բուհերի տեղափոխման հարցում

«Թավշյա հեղափոխական» գործող իշխանությունները բուհական համակարգի արմատական բարեփոխումների սկիզբ հայտարարեցին 2018 թվական ապրիլի 13-ը, երբ «կոտրելով» Մայր բուհի դիմադրությունը՝ մտան ներս: Մասնագիտական ու փորձագիտական շրջանակները, սակայն,  շուտով արդարացիորեն ահազանգեցին՝ նախկինում բուհերի քաղաքականացման դեմ պայքարողները, գալով իշխանության, արեցին ճիշտ հակառակը:

2021թ. մարտի 28-ին հայտարարվեց արմատական բարեփոխումների «երկրորդ փուլի մասին».  Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանրայնացրեց բուհերի մասին իր մտորումները «Կա այսպիսի մի գաղափար, Երևան քաղաքի բուհերի շենքերը, եթե ոչ ամբողջը, ապա գոնե մի մասը, հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք»:

Ճիշտ 1 տարի և 5 ամիս անց՝ 2022թ. հուլիսի 28-ին, այս «գաղափարը» հավանության արժանանացավ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծի» շրջանակներում:

2022թ. սեպտեմբերի 1-ին այս առնչությամբ  կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց. «Այս ոլորտում մենք մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ: Մենք արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող, նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ»:

Կարդացեք նաև

Ու մինչ մասնագիտական շրջանակները կփորձեին քննարկել այս նախաձեռնության դրական ու բացասական կողմերը, կառավարությունն անցավ գործի.  սկզբում կուլիսներում, ապա նաև բացահայտ սկսեց շրջանառվել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի միավորման նախագիծը:

Նկատենք՝ ՀՀ բուհական համակարգը միայն ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող 16 պետական բուհերը չեն, այլ մասնավոր և  միջպետական բուհերը, օտարերկրյա բուհերի մասնաճյուղերը, հետևաբար, այս գործընթացներում այդ բուհերի անունները չշրջանառելը օբյեկտիվ հարցադրումներ է առաջ բերում:

168.amը որոշեց այս առնչությամբ պարզաբանումներ լսել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից:

Նախարարից հետաքրքրվել էինք, թե

  • ի՞նչ սկզբունքով են միավորվում բուհերը. հաշվի առնվո՞ւմ է բուհերի ռեյտինգայնությունը: Եթե այո, ապա ի՞նչ ռեյտինգային համակարգով եք առաջնորդվում:
  • արդյո՞ք միավորման գործընթացն առնչվելու է նաև մասնավոր բուհերին, նաև՝ միջպետական բուհերին, օրինակ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանին, Հայ-Ռուսական և Հայաստանում Ֆրանսիական համալսարաններին:
  • արդյո՞ք մասնավոր բուհերը և, օրինակ, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Հայ-ռուսական (սլավոնականհամալսարանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ևս պետք է տեղափոխվեն քաղաք Աշտարակ:

Մեր գրավոր հարցադրումներին պատասխանել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

«Երևանում գործող 12 պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հենքի վրա նախատեսվում է կազմավորել մինչև 8 տարբեր ուղղվածության բուհ, իսկ բուհերի և գիտական կազմակերպությունների միավորման (ըստ ուղղվածության) ու Ակադեմիական քաղաք առաջնահերթ տեղափոխման ենթակա բուհերի վերաբերյալ շատ հարցեր դեռևս քննարկման փուլում են: Նշենք նաև, որ նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեություն իրականացնող միջպետական համաձայնագրերով ստեղծված և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների միավորում չի դիտարկվել, և Ակադեմիական քաղաք բուհերը կարող են տեղափոխվել՝ ըստ իրենց ցանկության»,- նշել էր փոխնախարարը՝ չհստակեցնելով, թե ինչո՞ւ չի դիտարկվել միջպետական համաձայնագրերով ստեղծված և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների միավորում: Եվ, ի վերջո, ինչու պետք է «այդ գաղափարի» թրի տակով անցնեն միայն պետական բուհերը:

Տեսանյութեր

Լրահոս