Բրյուսովում գիտխորհրդի նիստ է. Վահրամ Դումանյանը հրավերը չի ընդունել․ ՈՒՂԻՂ
Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրվել. օրակարգում մեկ հարց է՝ ««Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» և «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամները Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու» մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումը:
«Որոշման նախագիծը մեզ հանձնվել է հոկտեմբերի 14-ին՝ մեր խնդրանք-նամակին ի պատասխան: Մենք դրանից հետո այդ որոշումը շրջանառել ենք համալսարանի բոլոր ստորաբաժանումներում, տրամադրել ենք ուսանողական խորհրդին, և այսօր առաջարկվել է հրավիրել ընդլայնված նիստ՝ քննարկելու որոշման նախագիծը:
Այսօրվա նիստին մենք կրկին հրավիրել էինք ԿԳՄՍ նախարար պարոն Դումանյանին, սակայն նա մեր հրավերը չի ընդունել»,- նիստի մեկնարկին հայտարարեց Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:
Հիշեցնենք՝ կառավարության որոշման նախագծի հանրայնացումից հետո Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն օրեր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ «Բրյուսովի ուսանողը հաղթելու է», «Մենք պահանջում ենք արդարություն», «Չենք ձուլվելու» վանկարկումներով:
Հոկտեմբերի 14-ին ևս համալսարանում գումարվել է գիտական խորհրդի նիստ, և չնայած հրավեր էր ուղարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, նրանք չէին մասնակցում նիստին: