«Իրեն հարգող որևէ հաստատություն նման անհեթեթ սխալներով փաստաթուղթ երբեք շրջանառության մեջ չի դնի». Տիգրան Թորոսյան

«Սկզբում ես չէի հասկանում, թե ինչպես կարելի է կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ դնել ու չուղարկել այն համալսարաններ, որոնց դա վերաբերում է: Այժմ այս փաստաթուղթը ձեռքի տակ ունենալով՝ ամեն ինչ պարզ է. իսկապես պետք է ամաչել նման փաստաթուղթ որևէ տեղ ուղարկելուց՝ ոչ միայն խայտառակ սխալների, թերությունների պատճառով, այլ նաև՝ անբովանդակ լինելու»,- Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստում իր ելույթն այսպես սկսեց Ազգային ժողովի նախկին նախագահ, համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքականության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս պահին Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստ է ընթանում, որի օրակարգում մեկ հարց է՝ ««Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» և «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամները Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու» մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումը:

Ըստ նրա՝ խնդիր լուծելուց առաջ պետք է բացահայտել խնդիրը, սահմանել նպատակները և առաջարկել լսումներ, մինչդեռ այս փաստաթղթի հիմնավորում կոչվող հավելվածը բացարձակապես ոչ մի հարցի չի պատասխանում։

«Որևէ հղում չեք տեսնի, որևէ փաստաթղթի հիշատակում չեք տեսնի՝ բացի կառավարության ընդունած, կամ ԱԺ հաստատած որոշ փաստաթղթերի, իսկ որոշ փաստաթղթեր էլ գտնվում են դեռևս նախագծի փուլում, չեն ընդունվել, այսինքն՝ չընդունված փաստաթղթի է հղում արվում:

Կարդացեք նաև

«Նպատակ» փորձել են սահմանել՝ չնայած անգամ այդ դեպքում ակնհայտ թերություններ, սխալներ ու հակասություններ կան: Օրինակ, ասվում է, որ արդյունավետ կառավարման և զարգացման հեռանկար ունեցող բարձրագույն կրթական համակարգ ունենալու նպատակը հրատապ է դարձնում բուհերը խոշորացնելու խնդիրը: Չի կարող լինել որևէ ողջամիտ մարդ, որը նման նպատակի համար համարի միջոց խոշորացումը. սա անհեթեթություն է պարզապես:

Քիչ հետո ասում են, որ որոշումը պայմանավորված է մանկավարժական կրթության արդիականացման պահանջից: Նկատեցիք, որ անհեթեթություն է:

Սա անհարգալից վերաբերմունք է պետության և կառավարության նկատմամբ և անհարգալից վերաբերմունք է հենց նախարարության նկատմամբ, որովհետև իրեն հարգող ցանկացած հաստատություն նման անհեթեթ սխալներով ու թերություններով փաստաթուղթ երբեք շրջանառության մեջ չի դնի»,- մանրամասնեց Տիգրան Թորոսյանը:

Նրա գնահատմամբ՝ այս որոշումը շրջանառելուց առաջ որևէ հետազոտություն չի արվել, ինչն անհրաժեշտ էր, իսկ բերված միջազգային փորձի օրինակներն անհամարժեք են:

«Մեզ ասում էին՝ Ֆրանսիա, Շվեդիա՝ որպես օրինակներ. Եվրոպայում պետական բուհերն իրենց կրթական համակարգերում ունեն բոլորովին այլ նպատակ և դերակատարություն, որովհետև կրթության զարգացման հետ կապված հիմնական դերակատարումն ունեն մասնավոր բուհերը, հետևաբար՝ այնտեղ պետական բուհերի հետ կապված քայլերը բացարձակապես համադրելի չեն մեր իրականության հետ»,- շեշտեց Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքականության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս